Լրահոս

30.08.2011 17:44


Սերժ Սարգսյան. «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»

Սերժ Սարգսյան. «Մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել»

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել է օգոստոսի 30-31-ին անցկացվող ՀՀ արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատի և արտերկրում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների խորհրդակցությանը:

Նա հայտարարել է, որ ամռանը հասել էինք մի կարևոր հանգրվանի, երբ թե՛ միջնորդ երկրները, և թե՛ միջազգային հանրությունն ակնկալում էին, որ ԼՂ–ի խնդրի կարգավորման առնվազն հիմնական սկզբունքների շուրջ համաձայնության ձեռքբերումը մոտ է:

«Այդ առումով կազանյան հանդիպումը յուրատեսակ փորձաքար էր հակամարտությունը խաղաղ բանակցային ճանապարհով և հնարավորինս արագ կարգավորելու կողմերի անկեղծությունն ու հաստատակամությունը գնահատելու համար: Ինչպես տեսանք, Ադրբեջանը Կազանում հետքայլ կատարեց՝ հրաժարվելով ընդհանուր հայտարարի գալուց և նոր խոչընդոտներ ստեղծելով հետագա համաձայնության համար: Այժմ, համոզված եմ, որ բոլորիդ հուզում է այն հարցը, թե ո՞րն է հաջորդ քայլը, և ի՞նչ ակնկալիքներ կան: Անկախ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծից, Հայաստանը, ինչպես և նախկինում, շարունակելու է իր ջանքերը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ արտացոլված սկզբունքների հիման վրա կարգավորելու ուղղությամբ: Այդուհանդերձ, թող ոչ ոք չկասկածի մեր դիրքորոշման հաստատակամությանը և հստակությանը. մենք ունենք կարմիր գիծ, որ չենք կարող երբեք հատել: Դրա մասին խոսել ենք թե՛ հրապարակավ, թե՛ մեր գործընկերների հետ հանդիպումներում, այն արտացոլված է իմ նախընտրական ծրագրում և բազմաթիվ անգամներ արված հայտարարություններում: Համոզված եմ, որ շատերդ եք կիսում այն եզրահանգումը, որ Բաքուն պատրաստ չէ խաղաղության, քանի որ հնարավոր չէ խաղաղություն հաստատել` պատերազմ քարոզելով, հաշտեցնել հասարակություններին` հայատյացություն սերմանելով, վստահություն կառուցել` սպառազինության մրցավազք հրահրելով: Ադրբեջանի նման վարքագիծն անընդունելի է, և մեր քայլերը կլինեն համարժեք: Համոզված եղեք` նոր ռազմական արկածախնդրության պարագայում Հայաստանը չի վարանելու կրկին հակառակորդին խաղաղություն պարտադրել»,–հայտարարել է Ս. Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը