Տնտեսական

02.07.2022 18:27


«Ես նման բան չէի տեսել․ Կարկուտի հետևանքով բոլորն են վնաս կրել, պտղատու ծառերի 70 տոկոսը վնասվել է, վնասվել է 130 մեքենա». Հաթերքի գյուղապետ

«Ես նման բան չէի տեսել․ Կարկուտի հետևանքով բոլորն են վնաս կրել, պտղատու ծառերի 70 տոկոսը վնասվել է, վնասվել է 130 մեքենա». Հաթերքի գյուղապետ

Հունիս 26-ին Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից հայտնել էին, որ Մարտակերտի վերին ենթաշրջանում մոտ 40 րոպե տևողությամբ տեղացած կարկուտը բնակչությանը նյութական վնասներ է պատճառել: Կարկուտն ամենաշատը տեղացել է Հաթերքում, կարկուտի շերտը հասել է 5սմ-ի։

Ըստ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության, տնամերձ հողամասերում և այգիներում կարկուտը գետնին է հավասարեցրել բանջարաբոստանային մշակաբույսերը, բերքատու ծառերը, վնասել էլեկտրալարերն ու բնակելի տների տանիքներն ու պատուհանները։ Կարկուտի տեսքով ուժեղ տեղումներ են գրանցվել Գետավանում, Խնկավանում, Վաղուհասում և հարակից մյուս բնակավայրերում։

168.am-ի հետ զրույցում Հաթերք գյուղի ղեկավար Վարդան Գրիգորյանն ասաց, որ ո՛չ ինքը, ո՛չ էլ գյուղում որևէ մեկը չի հիշում, որ ինչ-որ ժամանակ նման կարկուտ տեղացած լինի, նման բան առաջին անգամ են տեսել։

«Գուցե սրանից 100-150 տարի առաջ նման բան եղել է, բայց վերջին 70-80 տարիների ընթացքում մենք նման բան չենք տեսել։

Կարկուտի հետևանքով գյուղում բոլորն են վնաս կրել, մեքենաների մասով էլ վնասները շատ են՝ 130 մեքենա վնասվել է։ Հիմնական ծախսը սա է, բայց այդ հատվածում աջակցություն չունենք։ Ծախսը շատ է, այս հարցում մարդիկ չգիտեն՝ ինչ անեն։ Մեքենաները և՛ մարդատար են, և՛ բեռնատար։ Բեռնատարների մասով դե մի կերպ կաշխատացնեն, բայց մարդատարները պետք է սարքեն։ Կարկուտի ամեն մի հարվածի տեղը որ սարքեն, 3000 դրամ պետք է, ամեն մեքենայի վրա 30-40 հարվածի տեղ կա։ Ըստ հաշվարկի, յուրաքանչյուր մեքենայի վերանորոգման համար 300.000 դրամ է անհրաժեշտ։

Կարկուտի հետևանքով վնասվել են նաև տանիքներ, այս պահին մոտ 20 տան հայտ ենք ներկայացրել, պետք է դրանց տանիքները փոխենք»,- նշեց Հաթերքի գյուղապետը։

Միաժամանակ նա նշեց, որ կարկուտի հետևանքով 5-6 մարդ է վնասվել, նրանք կարկուտի ժամանակ դուրս են եկել, ցանկացել են մեքենաները ծածկել, վնասվել են։

Ինչ վերաբերում է գյուղատնտեսությանը, վնասները ներկայացրել ենք գյուղատնտեսության բաժնում, սպասում ենք պատասխանի։

«Համայնքի տարածքում ինչ կա՝ վնասվել է, մասնավորապես՝ ծառերը։ Դաշտերում կարկուտ քիչ է տեղացել, քիչ վնաս կա, հիմնականում գյուղի հատվածում է վնասներ տվել կարկուտը։ Պտղատու ծառերի 70 տոկոսը վնասվել է, պտուղը թափվել է, պատկերացրեք, որ պոպոքի պտուղն էլ է թափվել, ես նման բան տեսած չկայի»,-եզրափակեց Վարդան Գրիգորյանը։

Այս խորագրի վերջին նյութերը