Կարծիք

25.07.2022 10:15


Երևանը գնալով գորշանում է․․․

Երևանը գնալով գորշանում է․․․

ԵՐԵՎԱՆ՝ ԻՄ ԱՓՍՈՍ ՔԱՂԱՔ․ ՓՆԹԻ ՈՒ ԱՆԽՆԱՄ․․․

Գուցե փորձեի տրամաբանություն գտնել և հասկանալ երևանցիներին առավոտյան նույն ժամին արթնացնելու և ժամը մեկ արթուն պահելու քաղաքապետի հրովարտակի մեջ։ Գուցե․․․, եթե Երևանը/ Հայաստանը/ Չինաստանի կամ Ճապոնիայի ազգային ու պետական կազմակերպվածությունն ունենար, եթե սովետական շչակով գործարանային թաղամասերում բանվորական հերթափոխերը մեկը մյուսին հաջորդեին կամ Վիեննայի պես հարմարավետ քաղաք ճանաչվեր Երևանը։

Բայց՝ ոչ․․․

Երևանցի եմ, միշտ փոքր Կենտրոնի բնակիչ եմ եղել, բայց Երևանն այսքան կեղտոտ և անխնամ չեմ հիշում։ Ոչի՜նչ, ոչի՜նչ մինչև վերջ չի կառուցվում, մինչև վերջ չի նորոգվում, ավարտուն տեսքի չի բերվում, խնամքով, որակով ու պրոֆեսիոնալ չի կատարվում։ Այսօր շարված սալիկները հաջորդ օրը տեղահան են, ասֆալտը՝ քանդված, անձրևին քայլում ես ու ցեխաջուրը սալիկի տակից ժայթքում է հագուստիդ, մայթեզրերը՝ կրծած, եզրաքարերը՝ կիսաքանդ, բարձր ու ցածր, փոսերն՝ անպակաս, քանդածը՝ չնորոգած, շինարարական նորմերը/ ստանդարտները/՝ չպահպանված, շինարարական աղբը՝ ամենուր։

Քայլում ես Հյուսիսային պողոտայով ու կոշիկներդ կպչում են հալչած պաղպաղակի ու աղբանանից ծորացած գարշահոտ սննդի մնացորդներին։ Սա ողջ կենտրոնին է բնորոշ։

Քայլում ես մայրաքաղաքի սիրտ տանող Ամիրյան փողոցով, Մաշտոցից հրապարակ կարճատև հատվածում մայթերն ինչ շինարարական նյութով ասես կարկատված են՝ կարկատանների խճանկար․ տպավորություն է, թե ձեռքի տակ ընկածով մի կերպ էժան աշխատուժով կցմցել ու փախել են, շինանյութն էլ ուր վերջացել է, այդպես հեռացել են՝ մնացորդներն ամիսներով պատերի տակ թափված թողնելոով․․․

Ու սա ամենաբանուկ, ամենատուրիստական հատվածն է․․․հավաքարարներն էլ քսմսում են գետինն ու փոշին ու կեղտը անկյունից անկյուն ցպնելով հեռանում են․․․

Այսօր քայլում եմ պետական պատկերասրահի հետևի փողոցով՝ Արամով։ Կես մետրը մեկ պարկերով աղբ է/ տես նկարները/, իրար գլխի թափված, գարշահոտ, շաղ եկած․․․Գիշերներն է խավարասերների ու առնետների խրախճանք է մայթերին․․․

Նույնքան բանուկ Սախարովի հրապարակից-Հանրապետության փողոց հատվածում մեկ տարի է փոսեր են փորվել ու այդպես մոռվացել են/տես նկարները/։ Դրանք հիմա դարձել են աղբափոսեր, ուր երբեմն ընկնում են նաև այդ մայթով Անի Գրանտ հյուրանոց գնացող զբոսաշրջիկները։

Փնթիությունը, անխնամությունը, գավառական կիսատությունն ու անտերությունն ամենուր է։ Վստահաբար, այս գործերի համար գումարներ են հատկացվել․ մեր հարկերից գոյացած բյուջեից են մսխել, վստահաբար, սրանք կատարողականներով ընդուվել են իբրև չափանիշներին համապատասխանող աշխատանքներ։ Վստահաբար, տեսչական մարմիններում էլ աշխատավարձ են ստացել՝ իբրև թե իրենց վերահսկողական գործառույթներն իրականացնելու համար։

Իսկ Երևանը գնալով գորշանում է․ մեր քաղաքի փնթիությանն ու անխնամությանն անդրադառնում են նաև զբոսաշրջիկներն իրենց հրապարակային տեսանյութերում կամ գրառումներում․․․

Ոչինչ ազգի որակներն այնքան խոսուն չի արտացոլում, որքան քաղաքաշինությունը։ Մեր հոգեկերտվածքը, անպատասխանատվությունը, եսակենտրոնությունը, նյութապաշտությունն ու փնթիությունը լավագույնս դրսևորված են քաղաքաշինության մեջ, ավելի ճիշտ՝ քաղաքաշինական պլանավորման բացակայության մեջ։

Գուցեև ճարտարապետական լավագույն լուծումներով առանձին կառույցներ ունենք, բայց անսամբլային և հանրային, պետական մտածողության բացակայության պատճառով անգամ դրանք չեն արժևորվում։

Ցավոք, անհոգությունը, անպատասխանատվությունն ու ոչ պրոֆեսիոնալիզմն ամենուր են, բոլոր ոլորտներում։

Այսպես չհամակարգված, փնթի, կարկատված, անսրտացավ, քաոտիկ և անղեկ է ողջ պետական համակարգը․․․

Ցավոք, սրանք սովորական մանրուքներ չեն, ոչ էլ սոսկ փնթիություն, սա մտածողություն է, մի ողջ ազգի կենսափիլիսոփայություն՝ ամեն ինչում․․․կտոր, կտոր․․․անունը՝ պարտություն․․․

Հ․Գ․ Մի քանի տարի առաջ քնացքով Վրաստան էի մեկնում։ Հայաստանի ողջ տարածքով անցնելիս տպավորություն էր, թե տասնամյակներ լքված, ամայացած ու մարդկային շունչ չունեցող տարածքներով ենք անցնում՝ անխնամ ու աղքատ եզերք․ տրակտորների մնացորդներ, մեքենաների թափոնների գերեզմանոցներ, կիսափլատակ շինություններ, լքված գործարանների ու գոմերի կմախքներ, ավազուտի վերածված հողակտորներ։ Մի խոսքով՝ Հոլիվուդյան ֆիլմից պեյզաժ․․․

Օրերս գնացքով Անգլիալի մի քաղաքից մյուսն էի անցնում․ ողջ ճանապարհն ասես մանկական գրքի ձևավորում լիներ, մաքուր, կոկիկ, աչք շոյող, կանոնավոր ու կազմակերպված։ Նրանք, վստահաբար, առավոտյան մեկ շչակով չեն արթնանում, բայց հաստատ գիտեն ինչ է հայրենիքը, պետությունը, կարգն ու կանոնը, քաղաքացիական պարտքը, պատասխանատվությունն ու պրոֆեսիոնալիզմը։ Նրանք պաշտում են իրենց պետությունն ու ավանդույթը․․․

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը