Կարծիք

14.07.2022 17:00


Կառավարությունը ոչ միայն սոցիալական պատասխանատվությունից է խուսափում, այլև իր որոշումներով ավելի է խորացնում սոցիալական անհավասարությունը

Կառավարությունը ոչ միայն սոցիալական պատասխանատվությունից է խուսափում, այլև իր որոշումներով ավելի է խորացնում սոցիալական անհավասարությունը

Բանկերի քարտապան կենսաթոշակառուներին ու նպաստառուներին անկախիկ գործարքներ անել խրախուսող կառավարության որոշումն, իհարկե, կարող է առաջադիմական թվալ՝ միտված այդ թվում նաև որոշակիրորեն բարելավելու խոցելի այս խավի սոցիալական վիճակը, սակայն արդյունքում հասարակության մոտ էլ ավելի է խորանալու սոցիալական անարդարության զգացումը:

Հայաստանում քարտով կենսաթոշակ է ստանում 560 հազար թոշակառուներից միայն 390 հազարը: Մյուս 170 հազար չեն կիրառում այդ գործիքը մի շարք հիմնավոր պատճառներով:

Գյուղական բնակավայրերում բանկային տերմինալներ չկան, և թոշակառուների համար իրենց թոշակը կանխիկացնելը դառնում է գլխացավանք՝ այդ թվում նաև ծախսատար գլխացավանք, մյուսներն ուղղակի առողջական խնդիրներից ելնելով չեն կարող ժամանակին համընթաց քայլել: Ուստի 170 հազար թոշակառուի զգալի մասի համար նույնիսկ խոստացվող մինչև 5000 դրամ ետվերադարձը չի կարող պատճառ դառնալ անցնելու քարտային համակարգին:

Եթե անգամ գյուղական խանութներում դրվեն անկանխիկ առևտրի համար անհրաժեշտ տերմինալներ, ինչն, ի դեպ, որոշակի ժամանակ կպահանջի, միևնույն է գյուղացին որոշակի գործարքներ ստիպված է անել կանխիկ: Իսկ կանխիկացման համար երբեմն կարող է ծախսել նույնքան գումար որքան խոստացվող ետվերադարձն է:

Ինչ վերաբերում է այս պահին քարտով կենսաթոշակ ստացող 390 հազար քաղաքացիներին, ապա կառավարությունում սխալ պատկերացում ունեն, որ այդ քաղաքացիները լիարժեք տիրապետում են անկանխիկ գործարքներ անելու հմտություններին: Բազմաթիվ տատիկ-պապիկներ ամեն ամսին խնդրում են անցորդներին օգնելու կանխիկացնել իրենց կենսաթոշակները՝ այդ թվում նաև ռիսկի դիմելով, քանի որ անծանոթ մարդկանց վստահում են իրենց քարտը և գաղտնաբառը: Արդյունքում նման մարդկանց համար, որոնց թիվը քիչ չէ, կառավարության այս որոշումից օգտվելը հերթական սթրեսն է դառնալու:

Քաղաքացիների համար մյուս սթրեսը ճիշտ բանկի քարտ ունենալն է: Կառավարության այս ծրագրին միացել է ընդամենը երեք բանկ, այնինչ մեր բոլոր թոշակառուները չէ, որ այդ բանկերի հաճախորդներն են: Բանկ փոխելն այդ թոշակառումների համար ոչ միայն կարող է անհարմարություններ առաջացնել, այլ լինել խնդրահարույց՝ ելնելով իրենց ներկայիս բանկում ունեցած որոշակի պարտավորություններից:

Արդյունքում կառավարության այս որոշումից օգտվել կարող են միայն սահմանափակ թվով քաղաքացիներ, այնինչ այսօրվա սոցիալական պայմաններում, երբ արդեն երկրորդ տարին է ունենք չդադարող գնաճ, խիստ կարևոր է, որ առկա ռեսուրսներն օգտագործվեն թիրախային և սոցիալական հավասարության սկզբունքի պահպանմամբ:

Ելենա Կիրակոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը