Կարծիք

21.06.2022 10:55


Ինչո՞ւ է Մոսկվան դրական ռևերանս անում Ադրբեջանի հասցեին՝ ի վնաս Հայաստանի

Ինչո՞ւ է Մոսկվան դրական ռևերանս անում Ադրբեջանի հասցեին՝ ի վնաս Հայաստանի

Կիրակի՝ հունիսի 19-ին, ռուսական գլխավոր հեռուստաընկերություններից մեկը, իր վերլուծական ծրագրի շրջանակներում ներկայացրեց «դաշնակցային» Ադրբեջանի մասին մի այնպիսի սյուժե, որտեղ պարզվում է, որ խեղճ ադրբեջանցիները վերջապես սկսում են «վերականգնել» Ղարաբաղը: Ավելին, ռուսաստանցի լրագրողը ռեպորտաժ էր ցուցադրում Շուշիից՝ ցույց տալով ինչպես է վերջապես «վերականգնվում» ադրբեջանցիների խաղաղ կյանքը:

Այս ռեպորտաժն իրականում ոչ այնքան Ադրբեջանի մասին էր, որքան նրա, որ Մոսկվայում դրականորեն են դիտարկում Ադրբեջանի գործողությունները ԼՂՀ-ի՝ ադրբեջանցիների վերահսկողության անցած տարածքներում:

Թեև պաշտոնական Բաքուն «չեզոք» դիրք ունի ռուս-ուկրաինական հակամարտության նկատմամբ, Ադրբեջանը պարբերաբար պաշտոնապես «հումանիտար» օգնություններ է տալիս Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու իշխանությանը: Իսկ ադրբեջանական ԶԼՄ-ները չեն էլ թաքցնում իրենց ուկրաինամետ դիրքորոշումն այս հակամարտության հարցում: Ավելին, այդ դիրքորոշումը այնպիսի գռեհիկ ձև է ստացել, որ ստիպված Մոսկվան արգելափակեց «դաշնակցային» Ադրբեջանի գլխավոր ԶԼՄ-ների սփռումն իր տարածքում: Ավելին, վերջերս Ադրբեջանն արգելեց իր տարածքում ռուսական հայտնի լրատվամիջոցներից մեկի սփռումը: Ասել, որ Մոսկվայի և Բաքվի միջև հաստատվել են անկեղծ «դաշնակցային» հարաբերություններ, մեղմ ասած չի կարելի: Ի դեպ, Հայաստանում այդպիսի պատկեր չկա: Մեր լրատվամիջոցներն իրոք չեզոք դիրքորոշումով են հանդես գալիս:

Այդ դեպքում, հարց է առաջանում, ինչո՞ւ են ռուսներն այս ամենից հետո հանդես գալիս նման դիրքորոշումով:

Կարծում ենք, որ դրա պատճառները մի քանիսն են:

Նախ Մոսկվան, Ադրբեջանի պահվածքը գնահատելով, հաշվի է առնում նաև Թուրքիայի գործոնը: Իսկ այսօր թուրքերն ու ադրբեջանցիները որոշել են ռուս-ուկրաինական կոնֆլիկտի շուրջ ձևավորել այսպես ասած փոխլրացվող դիրքորոշում: Այսպես Անկարան ակտիվորեն վաճառում է իր զենքը Ուկրաինային և միաժամանակ չի միանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների քաղաքականությանը: Անկարան խոչընդոտում է Ֆինլյանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ի կազմում, որպեսզի դրանով լուծի միանգամից մի քանի խնդիր: Նախ, դրանով նա փորձում է Սիրիայի քրդերի շարժումը դարձնել ոչ լեգիտիմ Արևմուտքում: Միաժամանակ դրանով Անկարան մեսիջ է ուղարկում Մոսկվային, թե տեսեք ինչ գործընկեր է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար: Դրանով Անկարան նվաճում է Ադրբեջանի համար ավելի դրական պայմաններ, մասնավորապես ԼՂՀ-ի հարցում, միջանցքների հարցում, և որ ամենակարևորն է՝ մեծացնում է Բաքվի քաղաքական մանևրի հնարավորությունները հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելու հարցում: Մասնավորապես իր դիրքորոշմամբ ռուս-ուկրաինական կոնֆլիկտի հարցում Բաքուն ստանում է լրացուցիչ իմիջային ակցիաներ Արևմուտքում, ի տարբերություն Հայաստանի, ով այդպիսի հնարավորություն չունի:

Իսկ դրանից հետո Արևմուտքն առաջարկում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման այնպիսի օրակարգ, որն ավելի շատ հաշվի է առնում Բաքվի, այլ ոչ թե Երևանի շահերը: Իսկ եթե դրան ավելացնենք այս հարցում ռուս-արևմտյան հակամարտությունը, ապա Բաքուն ստանում է լրացուցիչ բոնուս քաղաքական առևտրի մեջ մտնել Մոսկվայի հետ: Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերով մեր երկիրը դարձել է քաղաքական առումով ֆուտբոլի գնդակ, որի շահերը ոչ այնքան հաշվի են առնվում, այլ Մոսկվան և Արևմուտքը իրազեկում են մեզ իրենց առևտրային բանակցությունները Բաքվի հետ:

Եթե այս իրավիճակը չփոփոխվի, ապա Հայաստանի պետականության գահավիժումը կարող է անդառնալի բնույթ կրել, որից հետո այլևս ոչինչ հնարավոր չի լինի փոփոխել:

Իսկ վերջնարդյունքում հայ ժողովուրդը կարող է հայտնվել այն իրավիճակում, ինչ եղավ 100 տարի առաջ՝ դրանից բխող արդյունքով:

Բայց այս ամենի մեղավորը Ադրբեջանը չէ, ոչ էլ Մոսկվան կամ Արևմուտքը: Եթե ժողովուրդը արդեն տևական ժամանակի ընթացքում չի կարողանում փոխել իր այս նվաստացուցիչ իրավիճակը, ապա այդ ժողովրդին քաղաքականապես «դուրս են գրում» բոլոր խոշոր խաղացողները, և դա բնության օրենքների տեսակետից արդար մոտեցում է, քանզի ոչ ոք չի ուզենա իրական դաշնակցային հարաբերություններ հաստատել իրեն չհարգող ժողովրդի հետ:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

Այս խորագրի վերջին նյութերը