Լրահոս

02.09.2011 17:34


Տարոն Մարգարյան. «Երևանում գտնվող 3827 կրպակներից արդեն ապամոնտաժվել է 1138-ը»

Տարոն Մարգարյան. «Երևանում գտնվող 3827 կրպակներից  արդեն ապամոնտաժվել է 1138-ը»

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր աշխատանքային քննարկում՝ նվիրված Երևան քաղաքում կրպակների ապամոնտաժման խնդրին: Աշխատանքային քննարկմանը մասնակցել են ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը և քաղաքապետարանի այլ պատասխանատու անձինք: Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Երևանում գտնվող 3827 կրպակներից  արդեն ապամոնտաժվել է 1138-ը, դրանք վերջին տարիներին չեն գործել և չեն ունեցել փաստաթղթեր:

Ներկայացնելով Երևանի քաղաքապետարանի դիքորոշումը՝ Տարոն Մարգարյանը նկատել է, որ հաշվի առնելով նաև քաղաքացիների առաջարկները՝ ապամոնտաժվում են բացառապես պետական գրանցում չունեցող կամ գործունեության պայմանագրերի ժամկետները լրացած,  քաղաքի Կենտրոն վարչական համայնքի կենտրոնական փողոցներում գտնվող կրպակները և տաղավարները:

Նշվել է, որ ներկայումս Կենտրոն վարչական համայնքում գործում են 180 կրպակներ, որոնք չունեն պետական գրանցում և գործում են անօրինական:

Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով կրպակատերերի հետ ընթանում են բանակցություններ, որպեսզի կրպակները տեղադրվեն այլ վայրերում: Բացի այս,  առկա է  նաեւ քաղաքապետի հստակ հանձնարարական, ըստ որի, այսուհետ նոր կրպակների համար տարածքներ չեն հատկացվելու, ինչպես նաև չեն երկարացվելու գործող կրպակների ժամկետները: Չեն  ապամոնտաժվելու քաղաքի մյուս՝ 11 վարչական համայնքների երկրորդական, երրորդական փողոցներում կամ բակային տարածքներում գտնվող կրպակներն ու տաղավարները՝ անկախ դրանց իրավական կարգավիճակից:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը