Տնտեսական

04.07.2022 20:03


Հայաստանում ՌԴ դեսպանատան կոշտ պատասխանը

Հայաստանում ՌԴ դեսպանատան կոշտ պատասխանը

Հունիսի 29-ին Մադրիդում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին հայտարարել էր Հայաստանում Կանադայի դեսպանատուն բացելու՝ իրենց երկրի մտադրության մասին:

«Մենք Կանադայի ներկա գրասենյակները դաշնակից Էստոնիայում, Լիտվայում և Սլովակիայում, վերափոխում ենք լիակատար դեսպանատների՝ մշտական դեսպաններով, և ուժեղացնում ենք մեր ներկայությունը Լատվիայում մեր դեսպանատան միջոցով: Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին»,- ասել էր Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը:

Բացի այդ, Կանադայի ԱԳ նախարարի խոսքով, հետևելով Եվրամիությունում և Եվրոպայում Կանադայի հատուկ բանագնաց և Գերմանիայում դեսպան Ստեֆան Դիոնի առաքելությանը և հայկական ժողովրդավարությանը Կանադայի աջակցությունն ավելացնելու վերաբերյալ նրա զեկույցին, Կանադան դեսպանություն կբացի նաև Հայաստանում և կնշանակի դեսպան: Դա հնարավորություն կտա ամրապնդել երկկողմ կապերը և մեծացնել Կանադայի աջակցությունը հայկական ժողովրդավարությանը:

«Այս դիվանագիտական ​​ընդլայնումը կօգնի Կանադային արձագանքել առաջացած անվտանգության սպառնալիքներին, ամրապնդել քաղաքական և տնտեսական համագործակցությունը և աջակցել Հայաստանին իր ժողովրդավարական զարգացման գործում»,-նշել էր Կանադայի ԱԳ նախարարը:

Ուշագրավ է, որ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում ու Կովկասում երկրի դիվանագիտական ​​ներկայության և հնարավորությունների ընդլայնման մասին Կանադայի ԱԳ նախարարի հիմնավորումն առ այն, որ «Այս փոփոխություններն էլ ավելի կուժեղացնեն Կանադայի ներգրավվածությունը տարածաշրջանում, կօգնեն դիմակայել Ռուսաստանի ապակայունացնող գործողություններին», տարածել էր նաև Հայաստանի պետական բյուջեից սնվող Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը՝ 1lurer.am-ը: Նրան էին հետևել նաև այլ լրատվամիջոցներ:

ՌԴ արձագանքը, ինչպես և սպասելի էր, չուշացավ: Քիչ առաջ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտոնական ֆեյսբուքյան էջով տարածվեց ՌԴ դեսպանատան մամլո ծառայության մեկնաբանությունը:

«Ուշադրություն դարձրեցինք տեղական ԶԼՄ-ներում հայտնված Հայաստանի Հանրապետությունում Կանադայի դեսպանատուն բացելու մասին տեղեկատվությանը: Ամեն ինչ նորմալ է, միայն թե տարակուսանք է հարուցում այն, որ համաձայն ԶԼՄ-ների, այդ քայլը Կանադայի ԱԳՆ-ի կողմից ակնհայտորեն մատուցվել էր որպես «ռուսական ազդեցությանը հակընդդեմ գործողություն: Զարմացնում է այդքան անթաքույց ամբարտավան ու քամահրական վերաբերմունքը մի պետության նկատմամբ, ում հետ կարծես թե պատրաստվում են ամրապնդել երկկողմանի կապերը: Ակամայից մտածում ես այն մասին, թե ինչպես այդ գիծը կազդի հայ ժողովրդի բարեկեցության և անվտանգության վրա»,- ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

Ըստ ՌԴ դեսպանատան՝ այս սյուժեն ցուցադրական է այն տեսանկյունից, թե ինչպես են իրենց «ոսկե միլիարդին» դասող պետությունների իշխող շրջանակներն ընկալում մնացած աշխարհը:

«Հենց այլ երկրների ու ժողովուրդների նկատմամբ այդ ամբարտավան և երբեմն էլ մեծամիտ վերաբերմունքն է ընկած ժամանակակից աշխարհում տեղի ունեցող բազմաթիվ ողբերգական իրադարձությունների հիմքում»,-ասված է ՌԴ դեսպանատան տարածած մեկնաբանության մեջ:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը