Լրահոս

22.08.2011 16:20


Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հարձակում է եղել

Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հարձակում է եղել

Թբիլիսիի հայկական Սուրբ Էջմիածին եկեղեցու վրա վանդալային հերթական հարձակումն է եղել, որն, ի դեպ, 2 ամիս առաջ վերաօծել էր Գարեգին Երկրորդը Վրաստան կատարած հովվապետական այցի ժամանակ։ Այս մասին տեղեկացնում է «ԵրկիրՄեդիան»։

Օգոստոսի 19-ի երեկոյան Թբիլիսիում Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցի են մտել ազգությամբ վրացի 2 երիտասարդ՝ ամենայն հավանականությամբ՝ հարբած, և լկտի ու անհարգալից պահվածք դրսևորել: Հոգևոր հայրերն այդ ժամանակ բացակայել են: Եկեղեցում են եղել միայն 2 կին աշխատակցուհիները, մոմավաճառն ու հավաքարարը: Երիտասարդներից մեկը շատ ագրեսիվ է պահել իրեն: Նա մոտեցել է խորանի մոտ դրված Սուրբ Գրքին, սկսել կոպիտ շարժումներով թերթել այն, ինչի հետևանքով էջերից մեկը պոկվել է: Չբավարարվելով այս ամենով՝ նա բազմել է եպիսկոպոսական գահին: Եկեղեցում գտնվող կանայք փորձել են կարգի հրավիրել սանձարձակին և դուրս են արել նրանց: Վերջիններս պոկել են եկեղեցու դռներին կախված հայտարարությունները և ցուցադրաբար այրել դրանք:

Ինչպես տեղեկացրել է Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, իրենք դիմել են ոստիկանություն: Առաջնորդարանը պատրաստվում է դիմել Վրաստանի ներքին գործերի նախարարություն և պետական այլ կառույցների, ինչպես նաև բողոքի նոտա փոխանցել Վրաց ուղղափառ եկեղեցուն: Վազգեն եպիսկոպոսի համոզմամբ՝ վրաց երիտասարդների այս արարքը հետևանք է հուլիսի 5-ին Վրաստանի օրենսդրության մեջ կատարված փոփոխության, ինչը նախատեսում է իրավական կարգավիճակ երկրի կրոնական փոքրամասնություններին: Դրանից հետո սկիզբ առավ հակահայկական շարժում, որը մինչ օրս չի դադարում: Վիրահայոց հոգևոր առաջնորդի խոսքերով՝ սա նաև արդյունք է վրաց ուղղափառ եկեղեցու որոշ հոգևորականների ծայրահեղ և ազգայնամոլ քարոզչության, որի հետևանքները վիրահայությունը զգում է նաև կենցաղային մակարդակում:

Սուրբ Էջմիածին եկեղեցում կատարվածի կապակցությամբ Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմն առաջիկայում հանդես կգա նաև հայտարարությամբ: Մինչ այդ կատարվածի մասին բանավոր հաղորդվել է Վրաստանի հանրային պաշտպանին: Նշենք, որ մեկ ամիս առաջ էլ Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցու մոտակայքում գտնվող հյուրանոցի պատին անհայտ անձինք հայերի հասցեին հայհոյանքներ էին գրել:

Այս խորագրի վերջին նյութերը