Կարծիք

08.08.2011 19:23


Ժողովրդին խաբելը շատ վա՞տ բան է

Ժողովրդին խաբելը շատ վա՞տ բան է

Այսօր Կոնգրեսի առաջնորդները պնդում են, որ «երկխոսությամբ» հասնելու են արտահերթ ընտրությունների: Ճիշտ է, շատ անգամ չեն էլ շեշտում, թե իրենք ձգտում են նախագահակա՞ն, թե՞ խորհրդարանական արտահերթ ընտրությունների: Իհարկե, նրանք, ովքեր նման մտքեր են հայտնում, չեն էլ բարեհաճում բացել փակագծերը եւ ասել, թե այդ ինչպես են հաջողացնելու Դավիթ Հարությունյանին համոզել, որ նա գնա եւ Սերժ Սարգսյանին համոզի կամ պարտադրի ստորագրել իր հրաժարականի դիմումը կամ նշանակի խորհրդարանական արտահերթ ընտրություններ:

Իսկ չեն բացում փակագծերը, քանի որ բացելու հնարավորություն էլ չունեն: Դպրոցականներին էլ պարզ է, որ երկխոսություն կոչվածը ցածրակարգ թատրոն է, որի մասնակիցներն էլ ցածրակարգ դերասաններ են:

Մի պահ ճիգեր գործադրեք, ազատվեք Տեր-Պետրոսյանի ազդեցությունից եւ ինքներդ ձեզ հարց տվեք, թե ինչպես են հասնում արտահերթ ընտրությունների: Մի՞թե ամռանը երկու խայտառակ հանրահավաք անցկացնողներին իշխանությունները կարող են լուրջ վերաբերվել: Իհարկե` ոչ: Եւ վերջին հաշվով լսեք կամ կարդացեք, թե ինչ է ասում Տեր-Պետրոսյանը. «Երկխոսությունը՝ երկխոսություն, սակայն, անտարակույս, բոլորին հետաքրքրում է ոչ թե սոսկ նրա կայացման փաստը, այլ բուն բովանդակությունը։ Մենք բացեիբաց ու բազմիցս հայտարարել ենք, որ երկխոսությունից ընդամենը մեկ արդյունք ենք սպասում, այն է՝ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում՝ որպես ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման եւ երկիրը նորանոր կորուստներից փրկելու միակ միջոց, կարեւորելով մանավանդ ժամանակի գործոնը։ Այսինքն, իշխանության հետ ընթացող բանակցություններին մենք մասնակցում ենք երկրում կուտակված ծանրագույն խնդիրների լուծման կոնկրետ առաջարկով։ Եթե իշխանական պատվիրակությունն ունի այդ տիպի խնդիրներին, ինչպես օրինակ, ժողովրդի սոցիալական վիճակի բարելավմանը, տնտեսության առողջացմանը, կոռուպցիայի վերացմանը, արտագաղթի կանխմանը, մարտի 1-ի սպանությունների բացահայտմանը, դատարանների անկախության ապահովմանը վերաբերող այլ լուծումներ, մենք պատրաստ ենք քննարկել դրանք»։

Ահա այսպես Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին հուշում է, թե ինչպես պետք է խուսափեն արտահերթ ընտրություններին վերաբերող հարցերից: Մի օր էլ Դավիթ Հարությունյանը բացելու է թղթապանակը եւ առաջարկելու է քննարկել մարտի 1-ի ոճրագործության, արտագաղթի կամ ընտրացուցակների հարցերը: Իսկ թղթապանակը բացելուց հետո վերոհիշյալ հարցերից յուրաքանչյուրը կարելի է քննարկել առնվազն կես տարի: Իսկ կես տարի հետ արդեն կսկսվի հերթական խորհրդարանական ընտրությունների նախընտրական արշավը: Իսկ երբ որեւէ միամիտ ՀԱԿ-ական հանդգնի Տեր-Պետրոսյանին ասել` իսկ արտահերթ ընտրությունները, ապա նա հանգիստ կարող է ասել, թե դեռ 2011թ. օգոստոսի սկզբներին, 42 աստիճան տաքության պայմաններում ասել է, որ հանուն մեր պետականության հեղինակության պատրաստ է քննարկել այս հարցերը: Իսկ եթե պատրաստ է եւ քննարկում է, ապա այդ ընթացքում արտահերթ ընտրություններից խոսելն էլ անբարոյականություն կլիներ:

Տեր-Պետրոսյանի համար դժբախտություն է, որ մինչ օրս նման առաջարկություններ չեն եղել, բայց նա անկարող է հանգիստ լինել` կլինեն նաեւ նման առաջարկներ եւ մեր պետության վարկանիշն ավելի կբարձրանա:

Հետաքրքիր է, ինչպես է նա նման մտքեր հայտնում եւ նայում մարտի 1-ի զոհերի հարազատների աչքերին, նրանց աչքերին, ովքեր հետապնդվում էին եւ քաղբանտարկյալներ դարձան: Վերջին հաշվով, եթե Տեր–Պետրոսյանն առաջնորդվում է մեր երկրի համար կեղծ դրական կերպար ստեղծելով, ապա 2008–ի փետրվարի 19-ին կարող էր նետվել Սերժ Սարգսյանի գիրկը եւ Արթուր Բաղդասարյանից առաջ ինքը շամպայն խմել: Ի՞նչն է փոխվել այս երեք տարիների ընթացքում: Ոչինչ: Պարզապես երբ երկրում քաղաքացիական հասարակություն չկա, ապա իրենց քաղաքական գործիչ համարողներն էլ կարող են այս աստիճան ցինիկանալ եւ ծաղրել ժողովրդին:

«Թեեւ արտահերթ ընտրությունների անցկացման անհրաժեշտությունը ես հանգամանորեն հիմնավորել եմ իմ նախորդ ելույթներում, ավելորդ չեմ համարում կրկին անդրադառնալ դրան, այս անգամ, սակայն, խնդրին մոտենալով հակառակ կողմից, այսինքն ելակետ ընդունելով այն հարցը, թե ինչ տեղի կունենա, եթե մենք հասնենք հերթական ընտրությունների։ Ըստ էության, ոչինչ տեղի չի ունենա, կամ ավելի ճիշտ, ոչ մի բան չի փոխվի»,- օգոստոսի 2-ի հանրահավաքում ասել է Տեր-Պետրոսյանը եւ չի ասել, թե ինքը եւ իր գլխավորած շարժումն ինչ կանեն, եթե իշխանությունները հրաժարվեն արտահերթ ընտրություններից:

Իրականում, Տեր-Պետրոսյանը ամեն ինչ անում է, որ Սերժ Սարգսյանն ամրապնդիր իր դիրքերը՝ դրանով իսկ ծանր հարված հասցնելով մեր երկրին: Վարչախումբն ավելի քան պարզ ասում է, որ ինքը չի պատրաստվում գնալ արտահերթ ընտրությունների: Իսկ Կոնգրեսի ղեկավարներն էլ հասկանալով դա շարունակում են տաքացնել իրենց սակավաթիվ կողմնակիցներին, մինչեւ գարուն գոնե հանրահավաք անելու հնարավորությունը պահպանելու համար, որ «բազարների» ժամանակ կարողանան մի երկու պատգամավորական տեղ պոկեն: Բայց իրականությունն այնպիսին է, որ կոնգրեսն այդ տեղերն էլ չի ստանալու: Բնությունն իր օրենքներն ունի:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը