Աշխարհ

22.07.2022 21:53


Իրանը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանն արգելափակվի. Իրանի խորհրդարանական Շահրիար Հեյդարի

Իրանը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանն արգելափակվի. Իրանի խորհրդարանական Շահրիար Հեյդարի

Իրանի խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի սահմանային հարցերով կոմիտեի նախագահ Շահրիար Հեյդարին հայտարարություն է արել հայ-իրանական սահմանի առնչությամբ՝ շեշտելով, որ Իրանն ու Հայաստանը չունեն որևէ երրորդ կողմի, այդ թվում՝ Թուրքիայի խորհրդի կարիքը այդ կապակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է իրանական IRIB հեռուստառադիոընկերությունը:

Շահրիար Հեյդարին այդ խոսքերն ասել է Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Թուրքիայի նախագահին ուղղված խոսքերի համատեքստում:

«Ինչպես հայտարարել է հոգևոր առաջնորդը՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը թույլ չի տա, որ Իրանի ու Հայաստանի սահմանը արգելափակվի»,-ընդգծել է Հեյդարին:

Մատնանշելով Հայաստանի Հանրապետության ռազմավարական դիրքը՝ իրանցի խորհրդարանականն ասել է, որ դա բազմաթիվ խնդիրներ է ստեղծել Հայաստանի համար, որոնցից մեկը եղել է Ադրբեջանի հետ հակամարտությունը Լեռնային Ղարաբաղի շուրջ: Սակայն ըստ Շահրիար Հեյդարիի խնդիրը պետք է լուծվի լրջորեն և դիվանագիտության միջոցով։

«Իրանը միշտ հավատացած է եղել, որ երկու երկրները խնդիրը պետք է կարգավորեն քաղաքական ճանապարհով: Արտատարածաշրջանային որոշ ուժեր ցանկանում են Հայաստանի տարածքով Նախիջևան տանող միջանցք ստեղծել, որ Իրանին լուսանցք մղեն, սակայն Հայաստանն ու Իրանը շեշտում են, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի: Մենք Հայաստանի հետ 47 կմ ընդհանուր սահման ունենք, որի մի մասը Արաքս գետի սահմանն է, և թույլ չենք տա, որ որևէ կերպ վնաս հասցվի այդ սահմաններին: Իրանի և Հայաստանի սահմանը միշտ անվտանգ է եղել, դրա անվտանգության համար երկու երկրներն էլ ջանում են և կանխում են ցանկացած անօրինական երթևեկություն ու սահմանային ոտնձգություն, և մենք որևէ երրորդ կողմի, ինչպես օրինակ՝ Թուրքիայի խորհրդի կարիքը չունենք»,-հայտարարել է Շահրիար Հեյդարին:

Հուլիսի 19-ին ԻԻՀ հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին ընդունել էր Իրանի և Ռուսաստանի նախագահների հետ եռակողմ հանդիպման նպատակով Թեհրան ժամանած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին՝ շեշտելով, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը դեմ կլինի Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ևս Իրանի գերագույն հոգևոր առաջնորդն ընդգծել էր, որ Իրանը չի հանդուրժի այն քաղաքականությունն ու ծրագրերը, որոնք հանգեցնում են Իրանի և Հայաստանի միջև սահմանի փակմանը:

Այս խորագրի վերջին նյութերը