Լրահոս

02.09.2011 00:08


Լրանում է աստղագետ Վահե Օսկանյանի 90-ամյակը

Սեպտեմբերի 2-ին լրանում է հայ աստղագիտության երախտավորներից մեկի` Վահե Օսկանյանի 90-ամյակը: Նա միաժամանակ հայտնի է թե որպես Հարավսլավիայի ամենանշանավոր աստղագետներից մեկը, և թե որպես Բյուրականի աստղադիտարանի կարևորագույն ուղղություններից մեկի` փոփոխական աստղերի ուսումնասիրության առաջատարներից: Ծնվել է 1921թ. սեպտեմբերի 2-ին Բելգրադում: Նրա հայրը Սողոմոն Թեհլերյանի հորեղբոր որդին էր: Բելգրադում ավարտել է միջնակարգ դպրոցը և գիմնազիան: 1940թ. ընդունվել է Բելգրադի համալսարանի Էլեկտրատեխնիկական ֆակուլտետը, այնուհետև Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1946թ., փոխելով ֆակուլտետը, ուսումը շարունակել է նույն համալսարանի մաթեմատիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնում, որն ավարտել է 1949թ.: 1948-ից աշխատել է Բելգրադի աստղադիտարանի կրկնակի և փոփոխական աստղերի բաժնում: 1952-ից ղեկավարել է փոփոխական աստղերի ուսումնասիրության խումբը: Օգտագործելով իր իսկ պատրաստած էլեկտրալուսաչափ-բևեռաչափը, 1952-1953թթ. գրանցել է UV Կետի աստղի վրա երբևե դիտված ամենամեծ բռնկումները: 1956-1957թթ. համագործակցության ծրագրով աշխատել և կատարելագործվել է Բյուրականի աստղադիտարանում: 1960թ. հիմնադրել է Բելգրադի աստղադիտարանի աստղաֆիզիկայի բաժինը, որը ղեկավարել է մինչև 1966թ.: 1961թ. պաշտպանել է UV Ceti տիպի փոփոխական աստղերի ուսումնասիրությանը նվիրված դոկտորական թեզ: 1964-ից դասախոսել է Բելգրադի համալսարանի Մաթեմատիկայի ֆակուլտետի աստղագիտության բաժնում: 1964 և 1965 թթ. ընտրվել է Բելգրադի աստղադիտարանի տնօրեն, զուգահեռաբար հանդիսանալով Բեգրադի աստղադիտարանի բյուլետեն և Բելգրադի աստղադիտարանի հրապարակումներ պարբերականների գլխավոր խմբագիրը: 1966թ. ընտանիքով տեղափոխվել է Հայաստան և աշխատանքը շարունակել Բյուրականի աստղադիտարանի էլեկտրալուսաչափության լաբորատորիայում, որը ղեկավարել է 1970-1986թթ.: 1970-1980թթ. դասավանդել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի աստղաֆիզիկայի ամբիոնում: 1986թ. տեղափոխվել է Ռադիոֆիզիկական չափումների համամիութենական ինստիտուտ, ուր զբաղեցրել է աստղաֆիզիկայի բաժնի վարիչի պաշտոնը: Օսկանյանին է պատկանում աստղերի բռնկումների դասակարգումն ըստ բռնկման պայծառության և տևողության: Ցույց է տվել, որ նման բռնկումներ տեղի են ունենում նաև այլ՝ ոչ կարմիր թզուկ, աստղերի վրա, և որ այդ բոլոր աստղերի, ինչպես նաև Արեգակի բռնկումներն ունեն նույն բնույթը: Հրապարակել է 87 գիտական աշխատանք, նաև տասնյակ գիտահանրամատչելի հոդվածներ: Եղել է Միջազգային Աստղագիտական Միության անդամ: Վախճանվել է 1989թ. Երևանում:

Այս խորագրի վերջին նյութերը