Լրահոս

27.08.2011 13:49


ԱՄՆ հերթական բարձրաստիճան պաշտոնյան Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը որակել է որպես հնարավոր խորամանկ քայլ

ԱՄՆ հերթական բարձրաստիճան պաշտոնյան Լևոն Տեր–Պետրոսյանի խոսքերը որակել է որպես հնարավոր խորամանկ քայլ

«Wikileaks» կայքը հրապարակել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնի որակումները, որոնք նա տվել է 2007թ. նոյեմբերի 16-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի այն խոսքերին, թե ընդդիմությանն իր շուրջը համախմբվելու դեպքում խոստանում է երեք տարի անց հրաժարվել նախագահի պաշտոնից։ Փենինգտոնը սա որակել է Րաֆֆի Հովհաննիսյանին իր կողմը ներքաշելուն ուղղված խորամանկ քայլ:

«Դա կարող է հատկապես գրավիչ լինել Րաֆֆի Հովհաննիսյանի համար, ով, հարցումների համաձայն, Հայաստանի ամենաժողովրդական քաղաքական գործիչներից մեկն է, բայց այս ցիկլում նախագահի պաշտոնին հավակնելու համար նրան տաս տարվա քաղաքացիությունը չի բավականացնում»,–գրել է նա։

Վաշինգտոն ուղարկած հաշվետվության մեջ Փենինգտոնը նաև ասել է, որ հանրահավաքում Տեր-Պետրոսյանը ներողություն է խնդրել իր կառավարման տարիների սխալների համար:

«Ամերիկացիների համար այս ներողությունն իրական չէ: Նա «ներողություն» է խնդրել այն բանի համար, որ պատերազմի պահանջներով կամ հետևանքով երկրում ստեղծվել է տնտեսական ծանր իրավիճակ (ինչն, իհարկե, նրա մեղքը չէ) և նաև այն բանի, որ երկրի ղեկի կառավարման կարևոր օղակներում նշանակել է ներկայումս իր քաղաքական ախոյան Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին, ովքեր հետագայում՝ 1998-ին, հեռացրին ԼՏՊ-ին նախագահի պաշտոնից։ Այնուհանդերձ, կան նշաններ, որ հայերի մի մասն առնվազն դրանք ընկալում են որպես փաստացի ներողություն ու հաշտեցման նշան»,–գրել է Փենինգտոնը:

...

«Վիկիլիքսյան» մեկ այլ հրապարակման համաձայն՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն էլ 2009-ի մայիսի 18-ին ուղարկած հաղորդագրության մեջ գրել է, որ 2009թ. մայիսին Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում ՀԱԿ հայտարարությունները միտված են եղել հետընտրական շրջանում բուռն հասարակական դժգոհություն առաջ բերելուն, և որ իշխանության թեկնածուն՝ «Black Gago»–ն (Գագիկ Բեգլարյանը), արդար ընտրությունների պարագայում ևս կհաղթի, քանի որ նա եղած թեկնածուներից լավագույն վարչարարն է:

«Ցավոք, քչերն են համարում, որ ընտրությունները կարող են լինել ազատ ու արդար, այդ թվում՝ ընդդիմադիր ՀԱԿ-ը, որն արդեն իսկ հայտարարել է, որ եթե իրենք 75 տոկոս ձայն չստանան, կնշանակի՝ ընտրությունները կեղծված են։ Շատ քիչ է հավանականությունը, որ ամենաարդար ընտրություններում ՀԱԿ-ը 75 տոկոս ձայն ստանա, բայց նրանք սպասումներ են ձևավորում, որոնք կարող են ընտրություններից հետո հանրության ցասումն առաջ բերել»,–գրել է Յովանովիչը:

Այս խորագրի վերջին նյութերը