Աշխարհ

08.06.2022 14:32


«3+3» ձևաչափով Անդրկովկասի հարցով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով

«3+3» ձևաչափով Անդրկովկասի հարցով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում․ Լավրով

«3+3» ձեւաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան-Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի հերթական՝ թվով երկրորդ հանդիպումը Հարավային Կովկասի հարցով նախապատրաստվում է եւ տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին չորեքշաբթի հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Պայմանավորվեցինք՝ ինչպես շարունակել աշխատել Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ ստեղծվեց 3+3 ձեւաչափը,-ասել է նա։-Առաջին հանդիպումն անցկացրեցինք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք տեսնել նրանց։ Հերթական հանդիպումը նախապատրաստվում է, շատ մոտ ապագայում, ակնակում եմ, որ կկարողանանք այդ մասին հայտարարել»։

Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը։

«Մենք քննարկեցինք Կովկասում «3+3» ձեւաչափը, ինչպես նաեւ Ադրբեջանի եւ Հայաստանի, Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման հարցը։ Շնորհակալություն եմ հայտնում Ռուսաստանին այս հարցերում աջակցության համար»,-ասել է Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը ռուս գործընկերոջ հետ հանդիպումից հետո։

Չավուշօղլուի խոսքով՝ Անկարան կարծում է, որ խաղաղության համապարփակ համաձայնագրի ստորագրումը, հատկապես Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, կարեւոր է տարածաշրջանում կայունության համար։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը