Լրահոս

06.09.2011 14:35


Գալուստ Սահակյանը. «Անձամբ ճանաչելով Սամվել Նիկոյանին՝ չեմ կարծում, թե նա նման բան կաներ»

Գալուստ Սահակյանը. «Անձամբ ճանաչելով Սամվել Նիկոյանին՝ չեմ կարծում, թե նա նման բան կաներ»

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը լրագրողների  հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով Հայաստանի ներքաղաքական կյանքին վերաբերող՝  «Վիկիլիքսի» աղմկահարույց բացահայտումներին՝ ասել է, թե ինքը դրանց չի հավատում։

Պատասխանելով այն դիտարկմանը, թե ըստ «Վիկիլիքսի»՝ 2008թ. նախագահական ընտրություններին Լևոն Տեր–Պետրոսյանը մինչև 35% ձայն է հավաքել, այսինքն՝ Սերժ Սարգսյանը չի հաղթել՝ նա ասել է, թե եթե «Վիկիլիքսը» պետք է որոշի՝ ով է ընտրվել, ով չի ընտրվել, դա մեր հասարակության նկատմամբ հարգալից վերաբերմունք չի լինի։

–Ինձ համար ավելի լավ է մեր մամուլի աղավաղված լուրերը մեկնաբանել, քան խաթարված «Վիկիլիքսի»,–ասել է Գալուստ Սահակյանը:

Ըստ նրա՝ «Վիկիլիքսը» ողջ աշխարհին զգաստացրեց, բայց հետո աշխարհը հասկացավ, որ դա լուրջ չէ, իսկ Հայաստանում նրան դեռևս լուրջ են վերաբերվում:

Անդրադառնալով «Վիկիլիքսի» այն դիտարկմանը, թե Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանը հակասություններ ունեն՝ ՀՀԿ–ական գործիչը նշել է՝ ինքը չի կարծում, թե նրանց միջև հակասություններ կարող են լինել:

–Նրանք պատերազմի երկար  ճանապարհ են անցել, և նման մարդիկ կարող են միայն համատեղ գործել,–ասել է նա:

Գալուստ  Սահակյանը նաև պնդել է, թե  իր կարծիքով՝ հայ պաշտոնյաներից և ոչ մեկը  չէր  կարող այդպես անկեղծանալ  օտարերկրյա դիվանագետների հետ։

–Ես անձամբ ճանաչելով Սամվել Նիկոյանին՝ և՛ որպես գործընկեր, և՛ որպես ընկեր, չեմ կարծում, թե նա նման բան կաներ,–ասել է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է՝ մի օր էլ «Վիկիլիքսի» էջերում Գալուստ Սահակյան անունը կարդանք, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանել է, թե խոստանում է, որ  հաջորդ հրապարակման մեջ իր անունն է լինելու։

Իսկ թե «Վիկիլիքս»–ը  ի՞նչ խնդիր է լուծել Հայաստանի մասին նման «կեղծ»  տեղեկություններ  հրապարակելով, այս հարցին Գալուստ  Սահակյանը պատասխանել է.

–Մի նոր  փոթորիկ ստեղծել ընտրություններից առաջ՝ տարբեր ոտնահետքերի համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը