Լրահոս

06.09.2011 11:58


«Wikileaks». «Կառավարությանն անվստահություն հայտնելու համար Ռոբերտ Քոչարյանը կարո՛ղ է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել»

«Wikileaks». «Կառավարությանն անվստահություն հայտնելու համար Ռոբերտ Քոչարյանը կարո՛ղ է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել»

«Wikileaks»-ը գաղտնազերծել է 2009թ. փետրվարին տեղի ունեցած ՀՀ ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանի և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչների հետ հանդիպման մանրամասները։ Նիկոյանը նրանց տեղեկացրել է, որ այն բանից հետո, երբ խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան»–ը և Դաշնակցությունը վճռականորեն քննադատել ու հրապարակավ դեմ են արտահայտվել կառավարության առաջարկած օրենսդրական նախաձեռնությանը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն անձամբ հանդիպել է Ռոբերտ Քոչարյանին և ասել. «Դուք կարող եք վարչապետ լինել, սակայն այդ դեպքում պետք է Ձեզ հետ նաև նախագահ բերեք»:

Վաշինգտոն ուղարկված նամակում ՀՀ–ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը գրել է, որ քաղաքական այդ հեռակա պատերազմի շարունակվելու դեպքում այն կարող է հանգեցնել լայնածավալ առճակատման։

Սամվել Նիկոյանը նկատել է նաև, որ չնայած Սերժ Սարգսյանի ջանքերին՝ կառավարությանն անվստահություն հայտնելու համար Ռոբերտ Քոչարյանը կարո՛ղ է խորհրդարանում բավարար չափով ձայներ հավաքել։

Իսկ Փենինգթոնը նամակում կարծիք է հայտնել, որ թվում է՝ «Օրինաց երկիր»-ը Սերժ Սարգսյանի ճամբարում է, սակայն այս կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանն արդեն ապացուցել է՝ եթե որևէ մեկն ավելի ձեռնտու առաջարկ անի, ինքը միշտ պատրաստ է համաձայնվել դրան, իսկ ՀՀԿ–ն թեև Սերժ Սարգսյանի և Տիգրան Սարգսյանի թիկունքում է, սակայն ՀՀԿ–ի վերնախավում էլ կարող են ի հայտ գալ խորքային ճաքեր, հենց որ խաղաքարտերը բացվեն։

Ամերիկացի դիվանագետը եզրակացրել է նաև, որ Ռոբերտ Քոչարյանը դեռևս կսպասի իր համար բարենպաստ ժամանակների, երբ առաջիկա ֆինանսատնտեսական ճգնաժամը վերջնականապես հարվածի վարչապետ ու նախագահ Սարգսյանների վարկանիշներին, հետո արդեն առավել վճռական քայլեր կձեռնարկի իշխանության վերադառնալու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը