Կարծիք

19.08.2022 18:58


Ա՛յ նման ժողովրդավարական բաստիոնում համակարգային կոռուպցիան փոխարինվում է «չհամակարգված» կոռուպցիայով

Ա՛յ նման ժողովրդավարական բաստիոնում համակարգային կոռուպցիան փոխարինվում է «չհամակարգված» կոռուպցիայով

Պատկերացրեք իրավիճակ. դիցուք 2015 թվականին իշխանական կուսակցության մի անդամ, ով ղեկավարում է պետական փողերի ենթադրաբար անիմաստ քամուն տվող կիսապետական հիմնադրամ, օրինակ Կարեն Ավագյանը (այն ժամանակ ընդդիմադիր, ներկայիս իշխանական, մամուլի կողմից հաճախ որպես Փուչիկ Կարեն հիշատակվող) աներ այն նույն քայլերն ու հայտարարություններն ինչ անում է ներկայիս իշխանության Երևանի ապագա քաղաքապետի թեկնածուն։ Պատկերացրեք այն ժամանակի ընդդիմադիր մամուլի, ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության ու ակտիվ (հասկանալ՝ առցանց) հանրության ռեկացիան...

Հիմա միայն ANIF պետական ֆոնդի հոգաբարձուների խորհրդ նախագահի պաշտոնն ունեցող, քարոզարշավ սկսած քաղաքապետի թեկնածուի գործունեությունը մենք ո՞նց բնորոշենք։

Ենթադրաբար դիվանագիտական անձնագրով ֆինանսների նախարարի հետ մասնակցում է ՎԶԵԲ-ի (EBRD-ի) ժողովին, ու դեռ ընտրված չլինելով, որպես ապագա քաղաքապետ հայտարարում է նոր վարկային միջոցների մասին որոնցով բարելավելու են Երևանի քաղաքային տրանսպորտը։ (Ես էլ էի հրավիրված նույն միջոցառմանը, բայց սովորական անձնագրերի համար պետք էր մարտ-ապրիլ ամիսներին դիմել Կիևի Մարոկկոյի դեսպանատուն, որը բնականաբար փակ էր, ուստի ենթադրում եմ, որ մեր ժրաջան ապագա քաղաքապետի թեկնածուն դեռ ունի դիվանագիտական անձնագիր:) Տեսնես ՎԶԵԲ-ի մոտ հարց չառաջացավ այդ տղան ո՞վ է։ Ի՞նչ կապ ունի ենթադրաբար ANIF-ը ներկայացնող անձը Երևանի տրանսպորտի հետ։

Մոտ երեք տարի պետական մակարդակով քաղաքաշինության բնագավառի պատասխանատու նախկին փոխվարչապետը, ով բնագավառը լրիվ սպանեց դիլետանտ ու թայֆաբազ կառավարման շնորհիվ, հիմա Սուրմալույի զոհերին աճյունների վրա խոսում է ինչ որ ապագա տեխնիկական կարգավորումների մասին։ Ի~յա, իրո՞ք... Կարո՞ղ է պատահի այդ «կարգավորման» արդյունքում ողջ բնագավառը հայտնվի իր ազգուտակի ու ընկերների ձեռքը, ինչպես Հետքի բացահայտումով տեխնիկական կանեփի բիզնեսն է հայտնվել իր շրջապատի ձեռքում։

Ավելին. պատկերացրեք նույն արտաքուստ իշխանական լուսանցքում հայտնված երիտասարդ Կարեն Ավագյանը, Երևան քաղաքում այսօր դեռ չընտրված տարբեր թույլտվությունների տրամադրման համար իր անձնական գրասենյակն ունենար ու կառուցապատողների ու տարբեր բիզնեսմենների ընդուներ ու տար իր սկզբունքային համաձայնություն, կուզեք՝ օրհնությունը։ Չբավարարվելով այսքանով, իր նախկին անմիջական պաշտոնավարման շրջանում սկսված խոշոր կառուցապատման նախագծի՝ Ֆիրդուսի աշխատանքներին ակտիվ ներգրավեր իր նախկին աշխատակազմին (հիշենք Միքայել Մինասյանի բացահայտումը) ու ըստ օդում կախված լուրերի ունենար սեփականության այդ տարածքում։

Ա՛յ նման ժողովրդավարական բաստիոնում համակարգային կոռուպցիային փոխարինվում է «չհամակարգված» կոռուպցիայով, մինչ իշխանության «քաղաքական» թիմն Արցախն է հանձնում, իշխանության ճարպիկ «տնտեսական» թևի ներկայացուցիչը, որը ժամանակին «թռավ» իշխանության կառքից երբ վիճակը հեղհեղուկ էր, պատճառաբանելով՝ բիզնեսը չպետք է մտնի քաղաքականություն, հիմա քաղաքականությունից է մտնում բիզնես, որ հետա թափով հետ մտնի քաղաքականություն ու քաղաք...

Ամենայուղոտ կտորի Քաջարանի հանքի կառավարումից հետո, հիմա երկրորդ ամենաեկամտաբեր աղբյուրին է հավակնում մեր «սկզբունքային» երիտասարդը... Ավելի այս բոլոր «ձեռքբերումներով» հանդերձ քաղաքապետարանի ընտրություններից դեռ մեկ տարի առաջ, մոխրագույն կարդինալը, կուզեք դրամապանակը, «տասովկաներ» է տեսնում այստեղ-այնտեղ ոչ միայն հավակնելով ու գործելով որպես ապագա քաղաքապետ, այլև ինչպես իր շրջապատն արդեն տարածում որպես ապագա վարչապետ։

Դե ինչ, ինչպես անգամներ կառավարության նիստերում է հնչել հանրային կառավարման ու քաղաքաշինության ոլորտները չբարեփոխած Երևանի ապագան շատ տխուր է լինելու, շատ ավելի տխուր քան կարող ենք պատկերացնել... եթե իհարկե մինչ այդ վարչապետ չդառնա։

Սարհատ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը