Կարծիք

26.07.2022 17:30


Էրդողանն իր վերջին հայտարարությամբ կազմաքանդեց Փաշինյանի՝ հայ-թուրքական իբր առանց նախապայմանների գործընթացի «թեզը»

Էրդողանն իր վերջին հայտարարությամբ կազմաքանդեց Փաշինյանի՝ հայ-թուրքական իբր առանց նախապայմանների գործընթացի «թեզը»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վերջերս թուրքական «TRT»-ին տված հարցազրույցում վերջնականապես փչացրեց Նիկոլ Փաշինյանի այն թեզը, թե իբր հայ-թուրքական բանակցային գործընթացն ընթանում է առանց նախապայմանների:

Այդ հարցազրույցում Հայաստանին վերաբերվող հատվածում Էրդողանը բառացիորեն ասաց հետևյալը. «...Երկու երկրների կրոնական տոների շրջանակներում հեռախոսազրույց ենք ունեցել վարչապետ Փաշինյանի հետ, որի ժամանակ փոխանցել ենք մեր փոխադարձ շնորհավորանքները: Մենք խոսել ենք նաև մեր երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: Մեր կարմիր գիծն ի սկզբանե Ադրբեջանն էր: Մենք ասել ենք, որ Ադրբեջանի հարցի լուծումից հետո միայն կբացենք մեր սահմանը: Ուրախ էի լսել, որ Փաշինյանը տարածաշրջանային խաղաղության և համագործակցության առումով մեզ հետ կիսում է նման մտքերը: Հիմա մենք ակնկալում ենք, որ նրանք խոսքից գործի կանցնեն...»,-նշել էր վերջում Թուրքիայի նախագահը:

Փաստացի Էրդողանը հրապարակավ մեսիջ ուղարկեց միջնորդներին և հայ հանրությանը, որ հայ-թուրքական բանակցային գործընթացում Թուրքիան ունի նախապայման, այն է՝ բավարարել Ադրբեջանի բոլոր պահանջները:

Ընդորում, Էրդողանը չի թաքցնում, որ առանձին վերցված հայ-թուրքական գործընթաց գոյություն չունի: Իր այդ հայտարարությամբ, նա փաստացի փչացրեց Փաշինյանի ողջ քարոզչական աշխատանքն այս հարցում, որն ուղված էր հայ հանրությանը հանգստացնելու համար:

Բացի այդ, Էրդողանը տարօրինակ ձևով ակնարկեց, որ Փաշինյանը ըմբռնումով է վերաբերվում Թուրքիայի այս նախապայմանին: Եվ քանի որ Արցախից բացի առաջ է քաշվել նաև, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացման գաղափարը, այդ հայտարարությունից անմիջապես հետո, Փաշինյանի իշխող թիմից հանդես եկավ Էդուարդ Աղաջանյանը և հայտարարեց, որ «Հայաստանը հրաժարվում է Զանգեզուրի միջանցքի մասին հարց քննարկել ու հրաժարվել է դա անել ի սկզբանե»:

Աղաջանյանի կողմից այս պարզաբանումն անհրաժեշտ էր, քանզի պարզ չէր, թե ինչ էր ակնարկում Էրդողանը՝ նշելով, որ Փաշինյանը «հասկանում է» թուրքիայի մոտեցման տրամաբանությունը:

Այստեղ կարևոր է նշել նաև մեկ դրվագ ևս, Աղաջանյանը հայտարարեց, որ «...Ադրբեջանը առանձնանում է իր ոչ պատշաճ և պայմանավորվածությունները չպահող գործելաոճով...»:

Այսինքն Փաշինյանի թիմակիցը, փաստացի խոստովանում է, որ նույնիսկ նախապես պայմանավորված հարցերի շուրջ Ադրբեջանը փոխում է իր տեսակետը ժամանակի ընթացքում, ինչը նշանակում է, որ Ադրբեջանի հետ պայմանավորվածության հասնելը խիստ պայմանական բնույթ կարող է կրել, քանզի նա հիմնականում ուժի լեզուն է հասկանում: Մինչդեռ 20 տարի Փաշինյանի թիմակիցները մեղադրում էին «նախկիններին», թե իբր իրենց պատճառով է, որ Ադրբեջանի հետ չի հաջողվում հասնել համաձայնության:

Իսկ բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե «զոհաբերենք Արցախը, որ փրկենք Հայաստանը», պիտի այսօր հաշվետվություն տան հանրության առջև, թե ինչու է Ադրբեջանը Արցախից բացի նոր պահանջներով ներկայանում: Ավելին, Ադրբեջանը չի էլ թաքցնում իր հետագա, ապագա ծրագրերը՝ Սևանի, Երևանի մասին, սակայն դրանց ուզում է հասնել «փուլային» տարբերակով:

Իհարկե, խոսքը նրա մասին չէ, որ պետք է հրաժարվել խաղաղությունից և պատերազմ հայտարարել Ադրբեջանին: Պարզապես բոլոր նրանք, ովքեր 20 տարի հանդես էին գալիս «Ղարաբաղի մասով զիջենք, որ փրկենք Հայաստանը» թեզով, այսօր առնվազն պետք է հաշվետվությամբ հանդես գան հանրության առջև և չքվեն մարդկանց ուշադրության կենտրոնից, քանզի իրենց գաղափարների կյանքի կոչմամբ հայ ժողովրդին քցել են կրակը, և ոչ ոք չգիտի, թե ինչպես կարելի է դուրս գալ այս ծանր իրավիճակից:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը