Լրահոս

06.09.2011 08:57


ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը ևս մեկ անգամ փաստում են ջավախքահայության խնդիրներին լուծում տալու հրամայականը

ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերը ևս մեկ անգամ փաստում են ջավախքահայության խնդիրներին լուծում տալու հրամայականը

Օրերս Վիքիլիքս կայքում զետեղված ԱՄՆ դիվանագիտական փաստաթղթերից մի քանիսը տեղեկություններ են պարունակում վրացահայության և ջավախքահայության խնդիրների և դրանք լուծելու ուղղությամբ Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվող օրինական պահանջների վերաբերյալ:

Այսպես, Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի հետ Վրաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Թեֆթի հանդիպման մանրամասները պարունակող ԱՄՆ դեսպանատան 2009թ. հունիսի 16-ի հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Եպիսկոպոսը առանձնացրեց երեք գլխավոր չլուծված խնդիրներ, որոնք կարևորություն են ներկայացնում Վրաստանի հայերի համար. դրանք են՝ հայերենը որպես պաշտոնական լեզու տեղական մակարդակներում օգտագործելու հնարավորությունը, էթնիկ հայերի համար կրթական հնարավորությունների ստեղծումը և վիճելի եկեղեցական ունեցվածքի վերադարձը»: Նշվում է, որ Վազգեն եպս. Միրզախանյանը առաջարկեց Ախալքալաքում ստեղծել համատեղ հայ - վրացական համալսարան, ինչը կբարձրացնի վրացերենի իմացությունը տարածաշրջանում և որակյալ կրթության ապահովման միջոցով կօգնի հայերին լինել ավելի մրցունակ Վրաստանի տնտեսության մեջ միջին և բարձր մակարդակի աշխատատեղեր զբաղեցնելու համար: ԱՄՆ դեսպանը խոստացավ բարձրացնել նշված խնդիրները վերաինտեգրման նախարար Թեմուր Յակոբաշվիլու մոտ (09TBILISI1100, http://wikileaks.ch/cable/2009/06/09TBILISI1100.html):

2009թ. սեպտեմբերի 29-ով թվագրված Վրաստանի ԱՄՆ դեսպանատան մեկ այլ հաղորդագրության մեջ ասվում է հետևյալը. «Սամցխե - Ջավախքի Ախալցխայի և Ախալքալաքի քաղաքային իշխանության ներկայացուցիչները և ՀԿ-ները լավատեսորեն էին տրամադրված Վրաստանում իրենց ապագայի հանդեպ, սակայն անհանգստանում էին իրենց մշակութային և լեզվական ժառանգության պաշտպանության կապակցությամբ: Վրաստանի 300,000 հայ բնակչության գերակշիռ մասը ապրում է երկրի հարավ-կենտրոնական մասում տեղակայված այս երկու շրջաններում: ... Սամցխե-Ջավախքի հայ համայնքի ինտեգրմանն ուղղված ջանքերում լեզուն մնում է կարևորագույն խոչընդոտը: Հայ համայնքը շարունակում է հայերենը որպես տարածաշրջանային լեզու ճանաչման, եկեղեցու ունեցվածքի խնդիրների լուծման և տեղական ինքնակառավարման մակարդակի բարձրացման կոչեր հնչեցնել»: Հաղորդագրության «Ինչպես կառավարությունը կարող է ամրապնդել վստահությունը» բաժնում ասվում է հետևյալը. «Սամցխե-Ջավախքի մեր զրուցակիցները ընդգծեցին երեք հարցեր, որոնց ուղղությամբ, նրանք հուսով են, իշխանությունները քայլեր կձեռնարկեն: Առաջին, և ներկա դրությամբ ամենաշեշտվողը, հայերենի՝ որպես տարածաշրջանային լեզու ճանաչելն է: Դե յուրե, միայն վրացերենը կարող է օգտագործվել տեղական ինքնակառավարման մեջ և դպրոցներում. դե ֆակտո, հայերենն ու ռուսերենն են օգտագործվում: (2009թ.) սեպտեմբերի 3 –ին ՀՀ նախագահ Սարգսյանը հայտարարեց, որ Վրաստանը պետք է ճանաչի հայերենը որպես տարածաշրջանային լեզու «ինտեգրում առանց ձուլման» սկզբունքի հիման վրա: Երկրորդ խնդիրը Հայ և Վրաց ուղղափառ եկեղեցիների կողմից վիճարկվող եկեղեցական կառույցներին վերաբերող ունեցվածքային հարցերի լուծումն է: Աղգոմելաձեն (ԱՄՆ դեսպանության ներկայացուցչի կողմից հարցված փորձագետներից մեկը - ԵՄ) ասաց, որ խնդիրը «նման է հրաբխի՝ չգիտես, թե ե՛րբ է այն ժայթքելու»: Երրորդ խնդիրը առավել լայն տեղական ինքնակառավարման պահանջն է: Մարդիկ բողոքում են, որ նրանք ստիպված են սպասել Թբիլիսիից պաշտոնյաների գալուն, կամ ստիպված են ինքնուրույն մեկնել Թբիլիսի՝ ծախսելով մեծ գումարներ, որպեսզի լուծում տան տարրական վարչական գործերին, ինչպիսիք են անձնագրի ստացումը կամ իրենց գույքի գրանցումը (09TBILISI1781, http://wikileaks.ch/cable/2009/09/09TBILISI1781.html):

ԱՄՆ դիվանագիտական վերոնշյալ փաստաթղթերը գալիս են ևս մեկ անգամ փաստելու հետևյալը.

  1. Ջավախքահայությունը և նրա շահերը ներկայացնող բոլոր հասարակական-քաղաքական կառույցները վրաց իշխանություններից պահանջում են հետևյալ հիմնական խնդիրների լուծումը.
    1. Դադարեցնել ջավախքահայության նկատմամբ քաղաքական հալածանքները, Ընդլայնել ինքնակառավարման մարմինների լիազորությունները՝ բարձրացնելով ինքնակառավարման մակարդակը,
    2. Տարածաշրջանային պաշտոնական լեզվի կարգավիճակ տալ հայոց լեզվին Սամցխե-Ջավախքում,
    3. Գրանցել Հայ Առաքելական եկեղեցին, վերադարձնել խորհրդային իշխանության տարիներին բռնագրավված եկեղեցական կառույցները,
    4. Ախալքալաքում հիմնադրել համատեղ հայ-վրացական համալսարան:
  2. Վերոնշյալ պահանջները բխում են մարդու և ազգային փոքրամասնությունների պաշտպանության ոլորտում Վրաստանի ստանձնած միջազգային պարտավորություններից: Դրանից ելնելով՝ բազմաթիվ հեղինակավոր միջազգային կազմակերպություններ, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնաժողովը ու Եվրախորհուրդը հորդորում են վրացական իշխանություններին լուծում տալ խնդիրներին:
  3. ԱՄՆ կառավարությունը՝ ի դեմս Վրաստանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների, գիտակցում է, որ վրացահայության և ջավախքահայության պահանջները օրինական են և արդարացի: Գիտակցվում է, որ վրաց իշխանությունների կողմից դրանց կատարումը Ջավախքում վստահության հաստատման և ինտեգրման միակ նախապայմանն է:

«Երկիր» միություն

Այս խորագրի վերջին նյութերը