Քաղաքական

24.08.2022 16:03


Սեպտեմբերի 2-ին Արցախում հանրահավաք տեղի կունենա. Մետաքսե Հակոբյան․ «Փաստինֆո»

Սեպտեմբերի 2-ին Արցախում հանրահավաք տեղի կունենա. Մետաքսե Հակոբյան․ «Փաստինֆո»

Սեպտեմբերի 2-ին Արցախում հանրահավաք տեղի կունենա, որի ընթացքում նոր ձևավորված «Հանուն Արցախի պաշտպանության» շարժումը հանրության կողմից հստակ պահանջներ կներկայացնի Արցախի իշխանություններին:

«Փաստինֆո»-ի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգավոր Մետաքսե Հակոբյանը պարզաբանեց, որ պահանջները վերաբերելու են սոցիալական և անվտանգային մի շարք խնդիրներին:

Նրա փոխանցմամբ՝ «Հանուն Արցախի պաշտպանության» շարժման համակարգողները ձևավորել են ջոկատներ, որոնք քաղաքներում ու գյուղերում հանդիպումներ են ունենում քաղաքացիների հետ՝ նրանց պահանջները հասկանալու համար, այս պահին դրանց խմբագրմամբ են զբաղված.

«Շատ-շատ են պահանջները՝սկսած անվտանգայինից՝ մինչև սոցիալական խնդիրներ, որոնք ահասարսուռ չափերի են հասել Արցախում: Օրինակ, ես պահանջել եմ ցույց տալ եռակողմ հայտարարություն՝երեք ստորագրություններով, ինչպես նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որով նոր երթուղուն տրվում է միջանցքի կարգավիճակ: Հայկ Խանումյանն ասում է, թե միջանցքի տրամաբանությամբ է նոր երթուղին լինելու, բայց երբ պահանջում ես ստորագրություններով փաստաթուղթ, չկա այդպիսի բան,ստացվում է՝ նորից ծուղակն են գցում մարդկանց: Քաղաքացիներից շատերն էլ ասում են՝ ինչո՞ւ պետք է Հայկ Խանումյանը գնա ու մարդկանց տներից հանի, վախեցնի և պահանջում են նրա անհապաղ հրաժարականը, այս պահանջը ևս ներկայացվելու է: Պետք է առաջին օրվա համար ընտրվեն պահանջներ, որոնք հնարավոր կլինի արագ կատարել և դրանից հետո արդեն մյուսները կներկայացվեն»,-ասաց Հակոբյանը:

Պատգամավորի խոսքով՝ հանրային պահանջները ներկայացվելու են անմիջապես Արցախի կառավարությանը և հենց այդ պահին էլ պարզաբանումներ են պահանջելու դրանց լուծման հետ կապված.

«Չի լինելու այնպես, որ ասենք ՝ լավ ժողովուրդ, այսօր հավաքվեցինք, եկեք գնանք, վաղը կհանդիպենք: Կառավարության ղեկավարը պետք է իջնի և պարզաբանումներ տա ժողովրդի ներկայությամբ, այնպես չի լինելու, որ ժամկետ տանք, ո՛չ, նույն պահին պետք է արվեն գործողությունները, պարզաբանումներ տրվեն: Պարզապես հանրահավաք չի լինելու ու տուն գնան, հստակ հանրային պահանջներ են ներկայացվելու՝ փաստաթղթի տեսքով և սպասելու ենք կոնկրետ պատասխանների:

Արցախի իշխանությունները շատ ժամանակ սլաքներն ուղղում են դեպի Նիկոլ Փաշինյան կամ ռուս խաղաղապահներ, բայց Արցախի բնակիչը ո՛չ Նիկոլ Փաշինյան է ընտրել, ո՛չ էլ ռուս խաղաղապահ է բերել Արցախ, ինքը ընտրել է նախագահ, որը պարտավոր է ժողովրդի պահանջներն ապահովել, իսկ եթե չի կարողանում, դա այլ հարց է, թող կանգնի ասի ՝չեմ կարողանում, արդեն ժողովուրդը կորոշի՝ ինչ քայլ պետք է անի»,-ասաց Հակոբյանը:

Մեզ հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ընդգծեց, որ շարժումը չեն առաջնորդում քաղաքական գործիչներ կամ ուժեր, այն ժողովրդական շարժում է, որի առաջնորդը հենց ժողովուրդն է, իսկ ով ուզում է միանալ շարժմանը՝ պետք է վայր դնի իր կուսակցական դրոշը:

Այս խորագրի վերջին նյութերը