Լրահոս

14.01.2011 11:02


Արդյոք ֆուտբոլասեր Եգոր Սվիրդովի քառասունքի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք երթն առանց միջադեպի՞ կանցնի

Արդյոք ֆուտբոլասեր Եգոր Սվիրդովի քառասունքի կապակցությամբ Մոսկվայում կայանալիք երթն առանց միջադեպի՞ կանցնի

 Ի հիշատակ կովկասցիների հետ ծեծկռտուքի հետևանքով մահացած՝ «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրդովի՝ «Յաբլոկո» կուսակցությունը հունվարի 15-ին Կրոնշտադի պուրակում արտոնված երթ է անցկացնելու։ Այս մասին  «Эхо Москвы» ռադիոկայանի եթերում հաղորդել  է կուսակցության ներկայացուցիչ Արթուր Գրոխովսկին։

Գրոխովսկու խոսքերով՝ «Յաբլոկո» կուսակցությունը դեկտեմբերի 11-ին Մանեժի հրապարակում տեղի ունեցած անկարգությունները որակել է որպես Ռուսաստանի երիտասարդության ձախողում։

-Չնայած այն բանին, որ նախագահն ասաց, թե այդ տղաներին հնարավոր չէ վերադաստիարակել,  մենք որոշել ենք փորձել,-ասել է նա։

«Յաբլոկո» կուսակցության պաշտոնական կայքում տեղադրված է կուսակցության ղեկավար Սերգեյ Միտրոխինի կոչը բոլոր նրանց, ովքեր մտադիր են մասնակցել երթին։

-Երկրպագուները չպետք է աջակցեն ազգայնամոլներին, ովքեր մահը վերածում են քաղաքական կապիտալի,-ասված է Միտրոխինի կոչում։

 «Յաբլոկո»-ն մասնակիցներին խնդրել է իրենց հետ որևէ խորհրդանիշ չբերել ու ազգայնամոլական կարգախոսներ չբղավել։

Ըստ «Коммерсант» թերթի՝ ակցիային մասնակցելու համար իենց պատրաստակամությունն են արդեն հայտնել ազգայնամոլական շարժումների, մասնավորապես Անօրինական ներգաղթի դեմ շարժման (ДПНИ) ներկայացուցիչները։ Հնարավոր է՝ երթին մասնակցի նաև Դմիտրի Դեմուշկինը՝ ազգայնամոլական «Սլավոնական ուժեր» կազմակերպության ղեկավարը։

«Յաբլոկո» կուսակցությունը միջոցառման անցկացման մասին իշխանություններին իրազեկել է դեկտեմբերի 31-ին, իսկ հունվարի 11-ին քաղաքի ղեկավարությունը արտոնել է երթը՝ մասնակիցների թիվը սահմանափակելով մինչև 4 500։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ հանրահավաք անցկացնելու  դիմում  էր ներկայացրել նաև «Սպարտակ» թիմի երկրպագուների մի շարժում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին կովկասցիների հետ ծեծկռտուքի ժամանակ կրակել էին «Սպարտակ» ֆուտբոլային թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովի գլխին։ Սպանության կասկածանքով մի քանի օր անց ձերբակալվել էր Ասլան Չերկեսովը։ Ազգայնամոլներն էլ առիթը չէին կորցրել ու ֆուտբոլասերի սպանությունը դատապարտող հանրահավաքի անվան տակ օրեր շարունակ զանգվածային անկարգություններ էին հրահրել Մոսկվայի կենտրոնում։

Այս խորագրի վերջին նյութերը