Տնտեսական

03.06.2022 10:59


ՏԿԵ նախարարության պատճառով մի քանի միլիոն դոլար չի մտել ՀՀ բյուջե

ՏԿԵ նախարարության պատճառով մի քանի միլիոն դոլար չի մտել ՀՀ բյուջե

Արձանագրվել է նպատակային արդյունավետության սկզբունքի չպահպանման օրինակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից՝ պետական գույքի կառավարման հետ կապված. նշված է Հայաստանի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի 2021 թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման մեջ։

Զեկույցում ասվում է, որ 2018-2020 թթ. նախատեսվել էր օտարել 41 անշարժ գույք, սակայն նշված ժամանակահատվածում օտարվել է 63 անշարժ գույք, այսինքն՝ 22-ով ավելի։

Նշվում է նաև, որ 9562 քմ մակերեսով շենք շինություն ու 12.510 քմ հողամաս օտարվել է շուկայական արժեքից ցածր՝ 492 մլն 244 հազար դրամ պակաս գնով։ 37.4% տոկոսով էժանացնելու համար որևէ իրավական կամ տնտեսական հիմք չկար, պարզապես բավարարվել է ընկերության կողմից ներկայացված գրավոր խնդրանքը։

Բացի դրանից՝ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ի կողմից ուղղակի վաճառքի ձևով «Դիլիջան» մանկական հակատուբերկուլոզային առողջարան» ՓԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցվել են 134,420.40 հազ. դրամով։ «Առողջ ապագա բժշկական կենտրոն» ՍՊԸ-ն մասնավորեցման օրվանից չի գործել։

Արձանագրվել է նաև անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված տարածքներում ներդրումային պարտավորությունների չկատարում. այսպես՝ ՍՊԸ-ի կողմից նախատեսված էր ստեղծել 500 աշխատատեղ, փոխարենը ստեղծվել է 26-ը, իսկ մեկ այլ դեպքում չի կատարվել պայմանագրով նախատեսված՝ 118 մլն 346 հազար դրամի ներդրումը։

Կոմիտեի աշխատանքի անարդյունավետության պատճառով տարբեր գործարքներով (օտարման, վարձակալության,անհատույց օգտագործման իրավունքով հանձնման) պետական բյուջե չի ուղղվել 419 մլն 234 հազար դրամ։

Երկու ընկերության նկատմամբ՝ Հայփոստ ՓԲԸ և Օպերա-քլաբ, վարձավճարի վերահահաշվարկ չի իրականացվել, այդ պատճառով բյուջե չի մուտքագրվել 214 մլն 645 հազար դրամ։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ դպրոցների սեյսմիկ անվտանգության մակարդակի բարձրացման վարկային և դրամաշնորհային ծրագրերում ևս անհամապատասխանություն է գրանցվել. 118 մլն 870 հազար դրամի շինարարական աշխատանքներ կատարվել են պայմանագրի և նախագծի պահանջների շեղումներով։ Հաշվետվություններում հաշվարկված շինարարական աշխատանքների ծավալները գերազանցում են տեղում փաստացի կատարված աշխատանքների ծավալները ընդհանուր գումարով 35 մլն 733 հազար դրամի չափով։

Նախագծման և հեղինակային հսկողության ավարտված 4 նախագծերով փաստացի աշխատող չհանդիսացող փորձագետների համար ավելի է վճարվել 33 մլն 695 հազար դրամ, իսկ չավարտված 22 նախագծերով փաստացի աշխատող չհանդիսացող փորձագետների համար նախատեսված 113 մլն 237 հազար դրամ ծախսը ենթակա է հանման։

Նշվում է նաև, որ այդ նախագծերի շրջանակում 7 ֆիզիկական անձանց հետ կնքվել են ծառայությունների մատուցման պայմանագրեր 37 մլն 284 հազար դրամ ընդհանուր գումարով, որոնցով, ըստ էության, նորից պատվիրվել է փորձաքննություն, ընդ որում՝ նշված անձինք չեն ունեցել համապատասխան լիցենզիա:

Աղբյուրը՝ yerkir.am

Այս խորագրի վերջին նյութերը