Տնտեսական

27.07.2022 09:43


Ո՞րն է պատճառը, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում գրանցվում է բացասական հաշվեկշիռ

Ո՞րն է պատճառը, որ կուտակային կենսաթոշակային ֆոնդերում գրանցվում է բացասական հաշվեկշիռ

Վերջին երկու եռամսյակում կուտակային ֆոնդերը ցույց են տալիս վնասներ, այսինքն` ոչ միայն չի եղել եկամտաբերություն, այլև գրանցվել է բացասական հաշվեկշիռ` եղել են միջոցների կորուստներ։ Սոցցանցերում տարածված մտահոգությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հանրային կառավարման հարցերի փորձագետ Հովհաննես Ավետիսյանը։

Ըստ նրա` պատճառն այն է, որ կուտակային ֆոնդերի մի որոշ մասը ներդրումներ է իրականացնում եվրոպական և այլ շուկաներում արտարժույթով։

«Օրենքն ասում է, որ գումարների առնվազն 60 տոկոսը դրամով պետք է ներդնել, 40 տոկոսը` արտարժույթով։ Քանի որ փողերի մի ահագին մասն արդեն իսկ վերածվել է արտարժույթի, իսկ հիմա դրամը արժևորվել է, ապա ստացվում է, որ արտարժույթով ներդրումները միայն դրամի արժևորման պատճառով նվազել են առնվազն 20 տոկոսով։ Այսինքն՝ մեր քաղաքացիներն այդքան վնաս են կրել դրամ-դոլար տատանումների պատճառով»,-պարզաբանեց Ավետիսյանը։

Նրա դիտարկմամբ` մյուս գլխավոր պատճառը Եվրոպայում սպասվելիք տնտեսական ճգնաժամն է, հետևաբար գրեթե բոլոր ֆինանսական շուկաները բացասական թրենդի մեջ են, կուտակային ֆոնդերը գտնվում են մեծ ռիսկի տակ և հետագայում հնարավոր է, որ քաղաքացիները նույնիսկ երկարաժամկետ կտրվածքով չունենան եկամուտներ իրենց կուտակային ֆոնդերի այն մասից, որը ներդրվել է դրսում։

«Ֆոնդերը մասնավոր են, պետությունն այդտեղ չկա, կառավարիչները դրամով լուրջ ներդրումներ կատարելու տեղ չունեն։ Հետևաբար մարդիկ գնում են բանկեր և չնչին տոկոսներով ավանդ են ձևակերպում, այսինքն` բանկերի համար էժան փող է ապահովվում, մինչդեռ տվյալ ռեֆորմի նպատակն ի սկզբանե դա չի եղել։ Ստացվում է, որ միլիարդավոր գումարների չափով ահռելի ռեսուրսները, որոնք պետք է ծառայեին պետությանը և մեր հասարակության բարեկեցությանը, աննպատակ գցված են մասնավոր ֆոնդերում ու բանկերում, որոնցից հարստանում են միայն այդ ֆոնդերի ու բանկերի կառավարիչները»,-ասաց Ավետիսյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ բյուջեի մեկ երրորդն ուղղվում է կեսաթոշակների ապահովմանը, հետևաբար պետությունը պետք է նախապես միջոցներ ձեռնարկեր, որպեսզի թոշակների հետ կապված հարցերը լուծեր։ Նրա խոսքով` եթե տնտեսությունը կառավարվում է լիբերալ համակարգով, այդժամ բոլոր գործիքները տալիս են մասնավոր սեգմենտին, որն էլ հարստանում է ու շատ դեպքերում թերի ծառայում հանրությանը։

Այսինքն` Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական Հայաստանում պետությունն ինքը պետք է լիներ կուտակային ֆոնդերի կառավարիչը, գումարները բացառապես պետք է օգտագործվեին երկրի ներսում` կապիտալ ծախսերի միջոցով զարգացնելով ենթակառուցվածքները, ինչի արդյունքում կլիներ տնտեսական աճ, և ֆոնդերում պահվող գումարներն էլ կունենային եկամտաբերություն` քաղաքացիների համար ստեղծելով ապահով ծերության նախադրյալներ։ Մինչդեռ նման բան չկա, և պետությունն էլ Սահմանադրությամբ քաղաքացիների հանդեպ իր պարտականությունները չի իրականացնում։

Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից:

Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են մասնավոր ընկերությունների կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից:

Այս խորագրի վերջին նյութերը