Լրահոս

25.08.2011 15:02


Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտո¬նեական լիազորությունները

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից օգոստոսի 24-ին նյութեր է ստացել՝ ՀՀ մարզերում ճանապարհային ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար հատկացված վառելիքը  ՀՀ ոստիկանության Ճանա­պարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից յուրացնելու վերաբերյալ:

Նյութերի ուսումնասիրությամբ, մասնավորապես, պարզվել է, որ ՀՀ ոստիկանության Ճանա­պարհային Ոստիկանության 2-րդ  սպայական գումարտակի նախկին հրամանատարը, չարաշահելով պաշտո­նեական լիազորությունները, ՀՀ մարզերում Ոստիկանության աշխատանքները կազմակերպելու համար իր ենթակայության տակ գտնվող առանձին վաշտերին հասանելիք և իրեն վստահված շուրջ 277.000 լիտր բենզինից ըստ նպատակի հատկացրել է  121.000 լիտրը, իսկ տարբերությունը՝ յուրացրել:

Ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում օգոստոսի 25-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական  օրենսգրքի 308-րդ հոդվածի  2-րդ մասով  և 179-րդ  հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, կազմվել է քննչական խումբ և կատարվում է նախաքննություն:

Նույն օրը ՀՀ հատուկ քննչական ծառայությունը ՀՀ ոստիկանությունից ստացել է նաեւ հարուցված քրեական գործ՝ օրենքի խախտմամբ, առանց թեստավորման եւ քննություն հանձնելու,  վարորդական իրավունքի վկայական տրամադրելու, ճանապարհային ոստիկանության առանձին պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու վերաբերյալ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչության նախապատրաստած նյութերի հիման վրա ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչությունում դեռեւս 2011 թվականի  օգոստոսի 4-ին հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ եւ 38-311-րդ հոդվածների 2-րդ մասերով:

ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նշված քրեական գործը օգոստոսի 24-ին ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ նախաքննությունը շարունակվում է  հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթում:

ՀՀ հատուկ քննչական ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը