Լրահոս

10.08.2011 20:48


Ստեփան Սաֆարյանի նամակը Երևանի քաղաքապետին

Ստեփան Սաֆարյանի նամակը Երևանի քաղաքապետին

10 օգոստոսի 2011

ԺԽ-Ե-0479/11

Պարոն Կարեն Կարապետյանին

Երեւանի քաղաքապետ

Երեւան, Հայաստանի Հանրապետություն

Հարգելի պարոն քաղաքապետ,

Սույն թվականի օգոստոսի 2-ին «Ժառանգություն» խմբակցության անունից Ձեզ էի դիմել Երեւանի քաղաքապետարանում Փափազյան փողոցի մայթեզրյա, ինչպես նաեւ` Երեւան քաղաքի այլ վարչական տարածքներում տեղադրված կրպակների ապամոնտաժման հարցի քննարկում կազմակերպելու առաջարկով:

Օգոստոսի 8-ին «Ժառանգության» պատգամավորներ Անահիտ Բախշյանի, Արմեն Մարտիրոսյանի եւ իմ հետ Ձեր ունեցած կարճատեւ հանդիպման ընթացքում Դուք բանավոր կարգով հայտնեցիք, որ քաղաքապետարանում կնշանակվի հարցի քննարկում, որի օրվա ու եւ իմ 02.08.2011թ. ԺԽ-Ե-0473/11 գրության մեջ բարձրացված մյուս հարցերի գրավոր պատասխանը սահմանված կարգով կուղարկվի Ազգային Ժողով:

Իսկ այդ գրության մեջ մենք առաջարկել էինք քաղաքապետարանում հարցի քննարկման ժամանակ, ի թիվս այլ լուծումների, դիտարկել նաեւ կրպակների հողերի վարձակալության պայմանագրերը եւ դրանց գործողության ժամկետը (դրանք ոչ բոլոր վարձակալների պարագայում են նույնական, բայց ոչ նրանց մեղքով) բոլորի համար միատեսակ դարձնելը: Մասնավորապես, պայմանագրերի ժամկետների հետ կապված առաջարկել էինք, որպեսզի դրա համար հիմք ընդունվի «Երեւանի քաղաքապետի որոշումների հիման վրա վարձակալության պայմանագրի ժամկետների կանոնակարգման մասին» Երեւանի քաղաքապետի 22 նոյեմբերի 2006թ. թիվ 2005-Ա որոշումը, որի 2.1.կետով անորոշ ժամկետով վերակնքված պայմանագրերի գործողության հնարավոր առավելագույն ժամկետ է ամրագրված 2015թ-ի դեկտեմբերի 31-ը (դա բխել է ՀՀ Կառավարության 24,11,2005թ. հ. 2093-Ն որոշման 5-րդ կետի պահանջներից): Մեր սպասումներով` հարցի քննարկման ժամանակ հնարավոր կլիներ կամ կլինի քննարկել ինչպես այդ, այնպես էլ` այլ ժամկետներ ու լուծումներ:

Այսօր, Փափազյան փողոցի 3 կրպակների ապամոնտաժման օրը (ինչպես Արաբկիր վարչական շրջանի ղեկավարը պարզաբանեց` դրանցից 2-ի վարձակալները ընդունել են իր առաջարկը եւ կանխավ համաձայնել են ապամոնտաժմանը, իսկ երրորդը` չգործող կրպակ էր), Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Է.Մուշեղյանի հետ հանդիպման ընթացքում ինձ փոխանցվեց «Ժառանգությանը» վերոհիշյալ գրության պատասխանի պատճեն: Դրանում ոչ միայն հիշատակում չկա հարցի քննարկման օրվա մասին (առայժմ ենթադրենք, որ դրա մասին այլ գրությամբ կտեղեկացվեք), այլեւ մի անդրադարձ կա վերոնշյալ առաջարկի կապակցությամբ:

Հանուն արդարության նշեմ, մենք առավելապես սպասում էինք, որ դրան անդրադաձ կլիներ նշանակվելիք քննարկման ընթացքում (ինչի համար էլ այն կանխավ ներկայացրել էինք քննարկման ընթացքում դրա շուրջ ավելի պատրաստված զրուցելու նկատառումով): Իսկ այսօրվա Ձեր պատասխանում մասնավորապես դրա առանչությամբ մենք ընթերցեցինք Ձեր այն պարզաբանումը, որ քաղաքապետի նշված որոշման մեջ հիշատակված առավելագույն վերժնաժամկետը «պարտադրող բնույթ չունի»:

Մենք ի սկզբանե տեղյակ էինք դրա ոչ պարտադրող բնույթի մասին, եւ թերեւս այդ պատճառով էլ ցանկանում էինք նաեւ այդ տարբերակը քննարկման դնել իբրեւ ստեղծված պայթյունավտանգ իրավիճակի լուծումներից մեկը: Հուսանք` մենք դեռ հնարավորություն կունենաք քննարկելու այդ տարբերակը:

Իսկ Փափազյան փողոցում ապամոնտաժված 3 կրպակների ապամոնտաժումը, առաջիկա օրերին մյուս կրպակների ենթադրվող ապամոնտաժման հեռանկարը, որոնց վարձակալները դեմ են, ի հավելումն այդ ամենի` այսօր ստացված պատասխան գրության մեջ արծարծված հարցերը ինձ հարկադրում են անդրադառնալ հետեւյալ հարցերին:

1. Ապամոնտաժման գործողությունների հիմքը: Մամուլով եւ հրապարակավ ոչ միայն վարձակալներն ու սեփականատերերը, այլ նաեւ մենք բազմիցս ցանկություն ենք հայտնել ծանոթանալ Երեւանի քաղաքային իշխանությունների կամ համապատասխան պաշտոնյայի գրավոր որոշմանը, որի հիման վրա կատարվում են զանգվածային ապամոնտաժումներ: Այսօր առավոտյան էլ Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Անտոնյանը չկարողացավ մեզ` պատգամավորներիս եւ կրպակատերերին ներկայացնել իրենց գործողությունների համար հիմք մատնանշված այդ հանձանարականը: Մինչդեռ նրա ստորագրությամբ հուլիսի 27-ին կրպակների վարձակալներին ու սեփականատերերին ներկայացված ծանուցումների մեջ հիշատակվում է Ձեր 14.06.2011թ. թիվ 342144 հանձնարարականը:

Քաջատեղյակ եք, որ քաղաքացին իրավունք ունի տեղեկանալ իր վերաբերյալ պաշտոնատար անձանց եւ պետական մարմինների կայացրած բոլոր որոշումներին: Եթե անգամ առկա է կրպակների ապամոնտաժման որոշում, ապա քաղաքային իշխանությունները կամ նրանց ներկայացուցիչները ծանուցում ուղարկելիս պետք է դրան կցեին նաեւ համապատասխան նորմատիվ ակտը, տվյալ պարագայում` Ձեր հանձնարարականի պատճեն: Ոչ միայն դա չի արվել, այլեւ մինչեւ օրս ոչ նրանց, ոչ մեզ չի տրամադրվել նշված հանձնարարականը, թեպետ, տեղյակ ենք, որ կրպակատերերը եւս մեկ նամակով գրավոր դիմել են դա ստանալու համար:

Ձեր գիտության համար հայտնեմ, որ օգոստոսի 8-ին` քաղաքապետարանի առեւտրի եւ սպասարկումների վարչության մասնագետը ինձ տեղեկացրել է, որ Երեւանի քաղաքապետի խնդրո առարկա 14.06.2011թ. թիվ 342144  հանձնարարականը կրպակների գույքագրման մասին է: Այդպիսի տպավորություն եմ ստանում նաեւ Ձեր ուղարկած գրությունից (թեպետ հղում չեք կատարում հանձնարականին կամ չեք կցել դրա պատճենը), որտեղ նշվում է. «Ներկայումս գույքագրվում եւ ուսումնասիրվում են Երեւան քաղաքի փողոցներում, պողոտաներում, ընդհանուր օգտագործման այլ տարածքներում տեղադրված տաղավարների, կրպակների եւ ժամանակավոր այլ շինությունների թվաքանակի կրճատման, դրանց հետագա գործունեության նպատակահարմարության եւ օրինականության հարցերը, կատարվում են փուլային ապամոնտաժման աշխատանքներ, որի նպատակն է մայրաքաղաքն ազատել տարերայնորեն տեղադրված, ճարտարապետական տեսքն աղավաղող ժամանակավոր շինություններից»:

Մեծագույն շահագրգռությամբ կցանկանայինք, որպեսզի նախ տրամադրվեր այդ հանձնարարականը, ապեւ` տեղեկացվեինք Ձեր մատնանշած գույքագրման, քաղաքում տեղադրված կրպակների վիճակի կապակցությամբ հանձնարարված ուսումնասիրության արդունքներին, ինչպես նաեւ` այն հիմնավորումներին, թե ի՞նչն է դրդում քաղաքային իշխանություններին կրճատել կրպակների թիվը, ինչպե՞ս եւ ե՞րբ է քննարկվել դրանց հետագա գործունեության եւ օրինականության հարցերը (չէ որ հենց այս ամենի համար էինք առաջարկում հարցը քննարկել քաղաքապետարանում): Իբրեւ մասնավոր օրինակ, Փափազյան փողոցի դեպքում գործ ունենք ոչ թե տարերայնորեն տեղադրված կրպակների, այլ մայթեզրին տեղադրված կրպակաշարի հետ: Եթե դրանք աղավաղում էին/են քաղաքի ճարտարապետական տեսքը, ապա կարելի էր պահանջել, որպեսզի կրպակատերերը իրենց ներկայիս կրպակները փոխարինեն տիպայիններով: Հետեւաբար մեզ համար անհասկանալի են մնում ոչ միայն ապամոնտաժման գործողությունների օրինականության, այլեւ տրամաբանության, փուլայնության հարցերը, եթե հանրությանը եւ մեզ չեն ներկայացվել համալիր գույքագրման, ուսումնասիրության արդյունքները, ապամոնտաժման ենթակա կրպակների վարձակալներին չեն առաջարկվել այլընտրանքային լուծումներ, եւ հարցի պահանջված քննարկումն էլ տեղի չի ունեցել:

2. Իրավական թերի, թե ապօրինի փաստաթղթեր: Դուք Ձեր այսօրվա գրության մեջ նշում եք, որ «սկզբնական փուլում ապամոնտաժվել են իրավական թերի հիմքեր ունեցող եւ լքյալ, չգործող ժամանակավոր շինությունները»: Մի կողմ եմ թողնում լքյալ ու չգործող կրպակների պարագան եւ անդրադառնամ “իրավական թերի հիմքերով կրպակներին”, որոնցից որոշների համար նախկինում Երեւանի թաղապետարանների տրամադրած թույլտվությունների գործողության ժամկետը չի ավարտվել ու նաեւ դրանք են հայտնվել ապամոնտաժման սպառնալիքի տակ` ինչպես այսօր Փափազյան փողոցի կրպակներից շատերը: Կցանկանայի, որպեսզի հստակություն մտցնեինք “իրավական թերի հիմքերով կրպակներ” ձեւակերպման համար:

Կարծում եմ` չեք առարկի, որ այդ հիմքերը թերի են նախկին քաղաքային իշխանությունների մեղքով, ովքեր այդ փաստաթղթերն են տրամադրել վարձակալներին` որպես օրինական ձեւ: Եթե դրանք թերի են, ապա տրամաբանությունը հուշում է, որ պետական ատյանները պետք է լրացնեն իրենց իսկ բացթողնման արդյունքում առաջացած թերությունը, ինչից էապես տուժում են վարձակալները (քաղաքային իշխանությունների կողմից անգամ չի քննարկվում նրանց փոխհատուցում տրամադրելու տարբերակը, ինչն արվում է լիարժեք հիմքերով եւ ոժ ունեցող վարձակալության պայմանագրերի դեպքում):

Իսկ եթե դրանք օրինական չեն ու ուժ չունեցող են, ապա այդ դեպքում դրանք տրամադրած նախկին ու ներկա պաշտոնյաները պետք է ենթարկվեն պատասխանատվության: Առաջարկում եմ Ձեզ` միասին դատական կամ այլ եղանակով նախ պարզել նշված հիմքերի թերության պատճառների հարցը, պատասխանատվության կանչել իրավասու պաշտոնյաներին, ովքեր փաստացի վնաս են պատճառել մեր համաքաղքացիներին: Եւ եթե պարզվի, որ անկախ այդ գործընթացի ելքից, կրպակները պետք է ապամոնտաժվեն, ապա նոր իրականացնել ապամոնտաժումը:

Իսկ եթե մենք թաղապետարանի կնիքով ու պատասխանատու պաշտոնատար անձի ստորագրությամբ փաստթղթերը ընդամենը “իրավական թերի ենք” անվանելու` սոսկ նախկին քաղաքապետին ու թաղապետերին (որոնցից որոշները պաշտոնավարում են նաեւ այժմ իբրեւ վարչական շրջանի ղեկավարներ) պատասխանատվությունից ազատելու համար, եւ ապամոնտաժելու ենք նրանց գործողություններից տուժած վարձակալների կրպակները, ապա մեկնաբանություններն ավելորդ են դառնում եւ դրանից արվելիք հետեւությունները թողնում եմ Ձեզ:

Թույլ տվեք նամակս ավարտել վերը նշված մի մտքի կրկնությամբ. եթե մենք իսկապես իրավական առումով թերի ենք համարում այդ փաստաթղթերը, ապա դա լուծելի խնդիր է եւ չպետք է պատրվակ դառնա թերացումն ու բացթողումն ուղղելու փոխարեն կրպակների թիվը մեզ համար անհայտ հիմնավորումներով կրճատելու համար:

Քննարկման սպասումով եւ համագործակցության պատրաստակամությամբ`

Ստեփան Սաֆարյան

«Ժառանգություն» խմբակցության ղեկավար

Այս խորագրի վերջին նյութերը