Լրահոս

07.09.2011 09:43


Երևանի հակաէկոլոգիական շենքերը

Երևանի հակաէկոլոգիական շենքերը

«Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնել էր ֆեյսբուքյան հարցում` «Երևանի հակաէկոլոգիական շենքերի ցուցակը» թեմայով: Ըստ ֆեյսբուքյան քվեարկության նախնական արդյունքների, որին մասնակցել է 700 մարդ, Երևանի ամենահակաէկոլոգիական կառույց է գնահատվել Երևանի հյուսիսային պողոտան (233 հոգի)` իր բետոնի առատությամբ և կանաչի խիստ սակավությամբ: Երկրորդ տեղում է Ուսանողական այգին օկուպացրած շենքը (90 հոգի), որը խաթարում է այգու, Ազգային գրադարանի և աստղադիտարանի անդորրը: Երրորդ տեղում է գտնվում Օղակաձև այգում Թումանյան փողոցին մոտ կառուցվող մեծ համալիրը (78 հոգի), որն աղավաղում է Երևանի օղակաձև կանաչ գոտին և սպառնում լուրջ խնդիրներ ստեղծել երևանցիների հանգստի և տեղաշարժվելու համար: Այնուհետև հաջորդում են Մոնումենտի անտառի հաշվին կառուցված առանձնատները, Աբովյան փողոցի կանաչ հատվածում կառուցված խանութները, Տերյան փողոցում գտնվող Նուշիկյանների շենքը, Կոմիտաս փողոցի ծառուղու ոչնչացմամբ կառուցված Երևան Սիթի սուպերմարկետը և ներկայումս Կողբացի 42/Պուշկին 40 բակում խցկվող բարձրահարկը:

Եվս 110 հոգի գտնում է, որ ամբողջ Երևանի կենտրոնի կառուցապատումը հակաէկոլոգիական է, իսկ 34 հոգի այդպիսին է համարում ամբողջ Օղակաձև այգին: Տրվել են նաև այսպիսի պատասխաններ. ՀՀ բնապահպանության նախարարությունը, աղբատար ունեցող բոլոր հին, հակահիգիենիկ, սարսափելի բուրող բարձրահարկերը, Երևանի քաղաքապետարանը և այլն: Օգտատերերից երեքն առաջարկել են նաև Երևանի կոնյակի գործարանը` որպես էկոլոգիական միջավայրի դրական օրինակ:

Հարցման նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածությունը Երևանի անապատացման և բետոնապատման տանող աղետալի կառուցապատումների մասին, նպաստել հանրային բողոքի և կարծիքի ձևավորմանը, ինչպես նաև անունների և պատասխանատվության ճշտմանը:

«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը