Լրահոս

08.09.2011 15:43


Երևանի «Արևորդի» էկոակումբի Ֆիլմը գերմանական փառատոնում հաղթող է ճանաչվել

Գերմանական NaturVision (Բնության Տեսլական) փառատոնում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի/FPWC/ «Ես համաձայն չեմ» ֆիլմն արժանացել է մրցանակի: Ամենամյա փառատոնն արդեն տասը տարի է, ինչ անցկացվում է Բավարիայի անտառների շրջանում գտնվող Նոյշյոնաու (NeuschՓnau) փոքրիկ քաղաքում: Վերջինս իր տեսակի մեջ առավել կարևոր փառատոններից մեկն է Գերմանիայում:  «Արևորդի» էկոակումբի պատանի սաներ Աննա Պետրոսյանի, Բերտա Մարտիրոսյանի, Սոֆա Պապյանի, Սիրարփի Չիբուխչյանի, Մարիամ Ավագյանի, Տիգրան Սիմոնյանի, Անահիտ Սարոյանի, Անուշ Մկրտչյանի, Ջուլիետա Սաֆարյանի, Էլինա Ալավերդյանի կողմից նկարահանված  թափառող շների խնդրի մասին պատմող ֆիլմը ներկայացրել էին «Նորեկների և սիրողականների մրցանակ» անվանակարգում:

NaturVision-ի ժյուրին այս անվանակարգում առաջին մրցանակ չշնորհեց. ներկայացված ֆիլմերից և ոչ մեկը  չէր համապատասխանում բարձր որակի պահանջի չափանիշներին: Սակայն, նրանք շնորհեցին  երկրորդ մրցանակ և այն առանց որևէ քննարկման հանձնվեց «Արևորդի» էկոակումբի սաների կողմից նկարահանված «Ես համաձայն չեմ» ֆիլմին:

Միջազգային ժյուրիի անդամներն արձանագրել են, որ ֆիլմը տպավորիչ կերպով անդրադառնում է Երևանում թափառող շների խնդրին:

«Ես համաձայն չեմ» Ֆիլմն այս տարի կմասնակցի նաև հոկտեմբերին կայանալիք «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնին: Ֆիլմը հասանելի է tvsunchild.am կայքում (http://tv.sunchild.org/index.php?id=31&L=2&tx_ttnews[tt_news]=113&cHash=f239845d044a5a732c19d24017e8f553):

Այս խորագրի վերջին նյութերը