Կարծիք

11.07.2022 10:50


Ադրբեջանի դերը Արևմուտքի համար՝ Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում, կարող է մեծանալ

Ադրբեջանի դերը Արևմուտքի համար՝ Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում, կարող է մեծանալ

Ինչպես հայտնի է, ԵՄ-ն 2022 թվականի առաջին երեք ամսվա ընթացքում Ադրբեջանից գազի գնման համար ծախսել է մոտ 2,1 մլրդ եվրո: Այդ մասին նշված է ԵՄ-ի հաշվետվության մեջ գազի գնումների մասով: Ըստ այդ փաստաթղթի, նույն ժամանակահատվածում ԵՄ-ը Ռուսաստանից գազի գնման համար ծախսել է 26,5 մլրդ եվրո, Նորվեգիայից՝ 19,2 մլրդ, Ալժիրից և Լիբիայից՝ 5,4 մլրդ, իսկ Ադրբեջանից՝ 2,1 մլրդ եվրո:

Ըստ այդ հաշվետվության, Ադրբեջանից գազի գնման ծավալները կազմում են ընդհանուրից մոտ 2,5 տոկոսը: Դա ուղիղ երկու անգամ ավել է, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համար: Այսինքն այս տարի Ադրբեջանը Եվրոպային վաճառել է երկու անգամ ավելի շատ գազ, քան նախորդ տարի:

Ըստ եվրոպացի փորձագետների, Եվրոպան այլ երկրներից մոտակա ժամանակահատվածում չի կարող ստանալ բավարար քանակի էժան գազ, որպեսզի կարողանա կոմպենսացնել ռուսական գազի գնումներից հրաժարումը:

Ամերիկյան հեղուկ գազը, ըստ փորձագետների, չի կարողանա կոմպենսացնել Եվրոպային ռուսական գազից հրաժարվելը, քանի որ հեղուկ գազի մատակարարման ինքնարժեքը զգալիորեն թանկ է գազամուղից ստացած գազից: Այդ իսկ պատճառով Եվրոպայում կարծում են, որ կամ պետք է վերանայել Ռուսաստանի հետ կոշտ հարաբերություններ հաստատելու մոտեցումը, կամ էլ պետք է մեծացնել գազի մատակարարման ծավալները գազամուղերի միջոցով այն երկրներից, որից այսօր ստացվում է:

Այդ համատեքստում մեծանում է Ադրբեջանի դերն ու նշանակությունը Եվրոպայի համար, քանզի նրա միջոցով Եվրոպան կարող է ստանալ թուրքմենական գազ: Սակայն դա թեկուզ մոտավոր, բայց ապագայի հարց է: Իսկ փորձագետների կարծիքով այս տարվա ձմեռը լինելու է ամենածանրը եվրոպացիների համար, քանզի տարվա այդ ժամանակահատվածում գազի գինը կարող է հասնել մինչև 3500 եվրո մեկ խորանարդի համար:

Միաժամանակ դա նշանակում է, եթե ռուս-արևմտյան հակասության այս չափ աստիճանը չթուլանա, ապա Ադրբեջանը կարող է օգտվել այս իրավիճակից և դառնալ ԵՄ-ի գլխավոր գործընկերներից մեկը՝ դրանից բխող քաղաքական հետևանքներով, մեզ՝ հայերիս համար:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը