Լրահոս

25.08.2011 20:45


Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր խորհրդակցություն է հրավիրել դատաիրավական համակարգի խնդիրների վերաբերյալ, որտեղ քննարկվել է նախկին խորհրդակցությունների հանձնարարականների կատարման ընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ոստիկանության պետ Ալիկ Սարգսյանը, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը, ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:

Անդրադարձ է եղել հատկապես պատժի անխուսափելիության խնդիրներին: Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ժամանակակից իրավական պետության խնդիրն է` ոչ միայն պաշտպանել քաղաքացիների իրավունքները, այլ նաև պատժել այդ իրավունքների նկատմամբ ոտնձգություններ կատարողներին, որովհետև եթե պատասխանատվության անխուսափելիությունը, այսպես ասած, չի թևածում օդում, նշանակում է` շարունակում են վտանգված մնալ մարդու, հասարակության, պետության շահերը:

«Ակնհայտ է, որ ամենից լավ պրոֆիլակտիկան` հանցագործությունների բացահայտումն է և պատժի անխուսափելիության ապահովումը: Ընդ որում` երկու խնդիր կա. մեկը վերաբերում է հանցագործությունների բացահայտման և քննության փուլերին, որ օպերատիվ և քննչական մարմինները պարտավոր են իրականացնել ժամանակին ու որակյալ, և երկրորդ խնդիրը` դատավճռի կայացումն է ու դրա ի կատար ածումը: Մենք երկու պարագաներում էլ խնդիրներ ունենք և այլևս չենք կարող հանդուրժել դրանց գոյությունը»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը` նշելով, որ  այդ ուղղությամբ որոշակի ուսումնասիրություններ են կատարվել, որոնք Նախագահի օգնական Գեորգի Կուտոյանը կներկայացնի խորհրդակցության մասնակիցներին:

Դատաիրավական ակտերի կատարման գործընթացի վերաբերյալ Նախագահի օգնականի զեկույցից հետո, ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահը և ՀՀ արդարադատության նախարարը ներկայացրել են նախորդ խորհրդակցությունների արդյունքում քննարկված խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը:

Խորհրդակցության ավարտին Նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի կապակցությամբ իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:

Այս խորագրի վերջին նյութերը