Աշխարհ

04.08.2022 17:20


Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում իրադրությունը կայունացնելու համար. ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խիստ մտահոգված է Լաչինի միջանցքի շուրջ և շփման գծի այլ հատվածներում իրադրության էսկալացիայի առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին ասվում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ:

«Ռուս խաղաղապահները գործադրում են բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տեղում կայունացնելու իրադրությունը: Բոլոր խողովակներով ու բոլոր մակարդակներով, ներառյալ և երկրի բարձրագույն ղեկավարությունը, տարվում է ակտիվ աշխատանք երկու կողմերի հետ: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Լավրովը սերտ շփման մեջ է ադրբեջանցի ու հայ գործընկերների հետ:

Կոչ ենք անում կողմերին ցուցաբերել զսպվածություն, հետևել կրակի դադարեցման ռեժիմին: Առկա հակասությունների կարգավորումը պետք է տեղի ունենա բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով՝ հաշվի առնելով կողմերի դիրքորոշումներն ու խստորեն պահպանելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների հայտարարության դրույթները:

Համոզված ենք, որ կողմերի ջանքերը պետք է կենտրոնացված լինեն Բաքվի և Երևանի միջև հարաբերություններում դրական օրակարգ ձևավորելու վրա՝ առկա եռակողմ բանակցային ձևաչափերի շրջանակում»,-ասվում է հայտարարության մեջ։

ՌԴ ԱԳՆ-ն նաև ցավակցություններն է հայտնել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրման հետևանքով գրանցված զոհերի բարեկամներին ու հարազատներին:

Հիշեցնենք` օգոստոսի 3-ին ժամը 09։00-ից ադրբեջանական ստորաբաժանումները թիրախավորել են ՊԲ մարտական դիրքերն ու զորամասերից մեկի մշտական տեղակայման վայրը՝ կիրառելով տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, ականանետներ, նռնականետներ և հարվածային ԱԹՍ-ներ։

Հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր, 4-ի վիճակը բժիշկները ծանր են գնահատում, որոնցից մեկինը՝ ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը