Տնտեսական

26.08.2011 15:14


Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են

Կարտոֆիլի ցանքատարածությունները կրճատվել են

Չնայած ՀՀ կառավարության այն հայտարարություններին, որ իրենք դեմքով շրջվել են դեպի գյուղը, գործնականում դրական արդյունքներն ակնհայտ չեն: Մասնավորապես մարզում տարեցտարի նվազում են մշակովի հողատարածքները, ինչը հանգեցնում է  գյուղացու եկամտի նվազման, ինչպես նաև գյուղատնտեսական ապրանքների գների բարձրացման: Շիրակի մարզի Ազատան համայնքը, որը կարտոֆիլագործության հարուստ ավանդույթներ ունի, այս տարի, նախորդ տարվա համեմատ, զգալիորեն կրճատել է կարտոֆիլի ցանքատարածությունները: Ազատանի համայնքապետ Վարդան Իկլիկյանը նշում է, որ եթե 2010-ին մշակել են շուրջ 1500 հա կարտոֆիլ, ապա այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունը չի գերազանցել 800 հա–ն:

«Շուկայի առումով մտավախություն կա: Եթե իրացման հարցը լուծվի, ապա ազատանցին կարող է երկու անգամ ավելի կարտոֆիլ մշակել»,- ասել է Ազատանի համայնքապետը:

Այս տարի կարտոֆիլի ցանքատարածությունների կրճատումը կարտոֆիլագործները կապում են նաև գումարների բացակայության հետ: Նրանք նշում են, որ առևտրային բանկերը գյուղաշխատանքների եռուն շրջանում հրաժարվել են վարկեր տրամադրել, իսկ տրամադրած վարկերի տոկոսադրույքները բավական բարձր են:

Գրեթե նույն իրավիճակն է մարզի մյուս համայնքներում, ինչի հետևանքով կարտոֆիլի շուկայական գինն այս տարի 188-250 դրամ է այն դեպքում, երբ անցած տարի 130 դրամ էր:

Դերենիկ Մալխասյան

Գյումրի

Այս խորագրի վերջին նյութերը