Լրահոս

26.08.2011 13:40


ԿԳՆ. «Անհանգստություն ենք հայտնում ՄԻՊ գրասենյակի կողմից տրվող գնահատականների հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ»

Հետաքրքրությամբ ընթերցեցինք ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տարածած հայտարարությունը, ցավով արձանագրելով իրականությանը չհամապատասխանող, ոչ ճշգրիտ և ոչ պրոֆեսիոնալ որակումներ:

Կրկին տեղեկացնում ենք` "Մաթեմատիկա" առարկայի 5-6-րդ դասարանների համար դասագրքերի մրցույթի արդյունքները չեն վիճարկվել: Գուցե, ՄԻՊ գրասենյակը, խորամուխ չլինելով մրցույթի ընթացակարգի և բովանդակության մեջ, նկատի է ունեցել "Հանրահաշիվ 7-9 դասարանների համար" դասագիրքը, որի մրցույթում հաղթող է ճանաչվել Ռուսաստանի Դաշնության "Просвещение" հրատարակչության Ս. Մ. Նիկոլսկու դասագիրքը: Հեղինակը` ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, Մ. Վ. Լոմոնոսովի անվան համալսարանի վաստակավոր պրոֆեսոր Ս. Մ. Նիկոլսկին,   բնականաբար չէր կարող լինել Հայաստանում դասագրքերի մրցութային հանձնաժողովի անդամ: Որպես ՀՀ քաղաքացիներ, անհանգստություն ենք հայտնում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի կողմից տրվող գնահատականների, հապճեպության և պակաս արհեստավարժության կապակցությամբ: Կարծում ենք, նման գործելաոճի շարունակումը կարող է վտանգի տակ դնել մարդու իրավունքների պաշտպանության ողջ ինստիտուտի կայացումը և զարգացումը մեր երկրում: ՄԻՊ գրասենյակը, կարծում ենք,  պետք է բարձրացնի մատուցվող ծառայությունների որակը, ինչը բխում է ՀՀ բոլոր քաղաքացիների շահերից: Պատրաստ ենք աջակցել մեր գործընկեր Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի գործունեությունը նոր որակի և մակարդակի բարձրացնելու հարցում: Օգտվելով առիթից, հայտնում ենք` ողջ հանրապետությունում ընթանում են նոր ուսումնական տարվա նախապատրաստական աշխատանքները:

Այս խորագրի վերջին նյութերը