Կարծիք

02.07.2022 13:58


Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար՝ երկարաժամկետ կտրվածքով

Նիկոլ Փաշինյանը կորցրել է իր բոլոր լեգիտիմ հիմքերը սեփական իշխանության պահպանման համար՝ երկարաժամկետ կտրվածքով

Սովորաբար իշխանության ձևավորումն առանց լեգիտիմ հիմնավորման չի լինում: Եվ անպայման չէ, որ այդ իշխանությունն ունենա դեմոկրատական բովանդակություն: Օրինակ, ներկայիս Չինաստանի իշխանությունները դեմոկրատական սկզբունքներով չեն ձևավորվում, սակայն ունեն բավար լեգիտիմ հիմք իրենց երկրի ներսում: Ստալինյան ռեժիմը, որ արյունոտ բաղնիքներ էր սարքում 30-ական թվականներին, նույնպես ուներ լեգիտիմ հիմք այդ վայրագությունները իրականացնելու համար, իսկ ահա Գորբաչովը, որի իշխանությունը նույնիսկ համեմատելի չԷր ստալինյան բռնապետության հետ, իր վերջին տարիներին արդեն կորցրել էր լեգիտիմության հիմքը, դրա համար էլ կորցրեց իր իշխանությունը: Այսինքն, լեգիտիմությունը կապված չէ իշխանության ձևավորման ձևի և բովանդակության հետ: Օրինակ, 1991-ին Տեր-Պետրոսյանի իշխանությունը ուներ բարձր լեգիտիմություն, մինչդեռ 1996-ից սկսած այդ լեգիտիմությունը վերացավ: 1998-ի իշխանափոխությունը դասական իմաստով դեմոկրատական բնույթ չուներ, սակայն ուներ լայն հանրային լեգիտիմ հիմք, այն իրականացնելու համար: Վերջապես 2018-ի Փաշինյանի գործողությունները դասական իմաստով հակաօրինական բնույթ ունեին, սակայն իրենց հիմքում կար հանրային մեծ լեգիտիմ հիմք:

Այսօր՝ 2018-ից չորս տարի անց, կարող ենք համոզված պնդել, որ Փաշինյանին հաջողվել է ամրապնդել իր իշխանությունը գրեթե բոլոր ուղղություններով` գործադիրը, օրենսդիրը, դատական համակարգը, լիովին գտնվում են իր գրպանում, սակայն նա կորցրել է իր իշխանության պահպանման լեգիտիմ հիմքը:

Նա այսօր կարող է զրկել ընդդիմադիրներին ԱԺ-ի հանձնաժողովներից, նույնիսկ հեռացնել նրանց խորհրդարանից և ձևավորել բացարձակ միակուսակցական, խորհրդային տիպի համակարգ: Սակայն Փաշինյանն արդեն չունի լեգիտիմ հիմք կյանքի կոչելու այդ քայլերը՝ երկարաժամկետ կտրվածքով: Ինչպես որ ԳԿՉՊ-ին չհաջողվեց պահպանել կոմունիստկան իշխանությունը, այնպես էլ Փաշինյանին չի հաջողվելու պահպանել իր հեղինակությունը կորցրած իշխանությունը: Քանզի նույնիսկ ինքը չի հավատում, որ իր ուղղով երկրի զարգացումը կարող է ունենալ ապահով ապագա:

Իսկ ե՞րբ իր այդ համակարգը վերջնականապես կկազմալուծվի, դա արդեն խոսակցության այլ թեմա է:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ zham.am

Այս խորագրի վերջին նյութերը