Լրահոս

08.09.2011 12:16


Դատավորը ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը

Բաց նամակ ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին

Այսօրվա մամուլիս տեղեկացա, որ, մեջբերում եմ՝ «Երեկ ՀՀ դատական պատմության մեջ աննախադեպ որոշում է կայացվել. դատարանը ոչ միայն կալանք է դրել «Հրապարակ» օրաթերթի գույքի վրա, այլև որոշմամբ թերթին արգելել է տվյալ դատական գործի վերաբերյալ  հրապարակումներով հանդես գալ։ Որոշումը կայացրել է Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Կարինե Պետրոսյանը, և որ ամենահետաքրքիրն է՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանի հայցի հիման վրա։ Այս մասին հայտնի է դարձել այն բանից հետո, երբ ԴԱՀԿ մի աշխատակից երեկ ներկայացել է «Հրապարակի» խմբագրություն և տեղեկացրել, որ դատարանը արգելանք է դրել օրաթերթի գույքի և խոսքի ազատության վրա» (այս մասին գրել է «Հայկական ժամանակ» օրաթերթը, սույն մեջբերումը կատարված է ըստ tert. am կայքի http://tert.am/am/news/2011/09/08/hzh/

Պարոն նախարար, իբրեւ հայցի ապահովման միջոց գույքի վրա կալանք դնելը դեռ ինչ-որ տեղ կարելի հասկանալ, սակայն հրապարակումներով հանդես գալու արգելանքը խոսքի ազատության աղաղակող ոտնահարում է:

Համեստ փորձագետիս կարծիքով Դատավորն այդ որոշմամբ խախտել է ՀՀ Սահմանադրությունը: Հիմնավորեմ. խոսքի ազատությունը ամրագրված է Սահմանադրության 27-րդ հոդվածում, համաձայն որի՝ «Յուրաքանչյուր ոք ունի խոսքի ազատության իրավունք, ներառյալ՝ տեղեկություններ եւ գաղափարներ փնտրելու, ստանալու, տարածելու ազատությունը, տեղեկատվության ցանկացած միջոցով՝ անկախ պետական սահմաններից։ Լրատվամիջոցների եւ տեղեկատվական այլ միջոցների ազատությունը երաշխավորվում է»։

Այս իրավունքը, համաձայն Սահմանադրության 43-րդ հոդվածի կարող է սահմանափակվել «ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների եւ ազատությունների, պատվի եւ բարի համբավի պաշտպանության համար» (ընդգծումը իմն է – Մ. Հ.),

«ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ », ասված է Սահմանադրության մեջ. չեմ կարծում թե ինչ-որ մի դատավորի որոշումը օրենք է:

Այնուհետեւ, դատավորը ոտնահարել է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքը, որի 4-րդ հոդվածի 3-րդ մասում, հատուկ խոսքի ազատության թշնամիների համար, ամրագրված է.

«3. Արգելվում է՝

1) գրաքննությունը.

2) որեւէ տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանքը լրատվական գործունեություն իրականացնողի եւ լրագրողի նկատմամբ»:

Իր որոշմամբ դատավորը միանգամից երկու ապօրինություն է թույլ տվել. ա) Լրատվական գործունեություն իրականցնողի նկատմամբ կիրառել է տեղեկատվություն տարածելուն կամ դա տարածելուց հրաժարվելուն նպատակաուղղված կամ դրան հանգեցնող հարկադրանք, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է բ) ըստ էության գրաքննություն է նախատեսել թերթի նկատմամբ, ինչն ԱՐԳԵԼՎԱԾ է:

Կարծում եմ Հայաստանում խոսքի ազատության ոտնահարման այս աղաղակող փաստը պետք է արաժանանա խիստ դատապարտման, եւ ձեր կողմից պետք է կիրառվեն համապատասխան միջոցառումներ, որպեսի այն վերացվի ու այլեւս երբեք եւ որեւէ մեկի կողմից չկիրառվի, ինչքան հզոր պաշտոնյաներիի շահերը պաշտպանելուն էլ որ այն միտված լինի:

Մեսրոպ Հարությունյան

ՀՀ քաղաքացի

Այս խորագրի վերջին նյութերը