Կարծիք

05.07.2022 21:38


Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ

Անկանխիկ վճարումների գործընթացի մեկնարկը՝ չհաշվարկված և անպատրաստ

Կանխիկի շրջանառության կրճատումը դրական է և անհրաժեշտ՝ ստվերի դեմ պայքարի, տնտեսական, ֆինանսական անվտանգության բարձրացման հնարավորություններով պայմանավորված: Ինքս էլ շատ եմ կարեւորում անկանխիկի անցումը , մինչդեռ բարեփոխումը պետք է իրականացվի այնպես, որ հերթական անգամ չստեղծվի տնտեսվարողների և քաղաքացիների գլխին կախված նոր մահակի տպավորություն:

Տեխնիկական ապահովության խնդիրներ

Տնտեսվարողը ոչ վաղ անցյալում նոր սերնդի ՀԴՄ սարքավորումների գնման պարտադրանքից հետո կանգնել է անկանխիկ վճարումներ ընդունելու համակարգի լրացուցիչ ակտիվացման հարցի առաջ: Չնայած ԿԲ-ն հայտնել է (օրենքի ուժի մեջ մտնելուց օրեր առաջ) հայաստանյան երկու բանկի կողմից այդ գործընթացն ապահովելու պատրաստակամության մասին, բայց, ըստ երևույթին, այս գործընթացը պատշաճ վերահսկողություն չունի, քանի որ կան դժգոհություններ, որ բանկերն այդ գործընթացի դիմաց դնում են նախապայմաններ. օրինակ՝ ինչ-որ շրջանառությունից պակաս լինելու դեպքում ֆիքսված միջնորդավճարի պայման են ներկայացնում:

Բանկային միջնորդավճարները՝ հարված փոքր և միջին բիզնեսին ու քաղաքացուն

Անկանխիկ միջոցներով գործարքների իրականացումը ենթադրում է յուրաքանչյուր գործարքից միջնորդավճար բանկերին՝ սկսած 1,5%-ից ընդհուպ մինչև 4,5 – 5%:

Շղթայաբար բարձրանալու են ապրանք-ծառայությունների գները: Բայց սա միայն երևացող հատվածն է: Իրականում այս ողջ գործընթացից մեծ շրջանառություն ունեցողների կողքին փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները կարող են պարզապես դուրս մղվել շուկայից: Սխեման պարզ է՝ տնտեսվարողի շահույթը նվազելու է, քանի որ եկամուտների ավելացման համար տնտեսական ներկայիս իրավիճակն այնքան էլ հուսադրող չէ, մինչդեռ ծախսն այսպիսով ավելանում է:

Հարկային եկամուտների աճի հնարավորություն

օբյեկտիվորեն կա հարկային եկամուտների աճի ակնկալիք, ինչն անշուշտ դրական է: Բայց դրա դրական արդյունքը միջին վիճակագրական քաղաքացին պետք է զգա հետադարձ ազդեցությամբ: Երբ այս ամենի ներքո թոշակների, նպաստների կամ նվազագույն աշխատավարձի բարձրացումը նախատեսվում է ընդամենը մի քանի հազար դրամով, այնինչ պետական պարգևավճարների, անհարկի ծախսերի, ըստ այդ պահին քաղաքական պատեհության այս կամ այն ոլորտի պետական պաշտոնյաների աշխատավարձերի աճը անգամներով է ավել, ստացվում է, որ քաղաքացին կարող է տուժել՝ վճարելով ավելի շատ, իշխանության նեղ անձնական և քաղաքական ամբիցիաների բավարարման համար: Մյուս հետադարձ խողովակը՝ տնտեսությունում արդյունավետ կապիտալ ծախսերի կատարումն է: Այստեղ մենք ունենք վստահության սուր ճգնաժամ, որի պատճառն ու մեղավորն այս իշխանությունն է:

Բանկերի շրջանառու միջոցների ավելացման հնարավորություն

Բանկերն այսպիսով ունենում են շրջանառու կուտակված միջոցներ, ինչն օրինակելի պարագայում, կրկին հետադարձ խողովակներով դեպի տնտեսություն և անհատներ ֆինանսավորման հասանելիության մեծացում է ենթադրում: Ակնկալե՞լ այս իրականությունում նման զարգացումներ, թե՞ սա կլինի պարզապես բանկային համակարգից տնտեսության կախվածության էլ ավելի մեծացում. թողնում եմ յուրաքանչյուրիդ գնահատմանը:

Ամփոփելով` օրենքի դրական ու բացասական կողմերը.

1. Ստվերի կրճատման, լրացուցիչ հարկահավաքման հնարավորություն,

2. Նպաստ բանկային շրջանառու միջոցների ավելացմանը,

3. Ֆինանսական, տեխնիկական խնդիրներ տնտեսվարողների համար,

4. Մրցակցային խնդիրներ փոքր և միջին բիզնեսի համար,

5. Ապրանք-ծառայությունների շղթայական թանկացում,

6. Բանկերից ու բանկային միջնորդավճարներից տնտեսության կախվածության մեծացում:

Բարեփոխումը, հատկապես սոցիալ-տնտեսական խիստ խոցելի իրավիճակում, գոնե սկզբնական փուլում պետք է կրի խրախուսող, ոչ թե պատժիչ բնույթ: Հակառակ դեպքում և՛ տնտեսվարողի, և՛ քաղաքացու համար պարզապես ավելանում են դժվարություններն՝ իրենց ավելի խորքային հետևանքներով:

Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը