Քաղաքական

16.08.2022 08:56


«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ Սևյան

«Թշնամին Քարվաճառում՝ «արագյոլերում», «Լորա» և «Սմերչ» համակարգ է դրել՝ հարվածելու են Ճամբարակին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ՝ մինչև Սևան-Հրազդան». Աշոտ Սևյան

Օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության տարածքային կառավարման նախարար Հայկ Խանումյանն այցելել էր Քաշաթաղի շրջանի Բերձոր քաղաք և բնակիչներին հայտնել, որ մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն Բերձորն ու Աղավնոն, քանի որ ռուս խաղաղապահներն այդ օրը դուրս են գալու Բերձորից, այնտեղ հաստատվելու են Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները։

Հայկ Խանումյանը բնակիչներին հորդորել էր չայրել իրենց տները՝ օրինակ բերելով Չարեքթարը, որ պատերազմի օրերին բնակիչները մտածելով, որ գյուղը մնալու է թշնամուն, դուրս էին եկել գյուղից և այրել իրենց բնակարանները։

168.am-ի հետ զրույցում ազատամարտիկ, չարեքթարցի Աշոտ Սևյանն անդրադառնալով Հայկ Խանումյանի հայտարարությանը, թե Չարեքթարի տները բնակիչներն այրել են և դուրս եկել, նկատեց՝ Հայկ Խանումյանն ի սկզբանե իմացել է, որ Չարեքթարը հանձնվող գյուղերի մեջ է եղել, միայն մի քանի բնակիչների շնորհիվ է այն այսօր մնացել հայկական վերահսկողության տակ։

«Պետականորեն հայտարարվել էր, որ՝ ժողովուրդ, Չարեքթարը հանձնվելու է թշնամուն, հավաքվեք ու գնացեք։ Այդ ժամանակ մենք դիրքերում էինք, մարդիկ էլ չէին ցանկացել իրեն տունը թողնել թշնամուն, բայց մեծամասնությունն իր տունը չի այրել, այդ թվում՝ իմ տունը, որն այդ օրերին ծառայում էր կամավորականների համար։ Գուցե լավ չի հնչում, բայց այդ տների մի մասը թալանվել էր։

Հայկ Խանումյանը այդ մասին խոսելու փոխարեն՝ թող իմանա, որ Չարեքթարում այժմ կառուցվում է հէկ, որի վրա ահռելի գումարներ են ծախսում։ Այդ գումարները կարող էին տրամադրել ու տներ սարքել, որ մարդիկ գնային ապրեին, քանի որ, ըստ ռազմավարության, այն տարածքում, որտեղ մարդիկ չեն ապրում, չի կոչվում տարածք։ Այդ գումարներով հնարավոր էր ոչ միայն Չարեքթար գյուղը վերականգնել, այլև ստեղծել Չարեքթար շրջան»,-նշեց Աշոտ Սևյանը։

Ըստ նրա, իշխանությունը հայությանը սարքել է քոչվոր ցեղ, մի վայրից հանում տանում է այլ վայր, այնտեղից էլ՝ մեկ ուրիշ տեղ։

Նա հիշեցրեց, որ մոտավորապես 2 ամիս առաջ Արցախի նախագահը հայտարարում էր, որ Աղավնոյի համար բանակցում են, ի՞նչ եղավ։

«Ինքս փորձել եմ Չարեքթարի նմանությամբ պաշտպանություն կազմակերպել Բերձորում և Աղավնոյում՝ գյուղապետ Անդրանիկ Չաուշյանի հետ։ Բայց մի քանի տեղից հանդիպել են իշխանության կողմից պատի։ Մարդկանց այն աստիճան են հիասթափեցրել, որ չեն էլ ուզում պայքարել։ Այսօր ողբերգությունն այն է, որ Հայաստանում հայրենասիրական պրոպագանդա չկա, հայրենիքի համար կռվողներն ասում են՝ 30 տարի պայքարել են, երկիր պահել, բայց այսօր դասալիքներին ավելի լավ են ընդունում, քան իրենց։ Բացի Արայիկ Հարությունյանից ու Նիկոլից, բոլորի հետ հանդիպել եմ, առաջարկել եմ, որ ընկերներիս հետ գամ կանգնեմ պայքարի, միայն հասկանամ, որ թիկունքից չեն հարվածի, բայց ինձ որևէ մեկը «գարանտ» չի տվել։ Իշխանությունն ամեն կողմից պառակտում է հասարակությանը և ամեն ինչ գցում ռուսի վրա, ռուսն էլ ասում է՝ ախպեր ջան, դուրս մի արի, ես պարտավոր եմ քեզ պաշտպանել։ Այսօր մենք թիկունք չունենք»,-շեշտեց Աշոտ Սևյանը։

Ազատամարտիկի խոսքով՝ այսօր Հայաստանում նստած է Ադրբեջանի տնային կառավարիչը, և ամեն ինչ անում են, որպեսզի երկիրը գցեն շրջափակման մեջ՝ շեշտելով, որ վերջին կետն Աղավնոն չէ, քանի որ Աղավնոյով թշնամին դուրս է գալու դեպի Սիսիան, Գորիս, Մեղրի։ Այս ամենը ազգի մի մասը չի գիտակցում, չի հասկանում, թե թշնամին ինչ գիծ է ընտրել և ինչ գծով է առաջ գնում։

«Թշնամին փորձում է կտրել Հաթերք-Ստեփանակերտ, Հաթերք-Վանք, այնուհետև Եղնիկներ հատվածը, մի կողմից էլ կտրել են Ասկերան-Ստեփանակերտ հատվածը՝ Փառուխով, ինչից մինչև այժմ ձայն չկա։ Կարծում եմ՝ Նիկոլն իրականացնում է այն ծրագրերը, որոնք առաջարկում է Ալիևը։ Սա արդեն վերջն է, զիջելով ո՞ւր ենք հասնելու։ Քարվաճառում՝ «արագյոլերում», դրել են «Լորա» և «Սմերչ» համակարգ, ոչ մեկ չի մտածում, որ «Սմերչը» Վարդենիսը գրավելու համար է, այն հեռահար հրթիռային համակարգ է, նրանց նպատակն այլ տեղ է։ Մի կողմից՝ նրանք հարվածելու են Ճամբարակի շրջանին, աջ կողմից՝ Ջերմուկին ու Վայքին, ուղիղ ի վիճակի են հարվածել մինչև Սևան-Հրազդան։ Վաղն իշխանությունը նորից կհայտարարի, թե՝ ժողովուրդ ջան, չկարողացանք պահել։ Ես իմ ընկերներին ասել եմ՝ տղերք, մոռացեք ռուսին էլ, մնացած բոլորին էլ, մենք ենք այսօր այստեղ, մենք պետք է ինքներս մեզ պաշտպանենք։ Ամեն մեկս կառքը մեր կողմն ենք քաշում, ոչ մեկը չի մտածում երկրի մասին»,-շեշտեց Ա. Սևյանը։

Ինչ վերաբերում է Բերձորի այլընտրանքային ճանապարհին, նա ընդծեց, որ այդ ճանապարհը չի կարող նորմալ ճանապարհ լինել, Կոռնիձորի հատվածում աջ կողմից 300-400 մետր անդունդ է, եթե նույնիսկ վարորդը կես մետր շեղվի, կհայտնի անդունդում։

«Այդ ճանապարհը ձմռանը չի կարող գործել, ինչ ձևով ուզում են՝ թող սարքեն, սա գիտեն բոլոր ղեկավար մարմինները։ Այս մարդիկ ուղղակի ասֆալտի տենդեր են շահել, աշխատում են։ Այդ ճանապարհը նորմալ չի գործելու, հիշեք, այն լինելու է զոհերի ճանապարհ, ձմռանը ձյուն եղավ, վերջ, այդ ճանապարհը փակվելու է։ Կոռնիձորի խորքից դեպի Մեծ Շեն բարձրացող լեռնաշղթան թույլ չի տալու մեզ որևէ շարժում անել, անհնարին է։ Այսօր հոսանքը, գազն անցնում է Բերձորով, վաղը որ բնակիչները դուրս եկան, ո՞վ է երաշխիքներ տալու, որ ադրբեջանցիները չեն պայթեցնի գազատարը։ Ամեն ինչ ըստ ծրագրվածի անում են, որպեսզի այսուհետ Արցախը գազը, լույսը ստանա Ադրբեջանից։ Պետությունն էլ ինչպե՞ս են հանձնում, այսպես»,-եզրափակեց Աշոտ Սևյանը։

Այս խորագրի վերջին նյութերը