Տնտեսական

29.08.2011 11:08


«Յունիբանկ». «Ժամանակն է, որ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությունը ընկալի պարզ ճշմարտությունը...»

«Յունիբանկ». «Ժամանակն է, որ «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությունը ընկալի պարզ ճշմարտությունը...»

Յունիբանկ ՓԲԸ-ն կոչ է անում «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինությանը դադարեցնել ստահոդ տեղեկատվության տարածումը և փոխարենը կատարել վարկային պայմանագրերով ամրագրված իր պարտավորությունները: «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ բանկից ստացված վարկային միջոցներն անվերապահորեն ենթակա են վերադարձման և փաստերի խեղաթյուրման ապարդյուն փորձերն ու բանկի գործունեության վարկաբեկումը որևէ կերպ չեն կարող ազատել նրան վարկի մարման գործընթացից, առավել ևս, երբ սպառվել են հնարավոր զիջումների բոլոր տարբերակները: Յունիբանկի միակ նպատակը վարկային պայմանագրերի շրջանակներում տրամադրված դրամական  միջոցների վերադարձն է, ինչին էլ բանկը հետամուտ է լինելու օրենքի շրջանակներում:

«Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի տնօրինության հայտարարությունների առնչությամբ  պարզաբանում ենք, որ «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն իրոք հանդիսանում է Յունիբանկ ՓԲԸ-ի վարկառու: Ընկերության և բանկի միջև վարկային պայմանագրեր  կնքվել են 2007 և 2008թթ.: Սակայն,  2009թ.-ի մայիսին  Մանվել Տեր-Առաքելյանը, պատճառաբանելով, որ տնտեսական ճգնաժամը բացասական ազդեցություն է ունեցել «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերության գործունեության վրա, դիմել է բանկին` խնդրելով փոփոխել վարկերի մարման ժամանակացույցերը: Յունիբանկը, իր սկզբունքներին համաձայն, ընդառաջ է գնացել վարկառուի` «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ի  խնդրանքին: Բանակցությունների արդյունքում բանկը «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանն առաջարկել է վարկերի մարման արտոնյալ պայմաններ` 2 տարով տարաժամկետելով վարկի մայր գումարի և տոկոսագումարների մարումների գործընթացը և 2 տարով երկարաձգելով վարկերի մարման պայմանագրային ժամկետները: Համաձայնագրերի կնքված և ստորագրված երկու օրինակները բանկը ներկայացրել է «Հին Էրիվան Հոլդինգ»-ին, սակայն ընկերության տնօրինությունն իր կողմից հաստատված օրինակները չի վերադարձրել բանկ: Ավելին` այդ համաձայնագրերի ստորագրման նույն օրը Մանվել Տեր-Առաքելյանը մտափոխվել է և խնդրել բանկին պատրաստել համաձայնագրերի երկրորդ տարբերակը, ըստ  որի բանկն իրականացնելու է միայն  վարկի մայր գումարի և տոկոսագումարի մարման 2 տարով տարաժամկետում: Այն փաստը, որ Բանկը որոշում է կայացրել հօգուտ «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությանը և հնարավորություն է ընձեռել վարկառուին ընտրելու իր համար առավել նպաստավոր տարբերակը, հաստատում է նաև ընկերության տնօրինությունը: Սակայն համաձայնագրերի  առկայությունը չխանգարեց «Հին Էրիվան Հոլդինգ»-ին հրաժարվել սահմանված ժամկետներում վարկային պարտավորությունները կատարելուց: Համաձայնագիրը ստորագրելուց երկու տարի անց` 2011թ.-ի մայիսին,  Մանվել Տեր-Առաքելյանը հիշեց Յունիբանկին այդպես էլ չտրամադրած առաջին համաձայնագրերի գոյության մասին, որով նախատեսված էր նաև վարկի մարման ժամկետների երկարաձգում, և որոշեց առաջնորդվել այդ տարբերակով: Յունիբանկը հերթական անգամ զիջեց վարկառուի խնդրանքին և առաջարկեց հիմք ընդունել համաձայնագրերի առաջին  տարբերակը` պայմանով, որ ընկերությունը այդ համաձայնագրերի ստորագրված և կնքված բնօրինակը կներկայացնի բանկ: Միաժամանակ, «Հին Էրիվան Հոլդինգ» ընկերությունը  խնդրեց Յունիբանկին իրեն տրամադրել հաջորդող գրավի թույլտվություն, որպեսզի հնարավորություն ունենա Յունիբանկում գրավադրված գույքը` «Հին Էրիվան» ռեստորանային համալիրը` որպես հաջորդող գրավի առարկա  ձևակերպել նաև այլ բանկում` նոր վարկ ստանալու և Յունիբանկի վարկերը մարելու համար: Յունիբանկը նման թույլտվություն վարկառուին տրամադրեց, սակայն մինչ օրս վարկի մարումները կատարված չեն: «Հին Էրիվան Հոլդինգ» ՍՊԸ-ն նաև հրաժարվեց բանկ ներկայացնել  առաջին  համաձայնագրի բնօրինակը` հայտարարելով, որ պատրաստ է մարել միայն վարկերի մայր գումարները, առանց կուտակված տոկոսագումարների: Սահմանված կարգի համաձայն, Յունիբանկը վարկառուին է ներկայացրել համապատասխան  ծանուցում, որով պահանջել է սահմանված ժամկետներում մարել ժամկետանց վարկի մայր գումարները և տոկոսագումարները: Դրան ի պատասխան Մանվել Տեր-Առաքելյանը դիմել է դատարան` պահանջելով սահմանափակել Յունիբանկում գրավադրված գույքի արտադատական բռնագանձման իրավունքը:

Վարկային պարտավորությունների կատարումը ձգձգելու նպատակով, Մանվել Տեր-Առաքելյանը ԶԼՄ-ներին տրված հարցազրույցում Յունիբանկին մեղադրել էր նաև  փաստաթղթերի կեղծման մեջ, մինչդեռ ինքն է հրաժարվում փաստաթղթերի բնօրինակը բանկ ներկայացնելուց: Բնականաբար, այդ առնչությամբ Յունիբանկը դիմել է իրավապահ մարմիններին և խնդրել ստուգել Մանվել Տեր-Առաքելյանի մոտ առկա   փաստաթղթերի իսկությունը: Այս պարագայում անհասկանալի է «Հին Էրիվան Հոլդինգ» -ի տնօրինության դժգոհությունը ՀՀ ոստիկանության միջամտության վերաբերյալ: Չէ որ, հենց Մանվել Տեր-Առաքելյանն է դրսևորում գործարարին ոչ վայել պահվածք` անհիմն մեղադրանքներ ներկայացնելով բանկին և փորձելով խուսափել վարկային պայմանագրերով և համաձայնագրերով ամրագրված իր պարտավորությունների կատարումից:

Հիշեցնենք նաև, որ «Յունիբանկ» ՓԲԸ-ն ս.թ.  հուլիսի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Երևւանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով պատասխանատվության ենթարկել «Հին Էրիվան հոլդինգ» ՍՊԸ-ի սեփականատեր Մանվել Տեր-Առաքելյանին` բանկի գործարար համբավը արատավորելու և զրպարտության համար:

«Յունիբանկ» ՓԲԸ

Այս խորագրի վերջին նյութերը