Տնտեսական

25.08.2022 20:53


«Մարդ կա՝ 100 միլիոնից ավելի ապրանքը մոխրացել է․Կառավարությունը, կոպիտ ասած, իր վրայից գցում է պատասխանատվությունը․․․»․ Սուրմալուի տուժած տնտեսվարողներ (տեսանյութ)

«Մարդ կա՝ 100 միլիոնից ավելի ապրանքը մոխրացել է․Կառավարությունը, կոպիտ ասած, իր վրայից գցում է պատասխանատվությունը․․․»․ Սուրմալուի տուժած տնտեսվարողներ (տեսանյութ)

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը երեկ լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունին և դրա հետևանքով տուժած տնտեսվարողների կրած վնասներին, ասաց, որ Կառավարությունը տուժած տնտեսվարողներին փոխհատուցում չի տրամադրելու։

Քերոբյանը պարզավանեց, որ նման որոշման են հանգել, քանի որ «Սուրմալու» տոնավաճառում աշխատող գործարարները չէին ապահովագրել իրենց գույքը:

«Կառավարությունը չի կարող իր վրա գործառույթ վերցնել և փոխհատուցել այն ծախսը, որը ապահովագրական ընկերությունը պետք է փոխհատուցեր: Եթե գործարարը այդ ռիսկը մեծ չի համարել, ապա կառավարությունը անելիք չունի այստեղ»,-ասել էր նախարարը:

168.am-ն այսօր եղել է «Սուրմալու» առևտրի կենտրոնում, տեղի անվտանգության աշխատակիցները թույլ չտվեցին տարածքում նկարահանում իրականացնել, ուստի առանց տեսախցիկի զրուցեցինք տուժած տնտեսվարողների հետ։

«Էստեղ բոլոր աշխատողները՝ սկսած մանր առևտուր անողից մինչև խոշոր բիզնեսով զբաղվողներ, բոլորը վարկերով են այս գործարքներն արել, տուն-տեղ գրավ դնելով, գործ են դրել։ Դե հիմա պատկերացրեք, թե քանի ընտանիք է վարի գնալու։ Մարդ կա՝ 100 միլիոնից ավելի ապրանքը վառվել-մոխրացել է․․․ Էսօր չգիտի, թե ինչ անի։ Նախարարը, որ ասում է՝ ապահովագրեին, համաձայն ենք, բայց ոչ մի ապահովագրական ընկերություն չէր գա «Սուրմալու»-ի այս տաղավարները ապահովագրեր։ Քերոբյանի հայտարարությունից հասկացանք, որ Կառավարությունը, կոպիտ ասած, իր վրայից գցում է պատասխանատվությունը, տպավորություն է, որ, եթե ոտքներս գազին դնենք, փորձելու են շուկայի տնօրինության միջոցով մեզ փոխհատուցում տալ, բայց սա ևս ենթադրություն է։

Էս պահին ուղղակի ամենքս գալիս, մեր վառված խանութները նայում՝ գնում ենք։ Ոստիկաններն էլ առավոտից գիշեր էստեղ են, չեն թողնում մտնենք մեր տարածքները, ասում են՝ քննչական գործողություններ են ընթանում, արգելված է։ Բացի այդ, էս վառված շենքի փլուզման վտանգ կա։ Չգիտենք՝ ինչ ասենք։ Էս պահին դեռ տուժած տնտեսվարողներով որևէ որոշման չենք հանգել, եթե որևէ բան որոշենք, դուք անպայման տեղյակ կլինեք»,-ասացին մեր զրուցակիցները։

Այս խորագրի վերջին նյութերը