Լրահոս

07.09.2011 15:14


Հայտնի են «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները

Սեպտեմբերի 7-ին` ՀՀ ԳԱԱ նախագահությունում, հրապարակվեցին 2010թ. «Լավագույն գիտական աշխատանք» ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների անունները:

Մրցանակաբաշխությունն ավանդաբար անցկացվում է 2008թ-ից  ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի կողմից: Մրցանակաբաշխությանը մասնակցել են մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականներ: Հայտարարված 14 անվանակարգերում ներկայացվել են 37 գիտական հոդվածաշարներ, մենագրություններ:

Հաղթողներ են ճանաչվել

1. Տաթեւիկ Շախկուլյանը (Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա)` Կոմիտասի մասին հոդվածաշարի համար «Արվեստ, լեզու եւ գրականություն» անվանակարգում

2. Անահիտ Մենեմշյան (ԵՊՀ)` «Le Monde» եւ հայ իրականությունը» աշխատության համար «Հայագիտություն եւ ազգագրություն» անվանակարգում

3. Արման Եղիազարյան (ԵՊՀ)` «Հայ Բագրատունիների տերության պատմության եւ պատմական աշխարհագրության հարցեր» հոդվածաշարի համար «Պատմություն» անվանակարգում

4. Վահրամ Տեր-Մաթեւոսյանը (Դրաստամատ Կանայանի անվան ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտ) «Իսլամը Թուրքիայի հասարակական-քաղաքական կյանքում (1970-2001թթ.) աշխատության եւ  Ռուբեն Մելքոնյանը (ԵՊՀ) «Իսլամացված հայերի խնդիրների շուրջ»  աշխատության համար «Արեւելագիտություն»   անվանակարգում

5. Էմիլ  Օրդուխանյանը (ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ)` «Քաղաքական խոսույթի առանձնահատկությունները հայ հասարակության փոխակերպման գործընթացում» գիտական հոդվածների շարքի համար  «Սոցիոլոգիա» անվանակարգում

6. Անահիտ Մանասյանը («Այ Էյ Բի» Հայ-բրիտանական կրթական կենտրոն)` «Արհեստական ինտելեկտի կիրառումը տնտեսագիտության բնագավառում» հոդվածաշարի համար «Տնտեսագիտություն» անվանակարգում

7. Հայկ Սուքիասյանը (ՀՀ ԳԱԱ Փիլիսոփայության, սոցիոլոգիայի եւ իրավունքի ինստիտուտ)`  «Տեղեկատվական հասարակություն, սոցիալ-քաղաքական հիմնախնդիրները» աշխատության համար «Քաղաքագիտություն եւ իրավագիտություն» անվանակարգում

8. Խաչատուր Մանուկյանը (ՀՀ ԳԱԱ Ա.Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ)` «Այրման ռեժիմում օքսիդների վերականգմամբ ստացված մետաղական եւ կերամիկական նյութեր» աշխատության համար «Քիմիա» անվանակարգում

9. Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան Երկրաֆիզիկայի եւ ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ ՊՈԱԿ)` «Գրունտների տատանումների քանակական պարամետրերի համակողմանի վերլուծությունը եւ նրանց գնահատումը կախված երկրաշարժի մագնիտուդից» աշխատության համար «Երկրաբանություն» անվանակարգում

10. Քրիստինե Փիրումյանը (ԵՊՀ)`  «Իոնական ուժի ազդեցությունը ԴՆԹ-ի հետ Hoechst 33258-ի կապման առանձնահատկությունների վրա»  աշխատության համար «Կենսաբանություն» անվանակարգում

11. Հայկ Խաչատրյանը (ԵՊՀ) «Այրման հիման վրա կերամիկական կոմպոզիցիոն նյութերի ստացման եւ դրանց կոնսոլիդացման նոր տեխնոլոգիա» աշխատության համար «Տեխնիկական գիտություններ» անվանակարգում

12. Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական Համալսարան)` «Բարդ երկրաչափությամբ քվանտային կետերի էլեկտրոնային եւ օպտիկական հատկություններ» աշխատության համար «Ֆիզիկա» անվանակարգում

13. Հայկ Գրիգորյանը (ԵՊՀ)` «Բազմաչափ բազմաժապավեն ավտոմատների համարժեքության խնդիրը» աշխատության համար եւ Հրաչյա Ասցատրյանը (ՀՀ ԳԱԱ Ինֆորմատիկայի եւ ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտ) Գրիդ ինֆրակառուցվածքի հենքի վրա պրոբլեմ կողմնորոշված միջավայրերի մշակում» աշխատության համար «Ինֆորմատիկա» անվանակարգում

14. Սմբատ Գոգյանը (ՀՀ ԳԱԱ Մաթեմատիկայի ինստիտուտ) «L1(0,1)-ում թույլ ագահ ալգորիթմի զուգամիտության մասին» աշխատության համար (Մաթեմատիկա եւ մեխանիկա) անվանակարգում:

 

ՀՀ ԳԱԱ որոշել է նաև երիտասարդ գիտնականների համար սահմանել «Ակադեմիա» անվանակարգով ամենամյա մրցանակ: Այն ամեն տարի կհայտարարվի մինչև 35 տարեկան այն գիտնականների համար, որոնց գիտական աշխատանքները` հոդված, հոդվածաշար և այլն, կհավաքեն ամենաբարձր իմպակտ-ֆակտորը: Մրցանակի չափը սահմանվել է 2 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ:

Մրցանակի կանոնադրությունը գտնվում է մշակման փուլում:

Մոտ ժամանակներս կհայտարարվի 2011թ. առաջին մրցանակաբաշխության մասին:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Այս խորագրի վերջին նյութերը