Տնտեսական

14.08.2022 10:45


Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին 100% հավելավճարներ կտրվեն

Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին 100% հավելավճարներ կտրվեն

Սասուն Խաչատրյանի ղեկավարած Հակակոռուպցիոն կոմիտեում՝ ինքը Խաչատրյանն ու կոմիտեի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան իրենց ստաժի հավելավճար՝ աշխատավարձի դրուքաչափի 100 տոկոսի չափով, և սա՝ այն դեպքում, երբ, ըստ Գլխավոր դատախազության, Սասուն Խաչատրյանի նշանակումից ի վեր այդ կառույցը չի քննել գեթ մեկ կոռուպցիոն գործ, որի քննության ընթացքում կատարած աշխատանքը բավարարում է հավելում տրամադրելու օրենքով սահմանված պայմաններին։

Այս որոշումն ընդունվել է Կառավարության նախորդ նիստի հերթական չզեկուցվող նախագծերից մեկով, որին, ի դեպ, ծավալուն և իրավական հիմնավորումներով լի առարկություններ են ներկայացրել՝ ինչպես Ֆինանսների նախարարությունը, այնպես էլ՝ Գլխավոր դատախազությունը։

Ֆինանսների նախարարությունը 100 տոկոս հավելավճար տալը համարել է չարդարացված ու հավելյալ բեռ՝ պետական բյուջեի վրա։

Մասնավորապես, նախարարությունից նշել են, որ օրենքով «հավելում» հասկացության բնորոշումից պարզ է դառնում, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց հավելումը տրվում է ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներ կատարելու, բարձրլեռնային վայրերում, արտաժամյա, գիշերային ժամերին, հանգստյան, տոնական օրերին աշխատելու դեպքերում, զինվորական, քրեակատարողական և փրկարար ծառայության առանձնահատկություններով պայմանավորված։

Հայաստանի օրենսդրությամբ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնելու կամ աշխատանք կատարելու համար հավելավճարի տրամադրում չի սահմանվում, որովհետև այդ դեպքում այդ տրամաբանությամբ հավելում կսահմանվեր նաև մասնագիտացում պահանջող բոլոր տեսակի աշխատանքների կատարման կամ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար:

Ֆինանսների նախարարությունն իր առարկության մեջ նշել է նաև, որ Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցներին ստաժի 100 տոկոսով հավելավճար տալը խախտում է օրենքի առջև բոլորի հավասարության սահմանադրական սկզբունքը։

Տիգրան Խաչատրյանի ղեկավարած կառույցն իր ներկայացրած առարկության մեջ հատուկ ընդգծել է՝ ՀՀ Սահմանադրական դատարանը 2019 թվականի փետրվարի 12-ի ՍԴՈ-1443 որոշման մեջ արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում գործող բոլոր քննչական մարմինների քննիչների կարգավիճակը, ըստ էության, նույնն է. նրանք իրականացնում են Սահմանադրությամբ քննչական մարմիններին վերապահված գործառույթի իրականացմանն ուղղված մասնագիտական գործունեություն, հետևապես Հակակոռուպցիոն կոմիտեն չի կարող դիտարկվել որպես որևէ առավելության կամ արտոնության տրամադրման առումով տարբերակված մոտեցման համար օբյեկտիվ հիմնավորում։

Ինչ վերաբերում է Արթուր Դավթյանի ղեկավարած կառույցի առարկություններին, ապա այնտեղից հայտնել են, որ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի նշանակման օրվանից մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ձևավորումը ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի՝ առանձնակի ռիսկայնության և մասնագիտացման համար հիմք ծառայող գործոնները, այն է՝ գործի մասնակիցների զբաղեցրած դիրքով և պաշտոնով հնարավոր արտաքին զգալի ճնշումը, կոռուպցիոն գործերով հանրային բարձր հետաքրքրվածությամբ պայմանավորված՝ հանրային կարծիքից բխող ճնշումների առկայությունը, բարի համբավի, մասնագիտական կարողությունների վերաբերյալ հնարավոր սուբյեկտիվ, անհիմն և կոշտ որակումները դեռևս առկա չեն եղել, քանի որ փաստացի ձևավորված չի եղել Հակակոռուպցիոն կոմիտեն, և վերջինիս վարույթում առկա չեն եղել քննվող քրեական գործեր:

Այս հանգամանքից ելնելով՝ Գլխավոր Դատախազությունում հատկապես ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին հավելում տրամադրելու համար օրենսդրական փոփոխություն կատարելը համարել են չտրամաբանված։

Չնայած այս հիմնավորումներին՝ և՛ Դատախազության, և՛ Ֆինանսների նախարարության առարկությունները մերժվել են, և, ինչպես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը, այնպես էլ այդ կառույցի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող աշխատակիցները կստանան ստաժի հավելավճար՝ աշխատավարձի 100 տոկոսի չափով։

Նշենք, որ հատկացվելիք գումարը, մասնավորապես Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի նշանակման օրվանից, կազմել է 1.1 մլն դրամ։

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը