Տնտեսական

05.09.2011 13:21


«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը չարաշահել է գերիշխող դիրքը

Այսօր՝ սեպտեմբերի 5-ին տեղի ունեցած ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նիստում արձանագրվեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը թույլ է տվել գերիշխող դիրքի չարաշահում: Ընկերությունը չի կատարել իր պարտավորությունները, որի հետևանքով մոտ 20 բնակելի տների բնակիչներ կրել են կենցաղային անհարմարություններ և ֆինանսական կորուստներ:

 

Բնակիչները ներկայացրել են դիմում-բողոք՝ մենաշնորհային դիրք ունեցող ընկերության խտրական գործունեության դեմ.

Երևանի Նոր Նորք համայնքի Մոլդովական և Բագրևանդ փողոցների միջանկյալ տարածքում գտնվող մոտ 20  նորակառույց բնակելի տների սեփականատերեր դիմել են Հանձնաժողովին և ներկայացրել դիմում բողոք՝ իրենց թաղամասի բնակելի տներին էլեկտրամատակարարում չապահովելու համար:

Դիմումում մասնավորապես նշված է, որ դեռևս 2005-ին բնակելի թաղամասի էլեկտրամատակարարման ապահովման նպատակով «ՀԷՑ»-ին տրամադրվել է հողատարածք՝ ենթակայանի շենքի կառուցման համար: 2009-ին  ավարտվել է ենթակայանի շենքի կառուցումը, տեղադրվել են լիովին նոր սարքավորումներ, ինչի համար «ՀԷՑ»-ը արտաքին դոնորից ներգրաված վարկային ռեսուրսի հաշվին կատարել է զգալի կապիտալ ծախսեր: Սակայն արդեն 2 տարուց ավելի է, ինչ ենթակայանի շահագործման ուղղությամբ ընկերությունը որևէ քայլ չի կատարում, ինչի արդյունքում տարածքի բնակչությունը կրում է կենցաղային անհարմարություններ: «ՀԷՑ»-ի նման գործունեությունը բնակիչներին դրդել է ապօրինի լարանցումներ կատարել  և մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող ժամանակավոր գծերով էլեկտրաէներգիա ստանալ, ինչի դիմաց ստիպված են վճարել ամսական գրեթե 40 հազար դրամ, քանի որ բնակիչների մեծ մասը 3,5 տարի շարունակ հաշվիչ չունի և 3-ից 4-ական տներով սպառում են հաշվիչ ունեցող հարևանի հոսանքը:

 

«ՀէՑ»-ը թերացել է պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման մեջ և գործել է օրենսդրական խախտումներով

Բնակիչների դիմում-բողոքից հետո հարուցված վարչական վարույթի շրջանակներում Հանձնաժողովի կողմից կատարվել են լայնածավալ ուսումնասիրություններ, ինչի արդյունքում պարզվել է, որ «ՀԷՑ»-ը գործել է օրենսդրական խախտումներով, ինչի արդյունքում բնակիչները զրկվել են պատշաճ էլեկտրամատակարարում ունենալու հնարավորությունից:

Հանձնաժողովի կողմից վարույթն սկսելուց հետո «ՀԷՑ»-ը սկսել է ակտիվ աշխատանք իրականացնել՝ խախտումը վերացնելու ուղղությամբ:

Վարչական վարույթի ընթացքում դիմումատուների ներկայացուցիչ Հայկ Դավթյանը բնակիչների անունից Հանձնաժողով է ներկայացրել միջնորդություն՝ տեղեկացնելով, որ կարճ ժամանակում «ՀԷՑ»-ը ավարտել է շինարարական բոլոր աշխատանքները և այժմ թաղամասի բնակիչներն ապահովված են շուրջօրյա էլեկտրամատակարարմամբ: Բնակիչների պահանջն ըստ էության բավարարված է, ինչի հետ կապված էլ նրանք խնդրեցին կիրառել պատասխանատվության մեղմ միջոց: Միջնորդությամբ հանդես եկավ նաև «ՀԷՑ»-ը՝ իր հերթին խնդրելով, որ այս անգամ ցուցաբերվի ավելի մեղմ մոտեցում՝ հավաստիացնելով, որ իրենց կողմից նման խախտում թույլ է տրվել առաջին անգամ և հետագայում նման դեպքերը կբացառվեն:

Այս խորագրի վերջին նյութերը