Տնտեսական

24.08.2022 16:08


ՀՀ-ում շարունակվող երկնիշ գնաճի ֆոնին թոշակները կավելանան 1900 դրամով

ՀՀ-ում շարունակվող երկնիշ գնաճի ֆոնին թոշակները կավելանան 1900 դրամով

Կառավարության նիստում հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 1-ից կենսաթոշակների ու նպաստների չափերը կավելանան: Այսպես նվազագույն կենսաթոշակի չափը կկազմի 30 500 դրամ 28 600 դրամի փոխարեն: Այսինքն կավելանա 1900 դրամով, մոտ 7 տոկոսով: Փաշինյանն էլ ասաց, որ փոփոխությունը պետք է տեղի ունենար հաջորդ տարվա սկզբին, բայց հիմա են անում: Ասել է, թե լավություն են անում:

Թե ինչ կփոխի 1900 դրամը թոշակառուի կյանքում, դժվար է ասել, կամ ավելի ճիշտ, չասենք: Առաջարկում ենք թոշակի 7 տոկոսանոց բարձրացման ֆոնին ծանոթանալ ՀՀ-ում վերջին ամիսներին արձանագրված գնաճին: Ի դեպ, խոսքը պաշտոնական թվերի մասին է:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ 2022 թվականի հունիսին նախորդ տարվա հունիսի նկատմամբ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գներն աճել են 17,1 տոկոսով, հագուստ և կոշիկը՝ 10,5 տոկոսով, բնակարանային ծառայությունները (ջուր, էլեկտրաէներգիա, գազ)՝ 6,7 տոկոսով։

Երկնիշ գնաճ է նկատվել հացաբուլկեղենի և ձավարեղենի (19,9%), մսի (11,6%), կաթնամթերքի և ձվի (11%) գներում։ Բանջարեղենի և մրգերի գները աճել են համապատասխանաբար 45,8 և 16,2 տոկոսով։ Ամենափոքր աճը եղել է ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների (8,1%), շաքարի և շաքարավազի (6,9%) և յուղերի և ճարպերի (5,1%) գներում։

Նշենք նաև, որ 2021 թվականին էլ Հայաստանում արձանագրվել էր վերջին տասը տարվա ամենաբարձր գնաճը՝ 7,7 տոկոս։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը