Տնտեսական

02.09.2011 10:39


Տնտեսվարողներ. «Մի՞թե մեր երեխաներին մի չնչին բան չի հասնում»

Տնտեսվարողներ. «Մի՞թե մեր երեխաներին մի չնչին բան չի հասնում»

Բաց նամակ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանին

Մեծարգո պարոն նախագահ.

Ձեզ են դիմում` Երևան քաղաքի Աբովյան-Կորյուն գետնանցումում գործող` թվով 34 տնտեսվարող սուբյեկտները, ովքեր քաջ գիտակցում են երկրում տիրող բարդ վիճակը և պատրաստ են Ձեզ թիկունք կանգնել բոլոր հարցերում: Լիովին անհասկանալի է, որ համապետական ընտրությունների` Ազգային Ժողովի և նախագահական ընտրությունների նախաշեմին, Ձեր ենթակա պաշտոնյաներն ամեն ինչ անում են, որպեսզի հերթով բոլորի մոտ առաջանան դժգոհություններ Ձեր և Ձեր կուսակցության նկատմամբ և նրանք համալրեն Ձեր քաղաքական հակառակորդների բանակը: Անկեղծ ասած, Ձեր ենթակաների գործողությունները խստորեն հակասում են աշխարհում ընդունված քաղաքական գործընթացների տրամաբանությանը: Ինչ արտառոց իրադարձություն է տեղի ունեցել Երևան քաղաքում, որ այսքան տարիներ համբերելով, ընտրությունների նախաշեմին Ձեր ենթականերն իրենց չմտածված գործողություններով Ձեր դեմ են տրամադրում տասնյակ հազարավոր ընտրողների: Հայաստանը մի բուռ երկիր է և բոլորը գիտեն, թե սեփականաշնորհման գործընթացում ինչեր են տեղի ունեցել և մեր սիրելի մեծահարուստներից ով քանի օբյեկտ է սեփականաշնորհել և ինչ խախտումներով: Միթե՞, ամբողջ երկրի սեփականաշնորհման պրոցեսում` մեր պապերի շինած երկրում մեր երեխաներին մի չնչին բան չի հասնում:

Այժմ Ձեզ ենք ներկայացնում մեզ հուզող կոնկրետ խնդիրը.

Եթե Երևանի քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել Աբովյան-Կորյուն գետնանցումը, ապա բարոյական և տրամաբանական կլինի, որպեսզի այն ուղիղ վաճառքի ձևով վաճառվի այնտեղ 25 և ավելի տարիներ աշխատող տնտեսվարողներին: Նշված տնտեսվարող սուբյեկտները տարիներ շարունակ` իրենք իրենց ուժերով վերանորոգել, բարեկարգել և պահել են նշված գետնանցումը և չնայած նրան, որ այդ խնդիրները քաղաքային իշխանությունների ուղղակի պարտականությունն էին, նրանք մշտապես մեղմ ասած` միշտ իրենց «ձեռքերը լվացել» են այդ պրոբլեմից: Հատկապես նշենք, որ այդ տարածքները նշված տնտեսվարողների հացի միակ աղբյուրն են և այն տալով մեր սիրելի մեծահարուստներից որևէ մեկին, նրանց թողնում ենք մի ճանապարհ` բռնել Ալթայի երկրամաս տանող ճանապարհը: Կամ այդ քայլով բազմաթիվ ընտանիքներ կզրկվեն ամենօրյա հացից:

Ուստի, խնդրում ենք Ձեր բարեհաճությունը` սատար

կանգնելու մեզ և եթե նշված գետնացման վաճառքի հարցն այդքան անխուսափելի է, ապա Աստվածահաճո` Ձեր Բարձր կարգադրությամբ` թող այն ուղիղ վաճառքի ձևով վաճառեն նշված տնտեսվարողներին, ովքեր հետագայում` քաղաքապետարանի առաջարկած պայմանների և նրա հետ կնքված պայմանագրերի համաձայն կիրագործեն նաև նշված գետնանցման բարեկարգ պահելու բոլոր   խնդիրները:

Եթե Դուք էլ չընդառաջեք մեզ, ապա մեզ հստակ մնում է մի ճանապարհ` շուտափույթ լքել Հայաստանը կամ որոնել այլ ճանապարհներ:

ԱբովյանԿորյուն գետնանցման թվով 34 տնտեսվարողներ

Այս խորագրի վերջին նյութերը