Լրահոս

29.08.2011 11:26


«Ճարտարագիտության աշխարհը» ԴիջիԹեք 2011 միջազգային ցուցահանդեսում

ԴիջիԹեք միջազգային ցուցահանդեսի «Ճարտարագիտության աշխարհ» բաժինն այս տարի կներկայացվի ավելի քան 30 հայկական և մի շարք միջազգային ճարտարագիտական ընկերությունների կողմից, որոնք հանդես կգան տարբեր ծառայություններով և լուծումներով` արտադրական պրոցեսների ղեկավարումից և ավտոմատացումից մինչև ուսումնական լաբորատոր ստենդերի մշակում:

«Ճարտարագիտության աշխարհը» կներառի ճարտարագիտական բիզնես, ճարտարագիտական կրթություն, հայկական տեխնոլոգիաների արտահանում, գիտության և տեխնիկայի թանգարան բաժինները: Ճարտարագիտական բիզնես և հայկական տեխնոլոգիաների արտահանում բաժիններում կներկայանան մտավոր սեփականության իրավունքի պաշտպանությամբ զբաղվող, մարքեթինգային, բրոքերային, ֆինանսական, հաշվապահական և այլ կազմակերպություններ, որոնք կառաջարկեն իրենց ծառայությունները նորաստեղծ ճարտարագիտական ընկերություններին:

Ներկայացվելու են ճարտարագիտական նորարարական լուծումներ ոչ միայն արդեն կայացած, այլև տասնյակ նորաստեղծ ընկերությունների կողմից, որոնց թվում են Bitlis-MEN, Pegasus Logic, Olymp Engineering,  Ovak Technologies, Project Integration, Rafa Solutions, Innovative Solutions  ընկերությունները: Նախատեսվում է, որ ցուցահանդեսին կմասնակցեն թայվանական Դ-Լինկ ընկերության ինժեներական ստորաբաժանումը, սինգապուրյան Singapore Technologies Kinetics ընկերությունը, ռուսական Ուրարտու Թեքնոլոջիս և այլ կազմակերպություններ:

ԴիջիԹեք ցուցահանդեսի ընթացքում այս տարի առաջին անգամ կանցկացվի ՏՏ աշխատանքային տոնավաճառ, որի շրջանակներում ճարտարագիտական ընկերությունները, ինչպես նաև տոնավաճառին մասնակցող մյուս ընկերությունները, կսպասեն ինժեներական կրթություն ստացած կամ ՏՏ ոլորտում աշխատել ցանկացող երիտասարդներին և տեղում կներկայացնեն իրենց ընկերությունների թափուր աշխատատեղերը: Արդյունքում տեղի կունենա գործատուի հետ անմիջական հանդիպում, ինչն էլ ռեալ հնարավորություն է աշխատանք ձեռք բերելու համար:

Այս խորագրի վերջին նյութերը