Լրահոս

06.09.2011 13:49


Իրավապաշտպաններն իրենց հարցերն ուղղում են Սերժ Սարգսյանին, քանի որ Սեյրան Օհանյանը չի տիրապետում իրավիճակին

Իրավապաշտպաններն իրենց հարցերն ուղղում են Սերժ Սարգսյանին, քանի որ Սեյրան Օհանյանը չի տիրապետում իրավիճակին

Այսօր հրավիրված ասուլիսում Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը սահմռկեցուցիչ է անվանել բանակում խելագարության հասցված զինվոր Հովհաննես Վարդանյանի դեպքը։

–Զինվորը հոգեբուժարանում է, իսկ պաշտպանության նախարարության կողմից ոչ մի արձագանք։ Սա սարսափելի է։ Փաստորեն, այսքան ժամանակ ծածկադմփոց է եղել,-ասել է Ավ. Իշխանյանը։

Ըստ նրա՝ Զինված ուժերում նման դեպքերը անպատժելիության մթնոլորտի հետևանք են։

Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի իրավաբան Մերի Խաչատրյանի խոսքերով էլ հայկական բանակը բարոյահոգաբանական ճգնաժամի մեջ է, իսկ ՊՆ-ն գաղտնիության պայմաններում է աշխատում։

«Լրագրողները հանուն մարդու իրավունքների» հկ ղեկավար Ժաննա Ալեքսանյանն էլ ընդգծել է, որ սպանությունների փաստով բոլոր գործերը դատարան են հասնում ինքնասպանության հասցնելու մասին հոդվածով, և դա պատասխանատվությունից խուսափելու մի ձև է։

–Նման կերպ ՊՆ–ն որդիների սպանության փաստն ամբողջությամբ դնում է ծնողների վրա՝ այս կերպ խուսափելով նաև զոհվածների ընտանիքներին արժանի փոխհատուցում տրամադրելուց,–ասել է Ժ. Ալեքսանյանը:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը ներկայացրել է թվեր՝ համաձայն որոնց 2005-2011թթ. այս տարվա սեպտեմբերի 1-ի դրությամբ հայկական բանակում արձանագրվել է 306 մահվան դեպք, 2007-2011թթ.՝ 228 մահվան դեպք, որոնցից միայն 32-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով, հետևաբար, ստացվում է, որ բանակում մահացությունների միայն տաս տոկոսն է կապված զինադադարի ռեժիմի խախտման հետ, և բանակում ծառայելն ավելի վտանգավոր է, քան դիրքերում գտնվելը։

Իրավապաշտպանները պաշտպանության նախարարից պարզաբանում են պահանջում ստեղծված իրավիճակի և բանակում արձանագրված կոռուպցիոն երևույթների վերաբերյալ։

Ա. Սաքունցը նշել է նաև, որ պաշտպանության նախարարը չի տիրապետում իրավիճակին, հետևաբար, իրենք իրենց հարցերն ուղղում են գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանին՝ զարմանալի համարելով նրա լռությունը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը