Լրահոս

23.08.2011 17:51


Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի հիմնահարցերը և պետական քաղաքականությունը Հայաստանում

Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը սույն թվականի հուլիսի 13-ին ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանի ստորագրությամբ ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործառույթների վերաբերյալ վերլուծության օրինակը, որը համադրել է վերոնշյալ բաժինների կանոնադրական գործառույթների հետ և համադրության արդյունքում ԱԺ պատգամավոր Անահիտ Բախշյանը պարզել է, որ

-         Վերոնշյալ վերլուծության մեջ ոչ մի խոսք չկա ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների 2010 թվականի հուլիսին ՀՀ տարածքային կառավարման և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների համատեղ հրամանով հաստատված կանոնադրությամբ սահմանված մարզում ընտանիքի, կանանց, և երեխաների սոցիալական պաշտպանությանն ուղղված պետական նպատակային ծրագրեի մշակման և դրանց կատարման ապահովման մասին,

-         հաշվետվություններում ընդհանուր բառերով գրված են միայն տեղական և միջազգային բարեգործական հասարակական կազմակերպությունների կողմից իրականացված ծրագրերը և ոչ մի խոսք այն մասին, թե բաժիններն իրենց կանոնադրությամբ սահմանված երեխայի իրավունքների պաշտպանությանն ուղղված ինչ գործառույթներ են իրականացրել: Ավելին` վերոնշյալ կազմակերպությունների իրականացրած ծրագրերի ճնշող մեծամասնությունը ոչ թե զարգացման, այլ հումանիտար օգնության ծրագրեր են, որոնցով խորացնում են ընտանիքներում “մուրացիկի” արմատացող հոգեբանությունը,

-         որոշ մարզպետներ հաշվետվություններում նշում են հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքներին իրենց կողմից տրված դրամական օգնության մասին, որը բաժինների կանոնադրությամբ որպես գործառույթ սահմանված չէ,

-         հաշվետվություններում ներկայացված տեղեկությունները գրված են շատ ընդհանուր և արժանահավատ չեն,

-         երեխայի իրավունքների պաշտպանության որևէ մարզի բաժին, իր կանոնադրական գործառույթների պահանջներից ելնելով, հաշվետվության մեջ չի ներկայացրել, թե մարզում հանրակրթությունից դուրս մնացած քանի երեխա են հայտնաբերել, և նրանցից քանիսին են օգնել ընդգրկվել կրթության մեջ, քանի մանկուց հաշմանդամ երեխա կա, նրանցից քանիսն են ընդգրկված կրթական հաստատություններում, ներառական դպրոցներում, քանիսը` ոչ, քանի առանց ծնողական խնամքի մնացած երեխա կա մարզում, քանիսն են ուղղորդվել մանկատուն և/կամ գիշերային խնամքի կենտրոն և ուղեգրման քանի դեպք է կանխարգելվել, քանիսն են վերադարձել ընտանիք, ինչ քայլեր են ձեռնարկվում խնամատար ընտանիքների ցանցի ընդլայնման ուղղությամբ, քանի անձ է խնամատար ծնող դառնալու ցանկություն հայտնել, առանց ծնողական խնամքի մնացած երեխաներից քանիսն ունեն բնակարանի կարիք և այլն:

Քանի որ վերոնշյալ փաստաթղթի քննարկման մասին լուրը տարածվել էր ՀՀ Տարածքային կառավարման նախարարության կողմից, որտեղ քննարկվել է փաստաթուղթը,  ապա ԱԺ կանոնակարգ ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի համաձայն` խնդրում եմ ՀՀ փոխվարչապետ պարոն Արմեն Գևորգյանին հրապարակել, թե վերոնշյալ քննարկման ժամանակ.

- տարածքային կառավարման նախարարությունում ի՞նչ գնահատականի է արժանացել ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության ներկայացրած վերլուծությունը,

- այդ փաստաթղթի հիման վրա ի±նչ եզրակացություն է արվել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմերի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինների գործունեության մասին` ըստ մարզերի և Երևանի,

- ո՞ւմ և ի՞նչ հանձնարարականներ են տրվել,

- արդյո±ք ժամանակը չէ, որ, ներկա իրավիճակից ելնելով, ՀՀ Ազգային ժողովն ու Կառավարությունը վերանայեն երեխաների իրավունքների պաշտպանության առկա բաժինների անօգուտ գործունեությունն ու ստեղծեն երեխաների իրավունքների պաշտպանի անկախ ինստիտուտ` ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակին առընթեր:

«Ժառանգություն» կուսակցություն

Այս խորագրի վերջին նյութերը