Լրահոս

04.08.2011 18:17


Հայ ազգային կոնգրեսի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսը հուլիսի 19-ին ներկայացրել էր պահանջներ, որոնց իրականացումը կստեղծեր բարենպաստ պայամաններ եւ մթնոլորտ երկխոսության համար: Եթե ուղիղ եթերով երկխոսության հեռարձակման կամ Կոնգրեսին ամեն ռաունդից հետո կես ժամ ուղիղ եթեր տրամադրելու պահանջների կատարումը կլիներ ուղղակի բարի կամքի դրսեւորում, ապա Հանրային հեռուստատեսությամբ եւ մյուս հեռուստաալիքներով Կոնգրեսի հանրահավաքների մասին իրազեկող նյութերի հեռարձակման արգելքի վերացումը, ինչպես նաեւ հանրահավաքներից առաջ իրավապահ մարմինների կողմից բնակչության ահաբեկման, տարաբնույթ խոչնդոտների հարուցման, մասնավորապես հանրային եւ այլ տրասնպորտային միջոցների աշխատանքի կազմալուծման դադարեցումը Սահմանադրության եւ օրենքներից բխող պահանջ է, որը պետք է կատարվեր ցանկացած օրինապաշտ իշխանության կողմից:

Պարզվում է սակայն, որ անգամ ընթացող երկխոսության պայմաններում իշխող կոալիցիան շարունակում է դրսեւորել արհամարանք Հայաստանում գործող Սահմանդրության եւ օրենքների նկատմամբ, խախտում քաղաքացիների` ազատորեն տեղեկություններ տարածելու իրավունքը, խոչնդոտում մասնակցել հանրահավաքներին, ազատ տեղաշարժվել Հայաստանի տարածքում: Դրա վկայությունն է Հայ Ազգային Կոնգրեսի օգոստոսի 2-ի հանրահավաքի նախօրեին ոստիկանության հարձակումը հանրահավաքի մասին իրազեկում իրականացնող երիտասարդների վրա, ինչի մասին անմիջապես տեղեկացվել է իշխանության պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանը: Դրա վկայությունն է նաեւ հանրահավաքի օրը Հայաստանի մարզերում տրանսպորտի միջոցների աշխատանքի համատարած կազմալուծումը, որի մասին եղան բազմաթիվ հրապարակումներ Հայաստանյան լրատավական միջոցներում եւ որոնց մասին մեր կառույցների միջոցով հավաքված տվյալները նույնպես այսօր փոխանցում ենք իշխանության պատվիրակությանը:

Իշխանության նման կեցվածքը խորացնում է կասկածները, որ Կոալիցիան իրականում զբաղված է երկխոսության իմիտացիայով եւ ընդունակ չէ հանուն երկրի ժողովրդավարացման եւ քաղաքական առճակատման լիցքաթափման իրականացնել անգամ ընդդիմության այն առաջարկները, որոնք ուղղակիորեն բխում են Սահամանադրության եւ օրենքների պահանջներից: Հարց է ծագում. եթե բանակցությունների սեղանին նստած իշխանական կոալիցիան ի վիճակի չէ ապահովել օրենքի տարրական պահանջների կատարումը երկխոսության համար բարենպաստ պայմաններ ստեղծելու եւ գոնե նման փոքր հարցերում ընդդիմությանը եւ հասարակությանն ընդառաջ գնալու նպատակով, ինչպես՞ կարելի է ակնկալել, որ նման իշխանության հետ հնարավոր է համաձայնության գալ երկրում բախտորոշ համակարգային փոփոխություններ կատարելու շուրջ, որոնք իշխանություններից շատ ավելի մեծ համարձակություն եւ ճկունություն են պահանջելու:

Կոալիցիայի նման պահվածքը ծանր հարված է հասցնում իշխանությունների վստահելիությանը, լուրջ պայմանավորվածություններ ձեռք բերելու եւ կատարելու Կոալիցիայի կարողությանը, թունավորում երկխոսության շուրջ մթնոլորտը:

Հայ Ազգային Կոնգրեսի պատվիրակությունը պահանջում է Կոալիցիայի պատվիրակությունից անմիջապես ձեռնարկել քայլեր, որոնց հետեւանքով կպատժվեն վերոհիշյալ ապօրինությունների համար մեղավորները, կվերականգնվի վստահությունը երկխոսության գործընթացի վերաբերյալ եւ կդրվեն հիմքեր դրա արդյունավետության համար:

Այս խորագրի վերջին նյութերը