Կարծիք

02.07.2022 19:06


Ում` ինչն է կարևոր

Ում` ինչն է կարևոր

Ժողովրդին՝ անվտանգային բազմաթիվ խնդիրները, քաղաքացու թիկունքում ընթացող զարգացումները, որոնց վերջին՝ որևէ տրամաբանությունից դուրս դրսևորմանն ականատես ենք լինում ճանապարհների, Բերձորի, Աղավնոյի, մեր մյուս բնակավայրերի հետ կապված այս աղետալի զարգացումների հետ կապված: Ժողովրդին՝ պարտության դեռևս չդադարող անիվը, սոցիալական, տնտեսական անվտանգության կորուստը, աղքատության ավելացող մակարդակը, որոնց մի դրվագին ավելի մանրամասն կանդրադառնամ ստորև:

Իշխանությանը՝ սեփական աթոռներից կառչած մնալը, մանրախնդրությունն ու քաղաքական հաշվեհարդար հիշեցնող վերջին զարգացումները խորհրդարանում: Իշխանութանը՝ արժեքային, տնտեսական, դատական և մնացած գրեթե բոլոր ոլորտներին զուգահեռ նաև քաղաքական մշակույթի քայքայումը՝ ի դեմս գործընկերներիս պաշտոնանկումների խայտառակ գործընթացի:

Եվ սա սոցիալական լրջագույն խնդիրների ֆոնին, որին Կառավարության իբրև լուծումների միայն անունն է հնչեղ..

Օրինակ, նույն նվազագույն աշխատավարձի ու կենսաթոշակների հաջորդ տարի սպասվող բարձրացումների որոշումը: Դրական է, իհարկե, քաղաքացու եկամտի աճը: Ինքս պարբերաբար անդրադառնում եմ գնաճի թեմային, նշում օրեցօր աղետալի չափերի հասնող թանկացումներն ու, բնականաբար, շատ լավ պատկերացնում եմ, որ այս իրավիճակում շատ ընտանիքների համար եկամուտների թեկուզ փոքր աճը կարող է էական նշանակություն ունենալ: Ի դեպ, սա ևս ցուցիչ է, թե որքանով են «ավելի լավ ապրում» Հայաստանի քաղաքացիներն այս իշխանությունների օրոք:

Խնդիրն այն է, սակայն, որ տեղեկությունը հնչեղ է միայն առաջին հայացքից, իսկ իրականում.

1. Այս պահին նվազագույն աշխատավարձ ստացող ՀՀ քաղաքացուն չի բավարարում առնվազն 8000 դրամ` առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Առաջին եռամսյակային տվյալներով նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 76,300 դրամ, նվազագույն աշխատավարձը 68 000 դրամ է: Ստացվում է, որ անգամ նախատեսվող 7000 դրամ բարձրացումը չի սպասարկելու մարդուն անհրաժեշտ նվազագույն կարիքները։

2. Բացի այդ, մինչ նախատեսվող բարձրացումը, առջևում դեռ կես տարի կա, գնաճն առայժմ չի թուլանում, հետևաբար, մինչև հունվարի 1-ը Հայաստանի քաղաքացին շարունակելու է մնալ մենակ կենսաապահովման հետ իր ամենօրյա պայքարում:

3. Իրականում այս կռիվը քաղաքացու համար շարունակական է լինելու նաև 2023թ.-ի հունվարի 1-ից հետո, քանի որ բոլոր կանխատեսումներն ու զարգացումները համադրելիս, շատ քիչ է հույսը, որ կլինեն էական էժանացումներ: ԿԲ-ն իր հերթին գնաճի թիրախային մակարդակին վերադառնալը կանխատեսել է 2023թ.-ի երկրորդ կիսամյակից հետո միայն:

Իսկ արդյո՞ք Կառավարության կողմից հիմա նվազագույն աշխատավարձի այդչափ բարձրացման վերաբերյալ որոշումը բավարարող է` շարունակական խնդիրներին լուծում տալու համար:

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հաշվարկներով 500 հազար մարդ մեր երկրում թերսնուցմամբ է տառապում, որոնցից միայն 80 հազարն ավելացել են վերջին երեք ամիսների ընթացքում: Ո՞վ պետք է կրի այս ողբալի վիճակի պատասխանատվությունը, եթե ոչ իշխանությունը: Ինչպիսի՞ն կլիներ իրավիճակն այս համատեքստում, եթե իշխանությունը չխոչընդոտեր ընդդիմության կողմից ներկայացված երկու նախագծերը:

Դեռևս չորս ամիս առաջ` այս տարվա փետրվարին է «Հայաստան» խմբակցությունն առաջարկել տարեկան առնվազն մեկ անգամ ինդեքսավորել կենսաթոշակներն ու նպաստները՝ գնաճին համապատասխան: «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացվել էր նաև նախագիծ՝ նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Այս նախագծերի շուրջ առնվազն քննարկումները չխոչընդոտելը կարող էր ի վեջո հանգեցնել որևէ լուծման, որի արդյունքում պատկերն այսքան ծանր գուցե չլիներ այս պահին:

Արդյունքում, առհասարակ, կասկածի տակ է՝ արդյոք նվազագույն աշխատավարձի այդչափ բարձրացումը կթեթևացնի՞ քաղաքացու սոցիալական խնդիրները:

Ում՝ ինչն է կարևոր:

Հռիփսիմե Ստամբուլյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը