Լրահոս

06.09.2011 15:09


ՀԴԿ. «Այսպես կոչված երկխոսությունը վերածվեց դատարկաբանության»

ՀՀ իշխանությունները` Նախագահը, Կառավարությունը, իշխող կուսակցությունը հայտնվել են, մեղմ ասած, երկիմաստ վիճակում:

Երկրի սոցիալ-տնտեսական հնամաշ համակարգը պահանջում էր կապիտալ վերանորոգում, որն իրականացնելու համար անհրաժեշտ էր վճռականություն ու քաղաքական կամք:

Սակայն բարեփոխումները կրեցին զուտ կոսմետիկ բնույթ, ինչը հերթական անգամ հուսախաբ արեց շրջադարձային փոփոխություններ պահանջող հասարակությանը: Ավելի խորացավ աղքատացած ժողովրդի ու նրա հաշվին գերհարստացած, նյութական բարիքներից ագահորեն օգտվող նորընծա “բուրժույների” միջև եղած վիհը: Օր օրի ստվարացան բողոքավոր զանգվածների շարքերը, որոնց հնարավոր ըմբոստությունն այնչափ ահաբեկեց իշխանավորներին, որ նրանք անհարկի գործարքի մեջ մտան իրեն ռադիկալ ընդդիմություն հորջորջող որոշակի քաղաքական խմբավորման հետ: Նպատակն ի սկզբանե բացահայտ էր` զերծ մնալ հասարակական ցնցումներից:

Սակայն, հայտնի է` մարդիկ փողոց են դուրս գալիս կառավարման անարդար համակարգի պայմաններում: Եվ, եթե իշխանությունն իրապես շահագրգիռ էր “դուր գալ” ժողովրդին, ապա պետք է ուղղակի երկխոսեր հասարակության հետ` պարզելու /եթե տեղյակ չէ/ նրա պահանջներն ու օպերատիվ լուծում տար դրանց:

Ավելին, ենթարկվելով միջազգային “արբիտրի” դերում հանդես եկող կենտրոնների հորդոր-թելադրանքին, իշխանություններն ընդամենը ժողովրդավարության ծխածածկույթ են ստեղծում աղքատ երկրում, միայն թե գլուխներն ազատեն քրոնիկ ցավից` ժողովրդի արդարացի ցասումից:

Արդյունքում, այսպես կոչված երկխոսությունը վերածվեց դատարկաբանության

/բացակայում էր ժողովրդին հուզող օրակարգը/, շղարշ ստեղծելով, թե, իբր, մեզանում քաղաքական նոր մշակույթ է ձևավորվում:

Փաստացի, կողմերին միավորում է ևս մի անթաքույց շահ: Փորձ արվեց քաղաքական դաշտից դուրս մղել սկզբունքորեն այլ գաղափարախոսություն կրող, 20-ամյա կառավարման ընթացքում մեր երկիրը տնտեսական, սոցիալական, բարոյական արհավիրհքի հասցրած նեոլիբերալ համակարգը հիմնիվեր փոխելու ունակ ուժերին:

Զուր են ձեր ճիգերը, պարոնայք:

Գաղափարական հենքի վրա համակարգային արմատական փոփոխություններ պահանջող քաղաքական ուժերը չեն կարող մասնակիցը դառնալ հաշվենկատ ու մանրախնդիր այդ “ներկայացումներին”:

Քաղաքական հասունություն վերապրող մեր հասարակությունը այլևս չի կարող հանդուրժել կեղծիքի, ընտրակաշառքի, վարչական ռեսուրսի, քրեածին տարրերի օգտագործումով անարդար ընտրությունները:

Եվ մեր` գաղափարական ընդդիմության խնդիրն է լինելու միասնական կազմակերպական բնույթ տալ ժողովրդական շարժմանը ու գլխավորել այն:

Հայստանի Դեմոկրատական կուսակցության Հանրապետական Խորհուրդ

Այս խորագրի վերջին նյութերը