Լրահոս

01.09.2011 12:32


«Օլիմպ» ԱԿ տնօրեն. «Հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցում»

Երևանի Աբովյան 4 հասցեի իմ անշարժ գույքը օտարվել է դատական կարգով` 24.11.2008 թվականին: Այդ օրվանից անցել է երկու տարի և երկու ամիս, սակայն  «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերությունը` այդ գույքի գերակա հանրային շահ ճանաչելու մասին Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ սահմանված հանրային շահի համար չի օգտագործել և Կառավարությունն այդ գույքի համար չի սահմանել այլ` գերակա հանրային շահ:

Հետևապես,  «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գույքը իմ պահանջով պետք է օտարվի ինձ, կամ` նույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան, գերակա հանրային շահ ճանաչելու մասին ՀՀ Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշումը պետք է համարվի անվավեր և գույքը ենթակա է օտարման այլ անձանց` մրցութային կարգով:

Ելնելով վերը շարադրվածից, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով, դիմել եմ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, պահանջով՝ դադարեցնել «Ավո Ֆ.Մ.Հ» ՍՊ ընկերության սեփականության իրավունքը Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող` 147,03 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով եռահարկ շինության նկատմամբ և ճանաչել իմ սեփականության իրավունքն այդ գույքի նկատմամբ:

Հայցի հետ ներկայացվել էր նաև ապացույցների ապահովման և հայցի ապահովման մասին միջնորդություններ։ Առաջին միջնորդության նպատակն էր՝ ձեռք բերել ապացույցներ այն մասին, որ Երևան Աբովյան 4 հասցեում գտնվող անշարժ գույքը մինչև այդ պահը չէր օգտագործվել Կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի թիվ 108-Ն որոշմամբ սահմանված նպատակի համար։

Նկատի ուենալով, որ մինչև վեճի վերջնական լուծումը Պատասխանողը («Ավո Ֆ.Մ.Հ») կարող էր քանդել (արդյունքում՝ քանդեց) վիճելի գույքը, ինչն էլ հայցը բավարարելու դեպքում կդժվարացնի վճռի կատարումը, միջնորդել էինք ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ արգելել Պատասխանողին և երրորդ անձանց քանդել, վնասել կամ ձևափոխել վերոնշյալ գույքը մինչև սույն գործի վերջնական լուծումը։

Նախագահող դատավորը մերժել էր մեր կողմից ներկայացված միջնորդությունները՝ անհիմն պատճառաբանություններով։

Գործի քննության ժամանակ կրկին միջնորդություն ներկայացվեց ապացույցների ապահովման անհրաժեշտության մասին։ Այս անգամ դատավորը բավարարեց ապացույցների ապահովման մասին միջնորդությունը և որոշեց հանձնարարել ԴԱՀԿ ապահովող ծառայությանը զննել, նկարահանել և գրավոր արձանագրությամբ նկարագրել Երևանի Աբովյան 4 հասցեում գտնվող տարածքի ներկա վիճակը։

ԴԱՀԿ ապահովող ծառայության աշխատակիցը 10.08.2011թ-ին այցելել է վիճելի տարածք՝ դատարանի որոշումը կատարելու։ Նույն պահին էլ Պատասխանողը (Ավետիս Կարագուլյան) հրահանգել է քանդել շինությունը։ Մոտ 10 րոպե ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը ականատես է եղել վիճելի գույքը քանդելու փորձերին, սակայն նրան հաջողվել է դադարեցնել ապօրինի գործողությունները և զննել գույքը, տեսանկարահանել և կազմել արձանագրություն։ Նշված նյութերն հաստատում են գույքի մինչև այդ պահը անվնաս լինելու մասին և նաև հաստատում, որ հայցի ապահովումը չկիրառելու դեպքում պատասխանողը կքանդի վիճելի շինությունը։

Կրկին միջնորդություն ներկայացվեց հայցի ապահովման մասին միջոցներ ձեռնարկալու, սակայն դատարանը նորից մերժեց այն։

Դատավոր Գ. Կարախանյանը հենց այս գործով երեք տարի առաջ զրկել էր հայցվորին իր սեփականությունից առանց վերջինի մասնակցության, ով պատշաճ ծանուցված չէր դատական նիստի մասին։ Դատաքննությունը տևել էր 15 րոպե, որից հետո վիճելի կառույցի տրամադրվել էր Ավետիս Կարագուլյանին։

Գտնում եմ, որ վերոնշյալ հանգամանքները ողջամիտ կասկած են հարուցում տվյալ գործով նախագահող դատավոր Գ. Կարախանյանի անկողմնակալության մեջ, ինչպես նաև ակնհայտ է Գ. Կարախանյանի կանխակալ վերաբերմունքը հայցվորի նկատմամբ։

Այսպիսով, դատավոր  Գ. Կարախանյանին ինքնաբացարկ հայտնելու միջնորդություն եմ ներկայացրել։

Դատարանը մեր կողմից ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակի սեպտեմբերի 2-ին, ժամը 15:50-ին։

«Օլիմպ» ԱԿ տնօրեն Հ. Ղուկասյան

Այս խորագրի վերջին նյութերը