Կարծիք

13.07.2022 12:07


ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՐ կամ՝ բիրմինգհեմյան դասեր

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱՐ կամ՝ բիրմինգհեմյան դասեր

Բիրմինգհեմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողությամբ։ Իհարկե, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրև պետականության դեվալվացիային։ /Այս խոսքերը գրում եմ անսահման ցավով/։

Իհարկե, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականության, ռազմավարական դաշնակիցների հետ տարվող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականության, ավելի շուտ՝ դրա բացակայության, քաղաքական մեծամասնության դիլետանտության, ազգային շահերը չգիտակցելու և ստորադասելու հետևանքն է։ /Հակված եմ մտածելու, որ սա նաև հանձնառություն է․ իշխանություն պահելու գին/։

Ցավոք, սա նաև աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հետևանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չկարողացավ ճիշտ դիրքվորվել ու շարունակում է իր անղեկ վայէջքը․․․։

Չկարողացավ, որովհետև ի թիվս վերը նշված նախապայմանների, Հայաստանը բզկտվել էր նաև ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաև մեր պետականության և հայ հավաքականության իմունիտետը/դիմադրողականությունը։

ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /հուլիսի 1-6, Բիրմիգհեմ/ ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության ամրապնդմանը։

Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է։

Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականությունը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կույր, խուլ և համր ձևացավ՝ որևէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային զենքերի կիրառմանը, ինքնորոշման իրավունքին, հայկական մշակությանին ժառանգության ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին․․․։

Այս հարցերից և ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ Քաղաքական և ոչ էլ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում և բանաձևերում։

Հայաստանը չկար․․․ չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։

Որովհետև այսպես խոսում են պարտվածի հետ, այդպես են վերաբերվում խաղաղություն մուրացողին։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունն, այնուամենայնիվ, հնարավոր է վերաանգնել։

Եվ, երբ իմ երկու ելույթներում շեշտեցի ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են․․․

Շատ դժվար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարավներում, Հայաստանի հանրության թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հյուպատոսություն բացելու առնչությամբ․․․

Հայաստանին չհաջողվեց բանաձևերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերվում էին ռազմական գերիների անհապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից և Հադրութից տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։

Եվ ոչ պակաս կարևոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներևակայելի կրքով քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերը։

ԴԱՍԵՐ․

-Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի և անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրույցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հավաքական տեսակետը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանքն է, գործոն չլինելու Հայաստանի ներկա վիճակի հետևանքը։

-Եվ, այնուամենայնիվ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պետք է շարունակել աշխատել, կազմակերպվել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։

-Աշխատել ամենօրա ռեժիմով, համահայկական տարողությամբ և ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողություն ունեցող կադրերով։

-Այդ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի։

-Հնարավոր է հաջողել, եթե այս խնդիրների շուրջ կա ազգային համախոհություն /կոնսենսուս/ քաղաքական և բարոյական լեգիտիմություն ունեցող իշխանություն։

-Պետականության կոլապսի ներկա պայմաններում, ներազգային պառակտվածության, քաղաքական հաշվեհարդարների և խորացող բռնատիրության ներկա մակարդակում սա գրեթե անհնար է։ Հանրության մեծ մասը, նաև օբյեկտիվ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորությունը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։

-Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծություն, ազգային արժեքային հենարան։

Ունե՞ն այս իշխանություններն այս կամքը, Ո՛Չ։

Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։

Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանությամբ։

Լիլիթ Գալստյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը